«Հայաստանի  Հանրապետության  հարկային  օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-337-14.06.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության

կառավարության առաջարկությունը

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափերը՝ մինչև 500 հազ. դրամ ամսական եկամտի դեպքում սահմանելով 20 տոկոս, 500 հազ. դրամից ավելի եկամտի դեպքում սահմանելով 25 տոկոս, ներկայումս սահմանված՝ մինչև 150 հազ. դրամ՝ 23 տոկոս, 150 հազարից 2 մլն դրամ՝ 28 տոկոս և 2 մլն դրամից ավելի եկամտի դեպքում 36 տոկոս դրույքաչափերի փոխարեն։

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ընդհանուր առմամբ ընդունելի ենք համարում նախագծի հիմնավորմամբ ներկայացված այն նկատառումները, որ եկամտային հարկի դրույքաչափերի բարձր լինելը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա և ստեղծել նախադրյալներ ֆիզիկական անձանց եկամուտների թերհայտարարագրման համար: Թերևս հենց այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով ամրագրվել է տնտեսության իրական հատվածում ներդրումների կատարումը խթանելու նպատակով կապիտալի և եկամտի հարկումից աստիճանաբար սպառման հարկման վրա շեշտադրում կատարելու անհրաժեշտության վերաբերյալ ծրագրային դրույթ:

Այդուհանդերձ, գտնում ենք, որ եկամտային հարկի գծով հարկային բեռի վերանայումը համակարգային փոփոխություն է և, հետևաբար, դրան պետք է անդրադառնալ ոչ միայն նշված խնդիրների լուծման տեսանկյունից, այլ նաև եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման արդյունքում առաջացող ռիսկերի չեզոքացման հնարավորությունների տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների կորստին և դրա հետևանքով ձևավորվելիք հարկաբյուջետային անկայունության հնարավոր ռիսկերին, ինչպես նաև դրանց չեզոքացման հնարավորություններին:

Մեր գնահատմամբ նախագծով ներկայացված առաջարկությունների ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների կորուստը կազմելու է տարեկան 45-47 մլրդ դրամ: Հետևաբար, նախագծով ներկայացված առաջարկության ընդունման դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել միջոցներ բյուջետային եկամուտների նշված կորուստները փոխհատուցելու համար, հակառակ դեպքում կձևավորվի առաջիկա տարիների բյուջետային եկամուտների բավականին մեծ ճեղքվածք, ինչն ընդունելի չէ:

Այդ նկատառումներով եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման ուղղությամբ իրականացվող քայլերն անպայմանորեն պետք է ուղեկցվեն հարկային քաղաքականության ուղղությունների վերանայմանն ու վարչարարական գործիքակազմի կատարելագործմանն ուղղված միջոցառումներով, որոնք թույլ կտան հնարավորինս փոխհատուցել եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման հետևանքով բյուջետային եկամուտների կորուստները:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ներկա փուլում Հայաստանի Հանրապետության կառավարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների հետ համատեղ իրականացնում է ընդհանուր հարկային համակարգի վերլուծություն՝ գնահատելու համար հարկային քաղաքականության և վարչարարության համարժեքությունն առկա տնտեսական իրավիճակին: Այս առումով գտնում ենք, որ հարկային համակարգում հնարավոր փոփոխությունները պետք է կատարվեն համապարփակ ձևով, և առանձին ուղղություններով տեղային փոփոխություններ կատարելը նպատակահարմար չէ:

Ամփոփելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում է ներկա փուլում ձեռնպահ մնալ առաջարկվող օրենսդրական փոփոխություն կատարելուց և խնդրո առարկա հարցի քննարկմանն անդրադառնալ արդեն իսկ նշված վերլուծությունների ավարտից և արդյունքների ամփոփումից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդհանուր հարկային համակարգի վերանայմանն ուղղված առաջարկությունների քննարկման համատեքստում:

            

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ Հայաստանի Հանրապետության  պետական բյուջեի եկամուտների էական  նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

  

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում սահմանել եկամտային հարկի ամսական դրույքաչափերի հետևյալ սանդղակը՝ մինչև 500 հազ. դրամը ներառյալ՝ 20 տոկոս, 500 հազ. դրամից ավելի եկամտի դեպքում 25 տոկոս, ներկայումս սահմանված՝ մինչև 150 հազ. դրամ՝ 23 տոկոս, 150 հազարից 2 մլն դրամ՝ 28 տոկոս և 2 մլն դրամից ավելի եկամտի դեպքում 36 տոկոս դրույքաչափերի փոխարեն։

Հաշվի առնելով նշվածը` հայտնում ենք, որ նախագծի ընդունումը կհանգեցնի        Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների 45-47 մլրդ դրամով նվազեցման, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների ծախսերի ավելացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների եկամուտների նվազեցման չի հանգեցնի: