«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-236-15.01.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հետևյալ հիմնավորմամբ`

  1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, գույքահարկը սեփականության իրավունքով հարկ վճարողին պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար նույն օրենքով սահմանված կարգով և չափով գույքի գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմնի բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Հետևաբար, գույքահարկի գծով ցանկացած արտոնության սահմանում անխուսափելիորեն հանգեցնելու է տեղական ինքնակառավարման մարմինների սեփական եկամուտների հիմնական աղբյուր հանդիսացող հարկատեսակի գծով ֆինանսական միջոցների կրճատման: Բացի դրանից, առաջարկվող արտոնությունների ընդունման դեպքում կստացվի, որ զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման համար վճարում են տեղական ինքնակառավարման մարմինները, ինչը կարծում ենք տրամաբանական և հիմնավորված համարվել չի կարող:
  2. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գույքահարկից ազատման արտոնությունը սահմանված է՝

          1) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար՝ վերջիններիս սեփականության (կամ համասեփականության) իրավունքով պատկանող միայն հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի և շինությունների և (կամ) փոխադրամիջոցների կամ նշյալ հարկման օբյեկտների՝ իրենց բաժնի մասով: Ընդ որում, նշված արտոնությունը կիրառվում է միայն պարտադիր զինվորական ծառայության ընթացքում.

          2) պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձանց համար` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը (չգերազանցող մասով) և մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով:):

Գույքահարկից ազատման արտոնության նման շրջանակի սահմանումն ունի հստակ ընդգծված տրամաբանություն և նպատակադրում: Մասնավորապես՝

  • միայն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատելու տրամաբանությունը կայանում է նրանում, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում անձը, իր կամքից անկախ, զրկվում է ինչպես այդ գույքն օգտագործելու կամ դրանից օգտվելու հնարավորությունից, այնպես էլ առհասարակ եկամուտներ ստանալու հնարավորությունից, հետևաբար տրամաբանական է, որ վերջինս ծառայության ընթացքում (եկամուտներ ստանալու հնարավորությունից զրկված լինելու ժամանակահատվածում) ազատվի իրեն պատկանող ոչ արտադրական կամ ոչ հասարակական գույքի մասով հաշվարկվող գույքահարկի պարտավորությունից: Նշված նկատառումը հիմնավորվում է նաև նրանով, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին պարբերության համաձայն, այն բոլոր դեպքերում, երբ արտոնությունից օգտվող գույքից ստացվում են եկամուտները (երբ գույքը հանձնվում է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման) արտոնությունը դադարում է գործել:

Ինչ վերաբերում է արտադրական կամ հասարակական նշանակության գույքի նկատմամբ նշված արտոնությունը չկիրառելու հիմնավորումներին, ապա այդ կապակցությամբ հայտնում ենք, որ այն հիմնավորվում է նրանով, որ արտադրական կամ հասարակական նշանակության գույքից եկամուտներ ստանալու հնարավորությունը, զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով պայմանավորված, չի սահմանափակվում.

  • պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո գույքահարկից ազատման արտոնությունը միայն ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձանց նկատմամբ կիրառելը զինված ուժերը որակավորված սպայական կազմով համալրելուն խթանելու նպատակադրում ունի: Մյուս կողմից, «Զինվորական ծառայության անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի երրորդ պարբերության համաձայն, ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած զինծառայողների հետուսումնական պայմանագրային զինծառայությունը պարտադիր է: Ուստի կարելի է փաստել, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, գույքահարկից ազատումը նպատակ ունի խթանելու նաև որակավորված երկարաժամկետ ծառայությունը: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված արտոնության կիրառության առումով ժամկետային սահմանափակում նախատեսված չէ` արտոնությունից օտվելու չարաշահումների հնարավորությունները կանխելու և համայնքների եկամուտների անհարկի նվազեցումների ռիսկերը սահմանափակելու համար «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշված արտոնության մասով սահմանվել են հարկման բազայի որոշակի շեմեր:

Քննարկման դրված նախագծով ներկայացված առաջարկությունը հակադրվում է վերոնշյալ տրամաբանությանը և նպատակադրումներին: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է արտոնություն կիրառել ոչ միայն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց նկատմամբ, այլ առհասարակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց նկատմամբ: Կարծում ենք, որ վերոգրյալը հիմնավորված համարվել չի կարող, այն պատճառով, որ պարտադիր զինվորական ծառայությունից տարբերվող զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք, ըստ էության, զրկված չեն այդ գույքն օգտագործելու կամ դրանից օգտվելու հնարավորությունից և, միաժամանակ, զինվորական ծառայության դիմաց վարձատրվում են (ստանում են եկամուտներ), հետևաբար ունեն գույքահարկը վճարելու համար միջոցներ:

  1. Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո զինվորական ծառայություն անցնող քաղաքացիները փաստացի կարող են զրկվել գույքահարկի վճարման արտոնություններից, ապա հարկ է նշել, որ ներկայացված նախագծով հիմնավորումներ ներկայացված չեն խնդրի առկայության վերաբերյալ:

Բացի դրանից, պայմանագրային զինծառայողների զգալի մասը սահմանամերձ համայնքների բնակիչներ են: Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշմամբ հաստատել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը և այդ բնակավայրերի ընտանիքներին մասնակիորեն փոխհատուցում է բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագները և ամբողջությամբ գույքահարկը և հողի հարկը: Նախագծով նախատեսվող արտոնություն տրամադրելու պարագայում՝ կառավարությունն այլևս չի փոխհատուցի այդ զինծառայողների գույքահարկը, ինչը կնվազեցնի համայնքների բյուջեների եկամտային մասը:

Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է փաստել, որ նախագծով ներկայացված առաջարկությունը մի կողմից հակադրվում է գույքահարկով հարկման ընդհանուր տրամաբանությանը, մյուս կողմից ստեղծում է արտոնությունից անհարկի օգտվելու ռիսկեր և չի հանգեցնելու իր առջև դրված խնդիրի իրագործմանը՝ զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական երաշխիքների համակարգի ուժեղացմանը: Կարծում ենք, որ նշված նպատակին հնարավոր է հասնել այլ՝ ավելի հասցեական և արդյունավետ գործիքների միջոցով, այլ ոչ թե համայնքային բյուջեների առանց այն էլ սակավ միջոցների հաշվին: