Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-390-09.10.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի հոդված 7.6-ի 4-րդ կետը շարադրել հետեւյալ կերպ՝ «Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը»:

Հոդված 2. Սույն օրենքի հոդված 7.6-ում ավելացնել նոր 5-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ՝

5. Սույն հոդվածի 1-ին մասի 5)-րդ ենթակետով նախատեսված սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվում են օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում: Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի,  օգտագործող անձանց ցանկի եւ պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ եւ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաշվի առնելով վերջին շրջանում հանրության եւ զանգվածային լրատվամիջոցների հետաքրքրությունը եւ հասարակական քննարկումներն այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող ինքնաթիռի եւ ուղղաթիռի օգտագործման շուրջ, նպատակահարմար ենք համարում ապահովել թափանցիկություն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող այս ծախսերի նկատմամբ:
 


ՏԵՂԵԿԱՆՔ

Փոփոխվող հոդվածների վերաբերյալ





Հոդված 7.6. Վարչապետի սպասարկումը

1. Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են`

1) նստավայր Երեւանում (հասցեն՝ Բաղրամյան 26).

2) ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սեւան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սեւանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ.

 5) հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ:

2. Վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

3. Վարչապետը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 2-րդ մասով նախատեսված սպասարկումից:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

5.  Սույն հոդվածի 1-ին մասի 5)-րդ ենթակետով նախատեսված սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվում են օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ
                                                                            ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Բաբլոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ  եւ 67-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի Աշխատակարգի 25-րդ հոդվածի համաձայն՝ գրությանը կից ներկայացնում եմ.

1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

2. Օրենքի նախագծի հիմնավորումը.

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ  օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝    Ա. ԱՇՈՏՅԱՆ /003/