Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-2301-22.07.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 31-րդ գլուխը լրացնել նոր՝ 342.2-րդ հոդվածով.

«Հոդված 342.2. Ներման խնդրագրի վերաբերյալ տվյալների հրապարակումը

Մինչեւ ներում շնորհելը կամ ներման շնորհելը մերժելու հրամանագրի հրապարակումը տուժողի կամ տուժողի իրավահաջորդի կողմից ներման խնդրագրի վերաբերյալ տվյալների հրապարակելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Առկա վիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս «Ներման մասին» ՀՀ օրենքում նախատեսված չեն որեւէ ընթացակարգեր տուժողների եւ նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության համար, ինչի հետեւանքով նրանք զրկված են ներման խնդրագրի քննարկման ժամանակ իրենց դիրքորոշումը լսելի դարձնելու համար: Արդյուքում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ տուժողը նույնիսկ դատապարտյալին ներում շնորհելուց հետո էլ տեղյակացված չլինի ներման մասին: Բացի դրանից նախատեսված չեն ընթացակարգեր ներում շնորհելու կամ ներումը մերժելու հրամանագրի վերաբերյալ հասարակությանը իրազեկելու, մինչդեռ հատկապես վերջին շրջանում նշված հարցի վերաբերյալ հասարակական տարբեր շրջանակներում քննարկումներ վկայում են, որ նման անհրաժեշտությունը առկա է:

Առաջարկվող կարգավորումը, ակնկալվող արդյունքը

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է տուժողին ներման գործընթացի վերաբերյալ ծանուցելու ընթացակարգ: Մասնավորապես՝ առաջարկվում է կարգավորում, որով տուժողը կամ տուժողի իրավահաջորդը իրավունք կունենա ներկայացնել իր դիրքորոշումը ներման խնդրագրի վերաբերյալ Վարչապետին եւ Հանձնաժողովին: Սրա հետ մեկտեղ գործընթացի անաչառությունը ապահովելու եւ ամեն տեսակ ազդեցությունից խոսափելու համար ամրագրվում է, որ տուժողը քրեական պատասխանատվության ուժով չի կարող հրապարակել ներման տվյալները մինչեւ վերջնական որոշման կայացումը:

Միեւնույն ժամանակ նախագծով առաջարկվում է ներում շնորհելու կամ ներում շնորհումը մերժելու հրամանագրի հրապարակման հնարավորություն: Գործընթացի սկզբնական եւ միջանկյալ փուլերում հրապարակայնությունը կարող է ազդել վերջնական որոշման կայացման անաչառության վրա, այդ իսկ պատճառով առաջարկվում է հրապարակումը վերջնական որոշման կայացումից հետո:

Առաջարկվող կարգավորումների արդյունքում, հասարակությունը հնարավորություն կունենա իմանալ՝ ինչ պայմաններում, ինչ չափանիշների հիման վրա է կոնկրետ անձին ներում շնորհվել:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀՀ ԱԶԳԱՅՆԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության, 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Ներման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

1) օրենքների նախագծերը (հիմնական զեկուցող՝ Նաիրա Զոհրաբյան).

2) օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքների լրացվող եւ փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ