Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 142-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«7. Եթե Վճռաբեկ դատարանի նախագահը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացնում է Վճռաբեկ դատարանի նախագահի նոր թեկնածու:»:
Հոդված 2. Օրենքի 143-րդ հոդվածի.
1. 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ
«7. Եթե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ:»:
2. 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«11. Եթե Ազգային ժողովն ընդունում է Հանրապետության նախագահի առարկությունը, ապա քվեարկությունից հետո՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Առկա խնդիրները.
Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների մրցույթի անցկացման եւ թեկնածուների ներկայացման, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու առաջարկելու հարցերը կանոնակարգված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ, 133-րդ եւ 135-րդ հոդվածներով, իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 142-րդ եւ 143-րդ հոդվածներով նախատեսված է Վճռաբեկ դատարանի նախագահի եւ Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության կարգը: Տվյալ դեպքերում հիշյալ սահմանադրական օրենքներում առկա է ներքին հակասություն: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված է մրցույթի անցկացման, ամփոփման, Բարձրագույն դատական խորհրդում քննարկման եւ Ազգային ժողով ներկայացման ընդհանուր առմամբ 37 օր ժամանակ, իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով լրացուցիչ թեկնածություններ առաջարկելու համար 10 օր ժամանակ: Առաջարկվող փոփոխություններով հաղթահարվում են նշված ժամկետային անհամապատասխանությունները:
2. Առաջարկվող կարգավորումները.
Նախագծով սահմանված փոփոխությունների նպատակն է վերացնել Վճռաբեկ դատարանի նախագահի եւ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներ առաջարկելու ընթացակարգը կանոնակարգող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթների անհամապատասխանությունը:
Հաշվի առնելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը:
3. Ակնկալվող արդյունքները.
Իրավական ակտի նախագծի ընդունմամբ, վերացնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքների համապատասխան կարգավորումների ներքին հակասությունը, կհստակեցվի Վճռաբեկ դատարանի նախագահի եւ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների՝ Ազգային ժողով ներկայացնելու ժամկետը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի՜ պարոն Բաբլոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի /այսուհետ՝ օրենք/ նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կից ներկայացնում եմ.
1) օրենքի նախագիծը.
2) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը.
3) գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
ՀԱՐԳԱՆՔՈՎ` | ՌՈւՍՏԱՄ ՄԱԽՄՈւԴՅԱՆ |