«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-355-16.08.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ  (Ծառերի, թփերի և բուսա­ծածկի ապօրինի հատումը) հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես, առավելագույնը երկու ամիս ժամ­կետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ինչպես բխում է օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորումից, առաջարկ­վող կարգավորումը պայմանավորված է տվյալ հոդվածով նախատեսված հանցագործու­թյունների աճի դինամիկայով, ինչպես նաև այն հանգամանքով, որ պատժի խստացումը կզսպի և զերծ կպահի ապօրինի գործողությունների իրականացումից:

Ընդունելի համարելով օրենքի նախագծով նախատեսվող ընդհանուր կարգավորում­ները՝ այնուամենայնիվ ստորև ներկայացնում ենք օրենքի նախագծի վերաբերյալ որոշ նկատառումներ.

Նախ և առաջ, անդրադառնալով օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտու­թյունը հիմնավորող փաստարկներին, հարկ ենք համարում նշել, որ քրեական օրենսգրքում ամրագրված պատժի նպատակները փոխկապակացված և փոխհամաձայնեցված են, մեկ նպատակը ենթադրում է մյուսները, իսկ յուրաքանչյուրի ինքնուրույն իրականացումն օժանդակում է մյուսներին: Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները: Այնուամենայնիվ քրեական պատիժը հանցավորության դեմ պայքարի գլխավոր միջոցը չէ, այն հանցագործության, հանցավորության և նրա նպատակների հարաբերակցության

մեջ ունի երկրորդային դեր: Պատժի նպատակի իրականացման համար առավել արդյու­նավետ են պատժի անխուսափելիությունը և պետության կողմից այն ժամանակին կիրա­ռելըքան պատժի խստությունը: Հետևաբար, օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ արտահայտված այն դիրքորոշումը, որ առավել խիստ պատիժը կզսպի տվյալ հանցագործության կատարումը և կնպաստի հանցագործության դինամիկայի աճի նվազեցմանը, հիմնավորված չէ:

 Ինչ վերաբերում է օրենքի նախագծով առաջարկվող կարգավորմանը՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափի խստացման մասով, հայտնում ենք հետևյալը.

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին  մասի գործող խմբագրությունը՝ անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար, եթե այդ գործո­ղություններն զգալի վնաս են պատճառել` նախատեսում է պատիժ՝ տուգանք՝ նվազա­գույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրա­պատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

            Հարկ է նաև նշել, որ  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատիժ­ների՝ նշված հաջորդականությունը (կալանքից մինչև ազատազրկում) նախատեսված է նաև նշված հոդվածի 1-ին մասին հաջորդող՝ 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում:

 

Օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման արդյունքում Հայաստանի Հանրա­-

պետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցա­գործության համար սահմանված պատժաչափը՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքը փոխարինվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Այս առումով հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենս­դրությամբ նախատեսված քրեական պատիժների համակարգում պատժատեսակներն ունեն տրամաբանական դասավորվածություն, համակարգված են նվազ խիստ պատժից դեպի առավել խիստը՝ հաջորդականությամբ: Պատիժների նման աստիճանական դասա­վորվածությունը կարևոր նշանակություն ունի օրենսդիրի և առավել ևս դատարանի համար, ինչն ակնհայտ է դարձնում, թե օրենսդիրն ինչպես է գնահատում յուրաքանչյուր պատժատեսակի հարաբերական խստությունը և կողմնորոշում դատարանին առավել արդյունավետ պատժատեսակի ընտրության հարցում:

Մասնավորապես՝  կալանքը դատապարտյալի համար բացահայտում է կալանքի էությունը և նախազգուշացնում նրան, որ այս պատժատեսակին կարող է հաջորդել ավելի խիստ պատիժ՝ ազատազրկում, որը պատիժների համակարգի առավել խիստ պատժատեսակն է և կիրառվում է միայն այն դեպքում, երբ պատժի այլ տեսակները չեն կարող ապահովել դատապարտյալի ուղղումը և պատժի մյուս նպատակների իրականացումը:

Ամփոփելով շարադրվածը՝ գտնում ենք, որ օրենքի նախագծով նախատեսված կարգավորման արդյունքում, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քրեա­կան օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը խստացնելիս՝ կալանքն ազատազրկմամբ փոխարինելիս, խախտ­վում է տվյալ հոդվածի բոլոր մասերի դիսպոզիցիաներում նախատեսված արարք­ների համար սահմանված պատժատեսակների աստիճանական դասավորվածու­թյունը, հետևա­բար, առաջարկում ենք ոչ թե կալանքը փոխարինել ազատազրկմամբ, այլ նշված հոդ­վածի 1-ին մասի սանկցիայում նախատեսել նաև ազատազրկման ձևով պատիժ:

Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում քննարկվում է Հայաստանի Հանրապետության բնապահ­պանության նախարարության մշակմամբ համանման օրենքի նախագիծ, որը քննարկվող խնդիրներին առավել համապարփակ լուծումներ է առաջարկում: Այդ կապակցությամբ օրենքի նախագծի հեղինակին առաջարկում ենք առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից, համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան հետ՝ մեկ միասնական օրենքի նախագծով հանդես գալու նպատակով: