Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0141-18.02.2019-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 314.3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով.

«4. Դատական տուգանքը չի կարող կիրառվել գործի քննությանը մասնակցող դատախազի եւ գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2018 թվականի փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովը 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ ձայներով ընդունել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանող նորմեր պարունակող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը՝ փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ):

Փաստաբանների նախաձեռնող խումբը բարձրաձայնել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) փաթեթում դատական տուգանքի վերաբերյալ դրույթներ եւ, եւս երկու նոր օրենքների նախագծեր «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի խախտմամբ ներառելու եւ քննարկելու հարցը:

Նշված Փաթեթը փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասով ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի 1-ից:

Փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը պետք է փոփոխվեն, հետեւյալ պատճառաբանությամբ.

1. Բացակայում է փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի սահմանման անհրաժեշտությունը.

Խնդրահարույց է փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական փոփոխությունը որեւէ կերպ չհիմնավորելու եւ չմեկնաբանելու ՀՀ նախորդ կառավարության մոտեցումը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը պետք է Ազգային ժողով ներկայացներ նախագծի ընդունման հիմնավորումը, որտեղ նշվում են առկա խնդիրները, առաջարկվող կարգավորումները եւ ակնկալվող արդյունքները: Հիմնավորում ներկայացնելու համար պետք է առնվազն ուսումնասիրվեր փաստաբանների պալատի խորհրդի կողմից քննված կարգապահական գործերի վիճակագրությունը եւ կայացված որոշումների որակը, ինչպես նաեւ դատական համակարգի վերլուծությունն այն մասին, թե գործող իրավակարգավորումը բավարար չէ, արդյոք հավասարակշռված դատավարություն իրականացնելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում առաջին ընթերցումից հետո ավելացված` փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում, եւ առկա չէ այդ իրավակարգավորման ընդունման անհրաժեշտությունը:

Օրինակ՝ 2016թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում քննված 125.500 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 4 փաստաբանի նկատմամբ, իսկ 2017թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված 137.399 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 2 փաստաբանի նկատմամբ:

2. Դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը

Փաստաբանները բազմիցս իրենց մտահոգությունն արտահայտել են փաստաբանների նկատմամբ որպես սանկցիա տուգանք կիրառելու լիազորությամբ դատարաններին օժտելու կարգավորումների վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ դատարաններին փաստաբանների նկատմամբ նման լուրջ լծակի վերապահումը կարող է բացասաբար ազդել Հայաստանում փաստաբանության ինստիտուտի անկախության եւ փաստաբանների ինքնակառավարման կառուցակարգերի հետագա կայացման գործընթացի վրա՝ դառնալով փաստաբանների վրա ճնշումներ գործադրելու առիթ եւ միջոց:

Փոփոխությունը վտանգում է փաստաբանի ինստիտուտի անկախության եւ փաստաբանի՝ որպես «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի մասնագիտական ինքնուրույնությունը:

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. ?Rec(2000)21  հանձնարարականի 1-ին սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետեւանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան:

ՄԱԿ-ի ութերորդ կոնգրեսի կողմից 1990թ. ընդունված «Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ»-ի՝

-  16-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ Կառավարություններն ապահովում են, որպեսզի փաստաբանները դատական հետապնդման եւ դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաեւ չենթարկվեն նման հետապնդման եւ պատժամիջոցների սպառնալիքների.

-  20-րդ կետի համաձայն՝ փաստաբանները օգտվում են քաղաքացիական եւ քրեական անձեռնմխելիությունից համապատասխան հայտարարությունների առնչությամբ, որոնք բարեխղճորեն արված են դատարանին` գրավոր միջնորդագրերի կամ դատարանում բանավոր ելույթների ձեւով կամ դատարանում, տրիբունալում կամ իրավաբանական կամ վարչական այլ մարմնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում:

Փաստաբանները պետք է դատարաններում գործեն անկախ եւ անկաշկանդ՝ իրենց մասնագիտական գործունեության չափանիշներին համապատասխան, իսկ նման պայմաններով դատական տուգանք նախատեսելու դեպքում կվտանգվի փաստաբանների անկախությունը եւ իրենց վստահորդներին եռանդուն կերպով պաշտպանելու փաստաբանների ազատությունը:

3. Փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի կիրառման հետ կապված այլ փաստարկներ

3.1. Քննարկվող իրավակարգավորումների ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում, որը հանդիսանում է մայրցամաքային իրավական համակարգի երկիր, որդեգրվել է նախադեպային իրավունքի համակարգի երկրի մոտեցում՝ առանց հաշվի առնելու պատմաիրավական եւ դատական համակարգի զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները:

3.2. Վերացական եւ լայն ձեւակերպումների պատճառով պահպանված չեն իրավական որոշակիության պահանջները: Այդ տեսակետից դատական սանկցիա կիրառելու ինստիտուտի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության միջեւ եզրերը եւ կիրառության դեպքերը հստակ չեն:

3.3. Դատական տուգանքն իր բնույթով եւ խստությամբ կարող է համարվել քրեական պատիժ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի լույսի ներքո, իսկ դատական տուգանք կիրառելու ժամանակ ապահովված չեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանված բոլոր երաշխիքները:

3.4. Փաստաբանի նկատմամբ կիրառության համատեքստում սահմանված չեն առանձնահատկություններ եւ լրացուցիչ երաշխիքներ, ինչի պարագայում կարող է տուժել փաստաբանի պրոֆեսիոնալ աշխատանքը, ինքնուրույն գործելու մասնագիտական ազատությունն ու անկախությունը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՆԱՄԱԿ