«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆ­ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱ­ՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-329-11.06.2018-ԱՍ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ

ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է օրենքից հանել բաժնետերերի ժողովի՝ միանձնյա գործադիր մարմնի հետ կնքված պայմանագիրը ցանկացած ժամանակ լուծելու իրավունքի վերաբերյալ դրույթը (հոդված 1)՝ փոխարենը սահմանելով, որ միանձնյա գործադիր մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով (հոդված 2):

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ՝

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի պարտավորեցնում միանձնյա գործադիր մարմնի հետ կնքել միայն աշխատանքային պայմանագիր, այդ պայմանագիրը կարող է լինել նաև քա­ղա­քացիաիրավական բնույթի, որտեղ պայմանագրի կողմերը, Հայաստանի Հանրա­պե­տու­թյան քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի ազա­տու­թյան սկզբունքից ելնելով, օժտված են պայմանագրի պայմանները որոշելու ավելի մեծ հայեցողությամբ: Ուստիև, առաջարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը թողնել անփոփոխ:

Նախագծի հեղինակները նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացման անհրաժեշտությունը հիմնավորել են նրանով, որ առկա կարգավորումը չի բխում Հայաստանի Հանրապետության  աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պարտավորություններից: Այս առումով պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանա­դրա­­կան դատարանն իր 2016 թվականի ՍԴՈ 1316 որոշմամբ դիրքորոշում է հայտնել առ այն, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Աշխատանքային հարաբերությունների առանձին բնա­գա­վառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով: Ինչ­պես արդեն նշվել է, նման առանձնահատկություն է առկա «Բաժնետիրական ընկերությունների մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածում: Այս հոդվածի 5-րդ մասն ըստ էության նախատեսում է բացառություն ընդհանուր կանոնից:»:

Նշված որոշմամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն ար­ձա­նագրել է, որ որպես օբյեկտիվ հիմք պետք է դիտել այն հանգամանքը, որ օրենքը բաժնե­տի­րա­կան ընկերության ժողովին տրամադրել է հայեցողական բնույթի բավականին լայն ազատու­թյուն, նկատի ունենալով երկու հանգամանք` այն, որ վերջինս պետք է օժտված լինի տնտե­սա­կան գործունեության ազատությամբ ու ազատ տնտեսական մրցակցության ապահովմամբ, և որ բաժնետիրական ընկերության տնօրենն ունի առանձնահատուկ կարգավիճակ. ի տարբե­րու­թյուն աշխատանքի շուկայում առկա այլ իրավահարա­բերու­թյունների, որտեղ, որպես կանոն, կա­տարված աշխատանքի գնահատման չափանիշն աշխատանքի որակն է, բաժնետիրական ըն­կերությունների միանձնյա գործադիր մարմնի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամների աշ­խատանքի գնահատականը հիմնականում կատարված աշխատանքի արդյունքն է, որի գնա­հա­տողն ընկերության բաժնետերերն են:

Նմանատիպ իրավական դիրքորոշում արտահայտված է նաև թիվ ԵԿԴ/1896/02/13 քաղա­քա­ցիական գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 2015 թվականի դեկ­տեմբերի 28-ի որոշմամբ, համաձայն որի  «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետով ամրագրված դրույթը ձևակերպ­ված է այնպիսի բավարար ճշգրտությամբ, որը թույլ է տալիս անձանց դրան համապա­տաս­խա­նեց­նելու իրենց վարքագիծը, այն է՝ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի կանխատեսելու այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել դրա գործողությունը: Այլ կերպ ասած՝ բաժնե­տի­րա­կան ընկերության հետ կնքելով պայմանագիր տնօրենը կարող է և պետք է կանխատեսի ընկե­րու­թյան կողմից ցանկացած ժամանակ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հնա­րա­վո­րու­թյան առկայությունը: Հետևաբար տվյալ դեպքում պետք է գործի այն կանխավարկածը, որ ստանձնելով ընկերության գործադիր մարմնի պաշտոնը, ֆիզիկա­կան անձ տնօրենն արդեն իսկ տալիս է իր համաձայնությունն իր հետ կնքված պայմանագիրը ցանկացած պահի լուծելու վերա­բերյալ»:

Ամփոփելով վերը նշվածը՝ կարելի է եզրահանգել, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը չի հակասում աշխատանքային օրենսդրությանը, ավելին՝ հաշվի առնելով կազմակերպության գործադիր մարմնին տրված լայն լիազորությունների շրջանակը, պետք է ընկերության ժողովին հնարավորություն տրվի անհապաղ, առանց լրացուցիչ ժամանակ տրամադրելու դադարեց­նելու գործադիր մարմնի լիազորությունները:

Ինչ վերաբերում է նախագծի հեղինակների մտահոգությանն առ այն, որ նշված կարգա­վորումը հակասում է Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի 24-րդ հոդվածին, որն ամրագրում է, որ «աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով կողմերը պարտավորվում են ճանաչել՝ պատշաճ փոխհատուցման կամ այլ համապատասխան օգնության նկատմամբ այն աշխատողների իրավունքը, որոնք աշխատանքից ազատվել են առանց հիմնավորված պատճառի:», ապա հնարավոր հակասություններից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագիծը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Նախագիծ

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  Օրենքի 88-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«6. Միանձնյա գործադիր մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը պետք է պարունակի դրույթ պայմանագիրը սույն հոդվածի 5-րդ մասի ուժով լուծելու դեպքում անձին տրամադրվող փոխհատուցման չափի վերաբերյալ, որը չի կարող պակաս լինել աշխատանքային պայմանագրով նախատեսված մեկ ամսվա աշխատավարձից»: Աշխատանքային պայմանագրով փոխհատուցման չափ նախատեսված չլինելու դեպքում անձին տրամադրվում է փոխհատուցում աշխատանքային պայմանագրով նախատեսված մեկ ամսվա աշխատավարձի չափով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:»:

 Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջար­կում է նմանատիպ կարգավորում նախատեսել նաև «Սահմանափակ պատասխանա­տվու­թյամբ ընկերությունների մասին» օրենքում՝ հաշվի առնելով նմանատիպ խնդրի առկայու­թյունը ՍՊԸ-ների կառավարման բնագավառում: