«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-195-28.11.2017-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ`  նախագիծ) առաջարկվող դրույթներն անհրաժեշտ ենք համարում դիտարկել՝

1) համակարգային կապի մեջ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի, վարչական իրավախախտումների վերաբերյալ թե´ գործող օրենսգրքի (այսուհետ` oրենսգիրք), թե´ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի կարգավորումների հետ.

2) առաջարկվող իրավակարգավորումների պրակտիկ իրացման արդյունքում հնարավոր առաջացող խնդիրների տեսանկյունից:

Հարկ է նշել, որ նախագծային դրույթների գնահատման համար հիմք է հանդիսացել նաև նախագծին կից ներկայացված հիմնավորումը: Այսպես,

1. Նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել 14.1-ին հոդվածով` սահմանելով, որ «վարչական պատասխանատվության ենթակա է այն մարմինը (պաշտոնատար անձը), ով ոչ իրավաչափ վարչարարությամբ վնաս է հասցրել անձի կամ անձանց»: Ընդ որում, նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում են արարքի համար պատասխանատվություն նախատեսող դրույթներ` ոչ իրավաչափ վարչարարության համար նախատեսելով տուգանքի նշանակում մարմնի (պաշտոնատար անձի) նկատմամբ` հիսուն հազար դրամի չափով, կրկին անգամ կատարելու դեպքում` հարյուր հազար դրամի չափով, իսկ երրորդ և ավելի անգամ կատարելու դեպքում` երեք հարյուր հազար դրամի չափով:

Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ վարչարարությամբ պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ բաժնի դրույթներով: Մասնավորապես, նշված օրենքի 108-րդ հոդվածով սահմանվում են նաև հետադարձ պահանջներ ներկայացնելու հետ կապված կարգավորումները` համաձայն որոնց`  

«1. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պատճառված վնասը, իրավունք ունի հետադարձ պահանջներ ներկայացնելու վարչական մարմնի այն պաշտոնատար անձին, ում գործողությունները կամ անգործությունը հանգեցրել են ոչ իրավաչափ վարչարարության, և որի հետևանքով վնաս է պատճառվել անձին:

2. Հետադարձ պահանջներ ներկայացնելու հիմք է պաշտոնատար անձի գործողություններում կամ անգործությունում դիտավորության կամ անփութության առկայությունը:»:

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով կարգավորվում են դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերը բաշխելու հետ կապված հարաբերությունները:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առկա են անհրաժեշտ գործիքակազմեր պաշտպանելու համար այն անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ովքեր վնաս են կրել վարչարարության արդյունքում` թե´ վարչական, թե´ դատական կարգով վարչական ակտի իրավաչափությունն ստուգելիս: Հետևաբար, պետությունը կատարել է իր պոզիտիվ պարտականությունը` ապահովելով արդյունավետ կառուցակարգ վարչարարության արդյունքում տուժած անձանց գույքային իրավունքների պաշտպանության և կրած վնասի վերականգնման համար:

Այս համատեքստում փարատվում է նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված այն մտավախությունը, համաձայն որի պաշտպանված չէ քաղաքացիների Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, քանի որ անձի կողմից բողոքարկման իրավունքն իրացնելու և վարչական ակտը սահմանված կարգով ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում անձի կրած վնասը փոխհատուցվում է գործող օրենսդրությամբ նախատեսված իրավական մեխանիզմների շրջանակներում:

Ինչ վերաբերում է նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված այն դիտարկմանը, համաձայն որի սակավ ժամանակի և նյութական միջոցների պատճառով վարչական ակտի հասցեատերերը (իրավախախտում կատարած անձինք) չեն բողոքարկում ոչ իրավաչափ վարչական ակտերը` կրելով նյութական կորուստներ, ապա հարկ է նշել, որ վարչական կամ դատական կարգով բողոքարկումը վերջիններիս իրավունքն է, և նախագծով առաջարկվող կարգավորումը չի չեզոքացնում արտահայտված մտահոգությունը:

2. Նախագծային դրույթները կարող են խնդրահարույց լինել պրակտիկ կիրառման տեսանկյունից: Այսպես,

1) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

Վարչական կարգով բողոքը ներկայացվում է ակտը կայացրած մարմնին կամ վերջինիս վերադաս մարմնին: Այս առումով, հարկ է նշել, որ վարչական մարմնի կոլեգիալ լինելու դեպքում, պարզ չէ, թե ոչ իրավաչափ վարչական ակտ կայացնելու բացասական հետևանքները ինչ կերպ են տարածվելու այդ մարմնի անդամների վրա.

2) դատական կարգով բողոքարկված և բեկանված ակտերի դեպքում պատասխանատվության սուբյեկտին որոշելու հարցը խնդրահարույց է: Թեև առաջարկվող հոդվածի դիսպոզիցիայից պարզ է, որ խոսքը ոչ իրավաչափ վարչարարության մասին է, այնուամենայնիվ, հարց է առաջանում` արդյոք վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի կայացրած վարչական ակտն անփոփոխ թողնելու  վերաբերյալ դատական ակտը բեկանելը, ինչով հաստատվում է սկզբնապես կայացված վարչական ակտի ոչ իրավաչափ լինելը, ենթադրում է ակտը կայացրած վարչական մարմնի պատասխանատվություն, թե ակտն անփոփոխ թողած առաջին ատյանի դատարանի, որը վարչական մարմին չէ և վարչարարությամբ չի զբաղվում, սակայն օժտված է արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ: Խնդիրն առկա է եռաստիճան դատական համակարգի պայմաններում  յուրաքանչյուր հաջորդ ատյանում սկզբնապես ընդունված վարչական ակտի վերաբերյալ դատական ակտը բողոքարկելիս, ինչպես նաև  այն դեպքում, երբ, անձը ներպետական միջոցներն սպառելով,  դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն էլ իր հերթին արձանագրում է ՄԻԵԿ-ով երաշխավորված իրավունքի խախտում.

3) հարկ ենք համարում անդրադառնալ առաջարկվող բացարձակ որոշակի սանկցիաներին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասը հռչակում է, որ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին: Մինչդեռ, նախագծով առաջարկվող կարգավորումը հավասար նժար է դնում ոչ իրավաչափ վարչարարության բոլոր հնարավոր դրսևորումների միջև` հնարավորություն չտալով իրավակիրառողին համաչափության, օրինականության և կամայականության արգելքի սկզբունքներին համապատասխան տույժ նշանակելիս հաշվի առնել մի շարք հանգամանքներ: Արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ վարչական տույժը չի ծառայի իր նպատակին, ինչը լիովին իմաստազուրկ է դարձնում պատասխանատվության վերաբերյալ դրույթի նախատեսումը: Օրենսդրի կողմից որդեգրված մոտեցումը` պատճառված վնասի չափով տրված փոխհատուցումը հետադարձ պահանջով ակտը կայացրած պաշտոնատար անձից ստանալու վերաբերյալ, ողջամիտ լուծում է հետապնդվող նպատակին հասնելու տեսանկյունից: Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ նաև կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, որը կարող է շատ ավելի արդյունավետ միջոց լինել.

4) նախագծով կարգավորված չէ առաջարկվող իրավախախտման վերաբերյալ վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի հարցը, ինչը ևս առանցքային նշանակություն ունի իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման բնականոն ընթացքն ապահովելու տեսանկյունից:

Ամփոփելով վերոնշյալը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված խնդիրները ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդեն իսկ կարգավորված են, այլև նախագծի ընդունումը նոր խնդիրներ կստեղծի, գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: