Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-084-02.04.2019,31.05.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին քաղաքացիական եւ վարչական գործերով դատական ծախսերի բռնագանձման վերաբերյալ կատարողական թերթով հարուցված կատարողական վարույթի ընթացքում որպես պահանջատեր Հայաստանի Հանրապետության անունից հանդես է գալիս Պետական եկամուտների կոմիտեն,  եթե դատական ակտի համաձայն դատական ծախսերը ենթակա չեն գանձման որեւէ պետական մարմնի օգտին:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Փորձագետը գրավոր եզրակացություն է տալիս հարկադիր կատարողի կողմից փորձագետ նշանակելու մասին որոշումը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Փորձագետի պատճառաբանված միջնորդությամբ նշված ժամկետը հարկադիր կատարողի որոշմամբ կարող է յուրաքանչյուր անգամ երկարաձգվել մինչեւ մեկ ամիս ժամկետով:»:

Հոդված 3. Օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պարտապանին պատկանող բնակարանների, շենքերի եւ շինությունների բացման, պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց կողմից զբաղեցրած բնակարանների, շենքերի եւ շինությունների բացման, զննության, ինչպես նաեւ պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող պարտապանի գույքի առգրավման հետ կապված կատարողական գործողություններին ընթերակաների մասնակցությունը պարտադիր է:»:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 18. Կատարողական թերթ տալը

1. Եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է գործը քննած առաջին ատյանի դատարանը, իսկ միջանկյալ դատական ակտի համար` ակտն ընդունած դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի կողմից դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմումի հիման վրա` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Դիմումը կարող է ներկայացվել կատարողական թերթը ինչպես դատական ակտի ամբողջ եզրափակիչ մասով, այնպես էլ դրա մի մասով տրամադրելու պահանջով: Դիմումին կցվում է դրա պատճենը պարտապանին ուղարկելը հավաստող ապացույց: Պարտավորեցման հայցի բավարարման մասին եզրափակիչ դատական ակտի հիման վրա կատարողական թերթ տալու դիմումին կցվում է նաեւ վարչական մարմնի կողմից տվյալ դատական ակտի կամովին չկատարման փաստը հավաստող ապացույց:

3. Դիմումի հիման վրա եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալու հարցը լուծվում է դիմումը ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, իսկ միջանկյալ դատական ակտերի հարկադիր կատարման համար` դիմումն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

4. Դիմումի հիման վրա կատարողական թերթ տալու հարցը լուծելիս դատարանը տալիս է կատարողական թերթ կամ առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում կատարողական թերթ տալու դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու մասին:

5. Դատարանը մերժում է կատարողական թերթ տալու դիմումը, եթե`

1) առկա է դատական ակտը կատարված լինելու մասին ապացույց.

2) կատարողական թերթը  դատական ակտի եզրափակիչ մասի մի մասով տալը հակասում է օրենքին.

3) լրացել է կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը, եւ բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը     մերժվել է.

4) դատական ակտը չի ենթադրում կատարում.

5) նախկինում տվյալ պահանջի մասով կատարողական թերթ տալու դիմումը մերժվել է, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարողական թերթ տալու դիմումը մերժվել է սույն մասի 4-րդ կետով սահմանված հիմքով, եւ այդ հիմքը վերացել է դատական ակտում տեղ գտած վրիպակն ուղղելու միջոցով:

6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում սահմանված` կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերը վերաբերում են կատարման ենթակա ակտի մի մասին, ապա դատարանը որոշում է կայացնում կատարողական թերթ տալու դիմումը մասնակի մերժելու մասին` չմերժված մասով տալով կատարողական թերթ:

7. Կատարողական թերթ տալու դիմումը օրենքի պահանջների խախտմամբ ներկայացվելու դեպքում դատարանը այն ստանալու օրվանից` եռօրյա ժամկետում որոշում է կայացնում դիմումն առանց քննության թողնելու մասին, եթե առկա չեն կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերը:

8. Դատարանի կողմից կատարողական թերթ տալու դիմումը մերժելու եւ կատարողական թերթ տալու դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումները կարող են բողոքարկվել: Կատարողական թերթ տալու դիմումը մասնակի մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկել մերժման մասով:

9. Օրենքով եւ սույն հոդվածի 10-13-րդ մասերով նախատեսված դեպքերում կատարողական թերթը տրվում է առանց այդ մասին դիմումի ներկայացման:

10. Անհապաղ կատարման ենթակա դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տրվում է անհապաղ:

11. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին քաղաքացիական եւ վարչական գործերով դատական ծախսերի բռնագանձման վերաբերյալ կատարողական թերթը, որում սույն օրենքի 7-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից որպես պահանջատեր լիազորված է հանդես գալ Պետական եկամուտների կոմիտեն, տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` երկու ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

12. Արբիտրաժային տրիբունալների վճիռների, օտարերկրյա դատարանների եւ արբիտրաժային տրիբունալների վճիռների, որոշումների եւ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա կատարողական թերթը տալիս է համապատասխանաբար` արբիտրաժի վճռի հարկադիր կատարման, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման եւ հարկադիր կատարման, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու եւ կատարման թույլատրելու մասին որոշումը կայացրած դատարանը` այն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում:

13. Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը` վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում:

14. Եթե Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի հիմնադրման վերաբերյալ միջազգային պայմանագրով կամ դրա կանոնակարգերով նախատեսված է այդ դատարանի դատավճիռների կամ որոշումների կատարում, ապա դրանց վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ` բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանը, իր կանոնակարգերով սահմանված կարգով, տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 1-ին  մասում`

ա. 4-րդ կետում «հասցեները» բառը  փոխարինել «եւ գործում առկա այլ հասցեները, էլեկտրոնային փոստի հասցեն` դրա առկայության դեպքում» բառերը, իսկ «կամ պետական գրանցման վկայականի» բառերը հանել.

բ. 5-րդ կետում «եզրափակիչ մասը» բառերը փոխարինել «եզրափակիչ մասի կատարման ենթակա մասը» բառերով.

գ. 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) կատարողական թերթ տալու դիմումի ներկայացման տարին, ամիսը եւ ամսաթիվը կամ նշում կատարողական թերթը առանց դիմումի տրամադրված լինելու մասին.».

դ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետ.

«8) կատարողական թերթ տալու տարին, ամիսը եւ ամսաթիվը:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«2. Կատարողական թերթը կազմում եւ ստորագրում է դատավորը, իսկ գործի կոլեգիալ քննության դեպքում` դատական նիստը նախագահողը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Կատարողական թերթում վրիպակ հայտնաբերվելու դեպքում հարկադիր կատարողի, պարտապանի կամ պահանջատիրոջ դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը որոշում է կայացնում վրիպակի ուղղում կատարելու մասին եւ կատարողական թերթի ճշգրտված տարբերակը եւ համապատասխան որոշումը եռօրյա ժամկետում  էլեկտրոնային եղանակով ուղարկում է կողմերին եւ հարկադիր կատարման ծառայություն: Կատարողական թերթում վրիպակի ուղղումը կարող է կատարվել մինչեւ կատարողական թերթի կատարումը:»:

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «կարող է» բառերից հետո լրացնել «պարտապանի դիմումով» բառերով:

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու մասին դիմումին կցվում է դիմումը մյուս կողմին ուղարկելու մասին ապացույց: Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում ներկայացված դիմումը չի քննարկվում, որի մասին դիմումը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը: Դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու` դիմումը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:»:

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ կետերով.

«6) օրինական ուժի մեջ է մտել օտարերկրյա դատական ակտի ճանաչման եւ կատարման թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը.

7) օրինական ուժի մեջ է մտել օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման եւ կատարման թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը».

2) 2-րդ մասում «հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով.

3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ նախադասություններով.

«Դիմումին կցվում է օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը: Կատարողական թերթի պատճենը դիմողի խնդրանքով էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:»:

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնումը».

 2) 1-ին մասում «Քաղաքացի-պահանջատիրոջ» բառերը փոխարինել «Պահանջատիրոջ» բառով, իսկ «կատարողական թերթը կատարման» բառերը փոխարինել «կատարողական թերթ ստանալու համար դիմում» բառերով.

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«2. Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տալու իրավասություն ունեցող դատարան` կցելով դիմումը պարտապանին ուղարկելու մասին ապացույց: Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում ներկայացված դիմումը չի քննարկվում, որի մասին դիմումը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:».

4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու` դիմումը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:»:

Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածի

1) 3-րդ մասում`

ա. 1-ին պարբերությունում «պատշաճ ձեւով ուղարկվում է» բառերը փոխարինել «սույն օրենքի 28.1-ին հոդվածով սահմանված կարգով հանձնվում (ուղարկվում) է» բառերով, իսկ «սույն» բառը հանել.

բ. 2-րդ եւ 3-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ պարբերություն.

«Միջանկյալ դատական ակտերի հիման վրա տրված կատարողական թերթերով հարուցված վարույթներով կայացված որոշումները հարկադիր կատարողն էլեկտրոնային եղանակով ուղարկում է կատարողական թերթ տված դատարան:».

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«4. Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` երկամսյա ժամկետում կամ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:»:

Հոդված 11. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28.1-ին հոդված.

«Հոդված 28.1. Հարկադիր կատարողի որոշումները եւ ծանուցումներն ուղարկելու (հանձնելու) կարգը

1. Հարկադիր կատարողի որոշումները եւ ծանուցումներն ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում` ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:

2. Հարկադիր կատարողի որոշումները եւ ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկվում են կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշած հասցեով:

3. Հարկադիր կատարողի որոշումները եւ ծանուցումներն ուղարկվում են պատվիրված նամակով, եթե կատարողական վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարման համար որոշակի ժամկետի հաշվարկը պայմանավորված է համապատասխան որոշումը կամ ծանուցումը ստանալու փաստով:

4. Հարկադիր կատարողի որոշումները եւ ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում դրանք հանձնվում են կողմին կամ նրա ներկայացուցչին:

5. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին հարկադիր կատարողի որոշումները եւ ծանուցումներն ուղարկվում են նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստին, եթե նրանց կողմից այլ էլեկտրոնային փոստի հասցե չի տրամադրվել կամ հարկադիր կատարման ծառայության հետ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ առկա չէ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կողմին հարկադիր կատարողի որոշումները եւ ծանուցումներն ուղարկվում են էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով, եթե այդ մասին միջնորդել է կողմը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով հարկադիր կատարողի որոշումները եւ ծանուցումներն ուղարկելու անհնարինության պարագայում դրանք ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն:

7. Հարկադիր կատարողի որոշումները եւ ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, իսկ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում` նաեւ հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:

8. Հարկադիր կատարողի որոշումները եւ ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում կատարողական վարույթին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:

9. Հարկադիր կատարողի որոշումները եւ ծանուցումներն էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է որոշումը կամ ծանուցումը ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում են որոշումը կամ ծանուցումն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն եւ այլն):

10. Հարկադիր կատարողի որոշումները եւ ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով կամ էլեկտրոնային  փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկվելու դեպքում հասցեատերը ստանում է որոշման կամ ծանուցման տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով որոշումը կամ ծանուցումը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը:

11. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելուց կամ սահմանափակում կիրառելուց հետո անհապաղ այդ մասին ծանուցում է ուղարկվում անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում` անձի համաձայնությամբ` վերջինիս մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

12. Կատարողական վարույթի կողմերը պարտավոր են անհապաղ հարկադիր կատարողին հայտնել կատարողական վարույթի ընթացքում իրենց հասցեի, այդ թվում` էլեկտրոնային փոստի հասցեի կամ  հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում համապատասխան որոշումը կամ ծանուցումն ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով կատարվել է ծանուցումը կամ ուղարկվել (հանձնվել է) որոշումը, եւ հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:

13. Եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է կամ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում` ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում հարկադիր կատարողը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), ապա փոստային առաքանին ուղարկվում է կատարողական վարույթում առկա այլ հասցեներով:

14. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ որոշումը կամ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 5-րդ օրը փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):»:

Հոդված 12. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 30. Կատարողական վարույթ հարուցելը

1. Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով  ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, իսկ անհապաղ կատարման ենթակա դատական ակտերի դեպքում` անհապաղ:

2. Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական մակագրության թերթը պահանջատիրոջից (նրա ներկայացուցչից) կամ հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը վարչական մարմնից ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

3. 100 000 դրամ եւ ավելի բռնագանձման ենթակա գումարով կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը պարունակում է պարզաբանում հայտարարագիր ներկայացնելու պարտականության եւ դրա խախտման հետեւանքների վերաբերյալ:

4. Կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը կարող է որոշում կայացնել կատարողական վարույթի կողմերին, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում այլ անձանց որոշակի  գործողություններ կատարելուն կամ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին, եթե առանց դրա հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարումը` հիմնավորելով նման անհնարինությունը:

5. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարման ծառայության միջեւ փաստաթղթաշրջանառությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 13. Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Դատարանի եւ հարկադիր կատարման ծառայության միջեւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 14. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում`

1) հանել «ինչպես նաեւ» բառերը.

2) «կասեցման» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 43-րդ հոդվածի 9-11-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարման» բառերը.

3) 4-րդ պարբերությունում «գույքի» բառը փոխարինել «դրամական միջոցների» բառերով:

Հոդված 15. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«3) սույն օրենքի 47.1-ին հոդվածով սահմանված կարգով գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը գնման նախապատվության իրավունք ունեցողներին ուղարկելու դեպքում` մինչեւ մեկ ամիս ժամկետով:»:

Հոդված 16. Օրենքի 37-րդ հոդվածում`

1)  2-րդ կետում «անգործունակ» բառից հետո լրացնել «եւ չունի օրինական ներկայացուցիչ» բառերը.

2)  5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) դատարանը վարույթ է ընդունել սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված հայցադիմում այն գույքն արգելանքից հանելու վերաբերյալ, որի վրա բռնագանձում է տարածվել հարուցված կատարողական վարույթով.».

3) 10-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե բռնագանձում է տարածվել մեկից ավելի գույքի նկատմամբ, ապա սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված` գույքն արգելանքից հանելու մասին հայցը դատարանի կողմից վարույթ ընդունվելու դեպքում կատարողական վարույթը կասեցվում է այդ գույքի վրա բռնագանձում տարածելու մասով:»:

Հոդված 17. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է կատարողական գործողությունների կատարումը:»:

Հոդված 18. Օրենքի 40-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «եւ (կամ) նրա» բառերը.

2) 2-րդ մասի 2-րդ նախադասությունը հանել.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի պետական ռեգիստր, Կենտրոնական դեպոզիտարիա, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, հարկային եւ մաքսային մարմիններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, Սոցիալական ապահովության ծառայություն, ինչպես նաեւ առեւտրային բանկեր  հարցումներ կատարելու միջոցով:

Պարտապան-ֆիզիկական անձի դեպքում մինչեւ 100 000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով հետախուզումն իրականացվում է Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, Սոցիալական ապահովության  ծառայություն,  առեւտրային բանկեր, ինչպես նաեւ պարտապանի աշխատելու փաստը պարզելու նպատակով` հարկային մարմին, հարցումներ կատարելու միջոցով:

Սույն մասով նախատեսված հարցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով հարցումների եւ դրանց պատասխանների ձեւերը, ինչպես նաեւ հարցումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ առեւտրային բանկերին եւ Կենտրոնական դեպոզիտարիա կատարվող հարցումների:

Հարկադիր կատարման ծառայությունը Հայաստանի Հանրապետության բոլոր առեւտրային բանկերին եւ Կենտրոնական դեպոզիտարիա պարտապանի գույքի վերաբերյալ հարցումներ ուղարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տրամադրած հատուկ կապուղու միջոցով, որի շահագործման, էլեկտրոնային փոստի օգտագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով համապատասխան նախարարության հետ:».

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Պարտապան-ֆիզիկական անձի, ինչպես նաեւ իրավաբանական անձի կամ նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ օրենքով, իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտով իրավասու ճանաչված անձի (այսուհետ` իրավասու անձ) հետախուզումն իրականացվում է միայն այն դեպքերում, երբ նրա բացակայությունն անհնար է դարձնում կատարողական գործողությունների իրականացումը:

Պարտապան-ֆիզիկական անձի, ինչպես նաեւ իրավաբանական անձի (իրավասու անձի) հետախուզումը հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա իրականացնում է ոստիկանությունը, ինչպես նաեւ այն անձինք եւ կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա):»:

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-9-րդ մասեր.

«8. Եթե 100 000 դրամ եւ ավելի բռնագանձման ենթակա գումարով կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը հանձնվելուց հետո` 10 օրվա ընթացքում, պարտապանը չի կատարում կատարողական թերթի պահանջները եւ պարտապանի գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար, ապա վերջինս պարտավոր է կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը հանձնվելուց հետո` 20 օրվա ընթացքում իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ գույքային իրավունքների, այդ թվում` պահանջի իրավունքի, կազմի, քանակի եւ գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնել հարկադիր կատարողին: Պարտապանը պարտավոր է հայտարարագրում տեղեկություններ ներկայացնել նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանած, սակայն կատարողական վարույթի հարուցումից հետո օտարված անշարժ գույքի եւ տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի եւ գույքային իրավունքների մասին:

Եթե հայտարարագիր ներկայացնելուց հետո պարտապանի գույքի արժեքն անբավարար է կատարողական թերթի պահանջները կատարելու համար, ապա պարտապանի կողմից սեփականության իրավունքով նոր գույք կամ գույքային իրավունք ձեռք բերելու դեպքում պարտապանը 5 օրվա ընթացքում հայտարարագիր է ներկայացնում նախորդ հայտարարագիրը ներկայացնելուց հետո սեփականության իրավունքով ձեռք բերված գույքի եւ գույքային իրավունքների կազմի, քանակի եւ գտնվելու վայրի մասին:

Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի, քանակի եւ գտնվելու վայրի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

9.Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին հանդիսացող պարտապանի կողմից սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հայտարարագիրը չի ներկայացվում:».

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մաս.

«10. Պարտապանի կողմից հարկադիր կատարողին ներկայացվող` գույքի եւ գույքային իրավունքների կազմի, քանակի եւ գտնվելու վայրի վերաբերյալ հայտարարագրի ձեւը եւ հայտարարագրի ներկայացման կարգը սահմանվում է Արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»:

Հոդված 19. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը, բացառությամբ հայցի ապահովման հիման վրա տրված կատարողական թերթի, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը կամ կատարողական մակագրության թերթը վերադարձնելու մասին.».

2) 2.1-ին կետում «անհնարին է պարզել» բառերից հետո լրացնել «կատարողական թերթով նախատեսված պահանջի կատարման համար անհրաժեշտ» բառերը:

Հոդված 20. Օրենքի 42-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. 1-ին կետը «կատարվել է» բառերից հետո լրացնել «կամ դրանից բխող  պարտավորությունը դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով.» բառերով.

բ. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթի, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրության կամ  կատարողական մակագրության թերթի պահանջների կամ կատարողական թերթի պահանջների կատարումից հրաժարվելու վերաբերյալ.».

գ. 7-րդ կետը «կատարողական թերթը» բառերից հետո լրացնել «կամ կատարողական մակագրության թերթը»  բառերով.

դ. 8-րդ կետը «դեպքերի» բառից հետո լրացնել «կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ» բառերով.

ե. 10-րդ կետում «կամ մերժվել է» բառերը փոխարինել «, մերժվել է կամ դատական գործի վարույթը կարճվել է» բառերով.

2)  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական վարույթը կարճելու մասին, եթե բռնագանձված են վճարման ենթակա կատարողական ծախսերը:».

3)  3-րդ մասում «կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշման` վերադասության կամ դատական կարգով վերացման» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված» բառերով.

4)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքով կատարողական վարույթը կարճելու դեպքում հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը եւ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի, քանակի եւ գտնվելու վայրի մասին հայտարարագրի պատճենը կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, համապատասխանաբար ուղարկում է պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին վճիռը կայացրած դատարան:».

Հոդված 21. Օրենքի 43-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ պարբերությամբ. «Գրավով ապահովված պարտավորության վերաբերյալ կատարողական թերթի կատարման նպատակով բռնագանձումը տարածվում է միայն գրավի առարկայի վրա, բացառությամբ եթե կատարողական թերթը պարունակում է նշում պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորության մասին: Այդպիսի նշման առկայության դեպքում պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է սույն հոդվածով սահմանված կանոններով:»

2) 3-րդ մասում`

ա. 1-ին պարբերությունում «վրա» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավով ապահովված պարտավորության վերաբերյալ կատարողական թերթի կատարման նպատակով բռնագանձումը կարող է տարածվել միայն գրավի առարկայի վրա» բառերը.

բ. 2-րդ պարբերությունում  «տարածվում է» բառերից հետո լրացնել «պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի, այնուհետեւ`» բառերը

3) 4-րդ մասում`

ա. «Պարտապանի» բառը առաջ լրացնել «Եթե այլ բան նախատեսված չէ կատարողական թերթով, ապա պարտապանի այլ» բառերով.

բ. 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի բռնագանձումը իրականացնելու` հաջորդ հերթի գույքը բռնագանձվում է, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքը անբավարար է պահանջների բավարարման համար կամ անհնարին է պարզել նախորդ հերթում ընդգրկված գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի կամ պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն, կամ նախորդ հերթում ընդգրկված գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չի կայացել:

գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ պարբերություն.

«Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված բռնագանձման հերթականությունը կարող է փոփոխվել կատարողական վարույթի կողմերի միջեւ հասարակ գրավոր ձեւով կնքված համաձայնությամբ` ոչ ավել, քան մեկ անգամ կատարողական վարույթի ընթացքում: Ընդ որում, այդ համաձայնությունը չի կարող առնչվել այն գույքին, որի վերաբերյալ կայացվել է իրացման մասին կամ իրացման նպատակով գնահատող նշանակելու մասին որոշում:».

4)    լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-12-րդ մասեր.

«9. Պարտապանի այլ գույքի բացակայության, անբավարարության, գրավադրված լինելու կամ այն դեպքում, երբ պարտապանի գույքը նրա միակ բնակարանն է, որը սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն ենթակա չէ բռնագանձման, հարկադիր կատարողը կատարողական թերթի պահանջների կատարման նպատակով իր որոշմամբ հանձնարարում է պարտապանին իրականացնելու դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի կամ գույքային իրավունքի գրանցում (հաշվառում)` պարտապանի համար որոշմամբ սահմանելով գրանցումը (հաշվառումը) ապահովելու եւ գրանցումը (հաշվառումը) հաստատող փաստաթղթերը հարկադիր կատարողին ներկայացնելու ժամկետ:

10. Պարտապանի կողմից ներկայացված միջնորդության հիման վրա հարկադիր կատարողը կարող է երկարաձգել հանձնարարության կատարման ժամկետը:

11. Պարտապանի կողմից հարկադիր կատարողի հանձնարարությունը որոշմամբ սահմանված ժամկետում չկատարելու դեպքում հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ կազմակերպում է պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցումը (հաշվառումը), եթե պարտապանը չի հիմնավորում իր կամքից անկախ հանգամանքներում հարկադիր կատարողի հանձնարարությունը չկատարելու փաստը:

12. Պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցման (հաշվառման) համար կատարված ծախսերը` որպես կատարողական ծախս, դրանց եռապատիկի չափով բռնագանձվում են պարտապանից:»:

Հոդված 22. Օրենքի 43.1-րդ հոդվածի 1-ին պարբերության «իրավունք ունի անարգել մուտք գործելու պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն» բառերը փոխարինել «ունի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել, այդ թվում` բնակարանը կամ այլ շինությունը բացելու միջոցով մուտք գործելու իրավունք» բառերով:

Հոդված 23. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը եւ ի պահ հանձնելը:

Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ պարտապանին պատկանող` սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված շարժական գույքը:

Պարտապան-ֆիզիկական անձի դեպքում հարկադիր կատարողի կողմից գույքագրում չի իրականացվում մինչեւ 100 000 դրամ բռնագանձման ենթակա գումարի պահանջով հարուցված կատարողական վարույթով, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով սահմանված հարցումների արդյունքում պարտապանին պատկանող գույք չի հայտնաբերվել կամ հայտնաբերված գույքը բավարար չէ պարտավորությունների կատարման համար:

Հարկադիր կատարողը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները եւ ժամկետները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը եւ այլ հանգամանքներ:

Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը չի խոչընդոտում պարտապանի կողմից իրականացվող մաքսային հայտարարագրման գործընթացը` բացառությամբ այն դեպքի, երբ արգելանքը կիրառված է արտահանվող ապրանքի նկատմամբ:»:

Հոդված 24. Օրենքի 44.1-րդ հոդվածում`

1) 3-րդ կետում` «կատարողական թերթը» բառերից հետո լրացնել «, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը կամ կատարողական մակագրության թերթը» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-8-րդ կետեր`

«6) դրամական միջոց չհանդիսացող գույքի նկատմամբ կիրառված արգելանքը ակնհայտորեն գերազանցում է պահանջատիրոջ պահանջի եւ կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը.

7) դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը գերազանցում է պահանջատիրոջ պահանջի եւ կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը.

8) պարտապանի պարտավորությունը մասնակի կատարվել է:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ պարբերություն.

«Սույն հոդվածի 1-ին պարբերության 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հարկադիր կատարողը համապատասխան չափով մասնակի հանում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը` բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով համապատասխան նախարարության հետ:»:

Հոդված 25. Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «(կամ)» բառը:

Հոդված 26. Օրենքի 47.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում «տասնօրյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով:

Հոդված 27. Օրենքի 51-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 51. Գույքը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել

1. Բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետեւյալ գույքի վրա`

1) գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային եւ մանկական պարագաների` բացառությամբ պերճանքի առարկաների եւ այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

2) պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի` բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, եւ այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

3) պարտապանի ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), ինչպես նաեւ գյուղատնտեսությունը որպես հիմնական զբաղմունք ունեցող պարտապաններին պատկանող անասնակերի եւ հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի վրա.

4) մինչեւ 5 000 դրամ արժողությամբ գույքի, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.

5) հաշմանդամների համար նախատեսված հատուկ, ինչպես նաեւ նրանց հնարավորություններին հարմարեցված փոխադրամիջոցների, վերականգնման տեխնիկական միջոցների եւ այլ օժանդակ պարագաների, որոնց օգտագործումը պայմանավորված է պարտապանի հնարավորություններով.

6) միակ այն բնակարանի (այդ թվում` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, եւ որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին.

7) Կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի, որը ենթակա է վերադարձման պարտապանին.

8) որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ`

1) գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար.

2) բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործության պատճառված վնասների հատուցման պահանջները.

3) հայցի ապահովման, վճռի կատարման ապահովման կամ պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշման կատարման փուլում պարտապանին սեփականության իրավունքով պատկանել է մեկից ավելի բնակարան (այդ թվում` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամաս եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցներ) կամ դրա բաժին, եւ պարտապանը հետագայում օտարել է դրանք` պահպանելով սեփականության իրավունքը մեկ բնակարանի (այդ թվում` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի նկատմամբ:»:

Հոդված 28. Օրենքի 56-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ պարբերություններ.

«Մինչեւ 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի աշխատավարձի եւ սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա` անկախ շարժական եւ անշարժ գույքի առկայությունից: Պարտապանի աշխատավարձի եւ սույն գլխով նախատեսված այլ եկամուտների անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձումը տարածում է պարտապանի այլ գույքի վրա:

Սույն գլխի կանոնները կիրառվում են պարտապանի դրամական միջոցների վրա  արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար եւ դրանից հետո հաշվարկված եւ պարտապանի ստացած աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների նկատմամբ:»:

Հոդված 29. Օրենքի 60-րդ հոդվածում`

1) 1-ին պարբերությունում` «Կատարողական թերթով» բառերից հետո լրացնել «, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությամբ կամ կատարողական մակագրության թերթով» բառերը».

2) 5-րդ կետում «պետական նպաստ» բառից հետո լրացնել «կամ սոցիալական աջակցություն» բառերը:

Հոդված 30. Օրենքի 62-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ պարբերություն.

«Պայմանագիր կնքել հարկադրելու մասին դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի կատարումը կազմակերպելիս հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ պարտապանի հաշվին եւ վերջինիս անունից կնքում է կատարողական թերթի պահանջներից բխող պայմանագիրը եւ իրականացնում է դրանից բխող բոլոր իրավաբանական գործողությունները:»:

Հոդված 31. Օրենքի 64-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 64. Վտարման վերաբերյալ կատարողական թերթի, կատարողական մակագրության թերթի կատարումը».

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վտարումը կատարողական թերթում կամ կատարողական մակագրության թերթում նշված անշարժ գույքը վտարվողից (վտարվողներից), ինչպես նաեւ այն անձանցից, ում օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, եւ նրա (նրանց) գույքից ազատելն ու ազատված շենքից օգտվելն               արգելելն է:»:

3)  2-րդ մասում` «տեղեկացնում է» բառերը փոխարինել «ծանուցում է» բառերով, իսկ «տեղեկացված» բառը փոխարինել «ծանուցված» բառով:

Հոդված 32. Օրենքի 64.1-րդ հոդվածում`

1) 1-ին պարբերությունում «շինություններն» բառը փոխարինել «անշարժ գույքն» բառերով, իսկ «շինությունն» բառը փոխարինել «այլ անշարժ գույքը» բառերով.

2) 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Հարկադիր (հարկադիր էլեկտրոնային) աճուրդով օտարված կամ երկրորդ եւ յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատիրոջը հանձնված  բնակարանի, բնակելի տան եւ այլ անշարժ գույքի նոր սեփականատիրոջ պահանջով հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտավոր է վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ այլ անշարժ գույքը զբաղեցնող պարտապան նախկին սեփականատիրոջը, ինչպես նաեւ այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով:».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ պարբերություն.

«Գույքի նոր սեփականատերը սույն հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված պահանջը հարկադիր կատարողին կարող է ներկայացնել ոչ ուշ, քան տվյալ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման օրվանից մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո վտարումը իրականացվում է համապատասխան կատարողական թերթի հիման վրա:»:

Հոդված 33. Օրենքի 67-րդ հոդվածում`

1)  3-րդ մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի» բառերը.

2)  4-րդ մասից հանել «դատական կարգով» բառերը

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ մաս.

«12. Սույն հոդվածով սահմանված կանոնները գործում են, եթե օրենքով կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման այլ կարգ սահմանված չէ:»:

Հոդված 34. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթի:

2. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետը եւ 2-րդ կետի «ա» ենթակետն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված դատական գործերի արդյունքում կայացված դատական ակտերի հիման վրա տրամադրված կատարողական թերթերով հարուցված կատարողական վարույթների նկատմամբ:

3. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն Արդարադատության նախարարն ընդունում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում: Մինչեւ սույն օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետով լրացվող դրույթի հիման վրա հարկադիր կատարողին ներկայացվող հայտարարագրի ձեւը եւ հայտարարագրի ներկայացման կարգը Արդարադատության նախարարի կողմից սահմանելը պարտապանի կողմից հարկադիր կատարողին հայտարարագիրը ներկայացվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ձեւով եւ կարգով:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված կատարողական թերթ ստանալու մասին դիմումները քննվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգով: