Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «, տեղական ինքնակառավարման մարմնի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա ղեկավարի» բառերը փոխարինել «ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի, համայնքի ղեկավարի, վարչական շրջանի ղեկավարի կամ նրանց տեղակալների» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա խնդիրը.
Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարել փոփոխություն` սահմանելով պետական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի, համայնքի ղեկավարի, վարչական շրջանի ղեկավարի կամ նրանց տեղակալների՝ լիազորագիր տալու իրավասությունը, այն համապատասխանեցնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված իրավական նորմերին:
2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա ղեկավարի` նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձեւով տրված լիազորագրով:
Օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանն իրենց իրավասության սահմաններում դատարանում ներկայացնում են պետական համապատասխան մարմինները` այդ մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի միջոցով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն որպես համայնքի ներկայացուցիչ` դատարանում իր իրավասության սահմաններում ի պաշտոնե հանդես է գալիս համայնքի ղեկավարը կամ նրա տեղակալը: Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաեւ Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են:
Այստեղից պարզ է դառնում, որ պետական մարմնի, Երեւանի քաղաքապետի, համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարների տեղակալները եւս ունեն լիազորագիր տալու իրավասություն, մինչդեռ գործող խմբագրությամբ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նրանց նման իրավասություն վերապահված չէ:
Հարկ ենք համարում նշել, որ նման իրավական կարգավորում առկա է նաեւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն որպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ դատարանում ի պաշտոնե հանդես է գալիս այդ մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը? Նույն օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից լիազորագիրը տալիս է նրա ի պաշտոնե ներկայացուցիչը` վերջինիս ստորագրությամբ եւ այդ մարմնի կնիքի դրոշմմամբ?
Միաժամանակ, Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում վարչական շրջանի ղեկավարն իրավունք ունեն դիմելու դատարան համայնքի շահերի պաշտպանության հայցով:
Հաշվի առնելով վերոգրյալը` Օրենսգրքում կատարվել է փոփոխություն՝ նախատեսելով պետական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի, Երեւանի քաղաքապետի կամ նրա տեղակալների, ինչպես նաեւ համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարների կամ նրանց տեղակալների՝ դատարանում հանդես գալու համար ներկայացուցչին լիազորագիր տալու լիազորություն?
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:
5. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.
Նախագծի շրջանակներում նախատեսվում է հստակեցնել քաղաքացիական դատավարությունում առկա օրենսդրական կարգավորումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 1149-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 սեպտեմբերի 2019 թվականի N 1149 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. սեպտեմբերի 6
Երեւան