Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-286-16.09.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարության անդամը» բառից հետո լրացնել հետեւյալ բառերը «, ինչպես նաեւ Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինները»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում «կառավարության անդամը» բառից հետո լրացնել հետեւյալ բառերը «, ինչպես նաեւ Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինները»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ իրավական ակտի ընդունման հետ կապված հանրային քննարկումը կազմակերպում է ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ կառավարության անդամը: Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ նորմատիվ իրավական ակտի նախագիծը հիմնավորման հետ մեկտեղ փորձաքննության է ուղարկում համապատասխան ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը:

Ներկա կարգավորումների պայմաններում կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինները իրենց կողմից մշակված նախագծերի հանրային քննարկումը եւ պետական-իրավական փորձաքննությունը չեն կարողանում ապահովել` հաշվի առնելով վերոշարադրյալ օրենսդրական կարգավորումները: Ինչի արդյունքում կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների կողմից մշակված նախագծերը ներկայացվում է կառավարություն եւ վերջինիս հանձնարարականի հիման վրա օրենքով լիազորված մարմնի կողմից ապահովում է հանրային քննարկումը եւ համապատասխան պետական-իրավական փորձաքննությունը: Նշված գործընթացը էականորեն երկարաձգում է օրենքի պահանջներին համապատասխան մշակված նախագծի փաթեթը կառավարությունը ներկայացնելու գործընթացը:

Ուստի հաշվի առնելով վերոշարադրյալը անհրաժեշտություն է առաջացել պետական կառավարման մարմինների աշխատանքն առավել համակարգային կազմակերպելու համար օրենքում կատարել փոփոխություն՝ իրավական ակտը մշակող մարմնին հնարավորություն ընձեռելով նախագիծը մշակելուց հետո այն ուղարկելու պետական-իրավական փորձաքննության եւ ապահովելու հանրային քննարկումը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծով հնարավորություն է ընձեռվում կառավարության եւ վարչապետին ենթակա մարմիններին իրավական ակտի նախագիծը մշակելու հետ մեկտեղ ապահովել նաեւ պետական-իրավական փորձաքննությունն ու հանրային քննարկումը:
Մասնավորապես, նախագծով իրավական ակտի ընդունման հետ կապված հանրային քննարկումն ու պետական-իրավական փորձաքննությունն կազմակերպող մարմինների շարքում նախատեսվել են նաեւ կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ արդարադատության նախարարություն:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի իրավական ակտերի նախագծերի  հանրային քննարկումները, ինչպես նաեւ պետական-իրավական փորձաքննությունը նաեւ կառավարության եւ վարչապետին ենթակա մարմինների կողմից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

9 սեպտեմբերի 2019 թվականի  N  1275   - Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. սեպտեմբերի 9
          Երեւան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

29 օգոստոսի 2019 թվականի  N 1132    - Ա

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության  կառավարության  օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. սեպտեմբերի 5
          Երեւան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

  պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1132-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ