ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

  

Հարգելի պարոն Սաղաթելյան

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ըն­թերց­մամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփո­խու­թյուն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-121-30.08.2017,21.11.2017-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան առաջարկությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայաց­վա­ծ նա­խագ­­ծով քննարկվող գործող օրենքի 78-րդ հոդվածը թողնել անփոփոխ` նկատի ունենալով հետևյալ հանգամանքները՝

2017 թվականի օգոստոսի 30-ից շրջանառության մեջ դրված նույն օրենքի նախագծին, (որով սակայն նախա­տեսվում էր սահմանել, որ և´ ԵԱՏՄ անդամ պետություններից, և´ ԵԱՏՄ անդամ չհամար­վող պետու­թյուն­ներից Հայաստանի Հանրապետության ապրանքների ներմուծման համար ԱԱՀ-ն վճար­­վում է Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու օրվան հաջորդող 90-րդ օրը ներառյալ) Հայաստանի Հանրապետության կառա­վարու­թյունը 02/10.1/21988-17 2017-10-09 գրությամբ առաջարկել էր ներկայաց­վա­ծ նա­խագ­ծով քննարկվող գործող օրենքի 78-րդ հոդվածը թողնել անփոփոխ` հիմնա­­­­կանում այն հիմնավոր­մամբ, որ նա­խագծով նախա­տեսվող դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության միջազ­գային պայմա­նագրերով սահմանված նորմերին, մաս­նավորա­­պես՝ Մաք­սային միության մաք­­սային օրենսգրքով (ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգր­քով), ինչպես նաև «Եվրասիական տնտե­սա­կան միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի անբաժանելի մաս կազ­մող 18-րդ հավելվածով սահմանված նորմերին:

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձ­նաժողովում նախագծի քննարկումների արդյունքում նախագիծն որոշակիորեն լրա­մշակ­վել է՝ նպատակ ունենալով միասնականացնել ԵԱՏՄ անդամ պետություններից և ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման համար ավելաց­ված արժե­քի հարկի գումարների վճարման ժամկետները և նախագծի լրամշակված տարբերակը 2017 թվականի դեկտեմբերի 8-ին ներ­կայացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի քննարկմանը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ 2017 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հան­րա­պետության Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդուն­ված՝ «Հայաս­­տանի Հան­րա­պետության հարկային օրենսգրքում փոփո­խու­թյուն կատա­րելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակ­ված նախա­­գծով սահմանվող դրույթները, ներքոհիշյալ նկատառումներով, նույնպես հակասում են Հայաստանի Հանրապետության վերոնշյալ միջազգային պայմա­նագր­երով նախատեսված դրույթ­ներին: Այսպես.

1. Առհասարակ, հարկ է նկատել, որ և´ Մաքսային միության մաքսային օրենսգրքի, և´ ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի համաձայն` ԵԱՏՄ տարածք, մասնավորապես, Հայաստանի Հան­րապետության տա­րածք ներմուծվող ապրանքների մասով մաքսատուրքերի և անուղ­ղա­կի հարկերի վճարման պար­տավորության ծագման դադարեցման և դրանց վճարման ժամ­կետ­ների կարգա­վո­րում­ների ամրագրման առումով ոչ մի անդամ պետությանը սուվերեն իրա­վունք վերապահված չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է երրորդ երկրների հետ առևտրին, որի դեպքում արտաքին առևտրին վերաբերող մաքսատուրքերի և անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման կանոնների տարբերակված մոտեցումների սահ­մանումը ուղղակի կհակադրվի արտաքին առևտուրը միասնական սկզբունքներով իրա­կա­նացնելու ընդհանուր մոտեցմանը: Թերևս այդ է պատճառը, որ օրինակ մաքսատուրքերի մա­սով սահ­ման­ված են միասնական դրույքաչափեր, սահմանված են մաքսային արժեքի որոշ­ման միաս­նական կանոններ, սահմանված են մաքսային հսկողությանը վերաբերող մի­աս­նական ընթա­ցակարգեր և այլն: Հակառակ դեպքում, եթե անդամ պետություններին իրա­վունք վերա­­պահվի վերոնշյալ հարցերի շուրջ ազգային օրենսդրությամբ կարգավորումներ նա­խա­տե­սելու համար, ապա անհասկանալի կլինի, թե ինչպես է իրականացվելու արտաքին առևտրի միասնական կարգավորումը:

2. «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապ­րանքների համար մաքսատուրքերի և անուղղակի հարկերի վճարման ժամկետները սահ­ման­ված են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 211-րդ և ԵԱՏՄ մաքսային նոր օրենս­գրքի 136-րդ հոդվածներով: Նշյալ հոդվածների համաձայն`

  • հայտարարատուի մոտ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտա­վո­­րությունը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևա­կերպ­վող ապրանքների համար առաջանում է մաքսային մարմնի կողմից մաքսային հայտա­րա­րա­գիրը գրանցելու պահից,
  • «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապ­րանքների դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման մինչև «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթո­ղումը:

Հետևաբար, ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կանոնների համաձայն` երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման պար­տավորությունների ծագման պահը պայմանավորված է մաքսային հայտարարագրի գրանց­ման պահով, իսկ դրանց վճարման ժամկետները՝ ապրանքների բացթողնման հան­գա­ման­քով: Ակնհայտ է, որ ԵԱՏՄ մաքսային օրենսդրությունը հստակ սահմանել է երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամ­կետ­նե­րը, ինչը նշանակում է, որ ազգային օրենսդրությամբ այդ ժամկետներից տար­բեր­­վող ժամ­կետ­ների սահմանումը կարող է հակադրության մեջ մտնել ԵԱՏՄ մաքսա­յին օրենս­դրու­թյամբ ամրագրված կարգավորումներին: Այլ կերպ ասած՝ նախագծի ընդունման դեպքում կարող է ստացվել այնպես, որ երրորդ երկրներից ներմուծվող ապրանք­ների մասով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն` ներ­մուծ­ման մաքսա­տուրքերը և հարկերը պետք է վճարվեն մինչև ապ­րանքների բացթողումը, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրու­թյան համա­ձայն` ապրանքների ներմուծումից հետո մինչև հանջոդող ամսվա 20-ը ներառյալ:

3. Միաժամանակ, հարկ է նկատել նաև, որ վերոնշյալ կարգավորումները «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների մասով մաք­­սա­տուրքերի և հարկերի վճարման ժամկետներին վերաբերող ընդհանուր կարգա­վորում­ներ են և նույն օրենսդրությամբ սահմանված են ընդհանուր կարգավորումներից տար­բերվող կար­գավորում­ներ, որոնք վերաբերում են առանձնահատուկ դեպքերի: Մասնա­վո­րապես, Մաք­­սային միության մաքսային օրենսգրքի 83-րդ և ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 58-րդ հոդ­վածների համաձայն` մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետների փոփո­խու­թյունը կարող է կատարվել հետաձգման կամ տարաժամկետ վճարման ձևով: Նույն հոդվածների (մաս­նավորապես՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մաս) համաձայն` մաք­սա­տուրքերի, հարկերի վճարման ժամկետների փոփոխության հիմքերը, պայմանները և կար­գը սահմանվում է ազգային օրենսդրությամբ:

Ակնհայտ է, որ ԵԱՏՄ մաքսային օրենսդրության համաձայն, մաքսատուրքերի, հար­կե­րի վճարման ժամկետների փոփոխության հնարավորություն նախատեսված է, սակայն այն նա­խատեսված է որոշակի առանձնահատուկ դեպքերի պարագայում հետաձգման կամ տա­րա­ժամկետ վճարման ձևով, այլ ոչ թե ընձեռում է ազգային օրենսդրությամբ առհա­սա­րակ «հա­մատարած» բացառություն սահմանելու իրավունք: Միաժամանակ, հետաձգման կամ տա­րա­ժամ­­կետ վճարման ձևով առանձնահատուկ դեպքերը (հիմքերը) նախատեսվում են ազ­գա­յին օրենսդրությամբ, ինչը Հայաստանի Հանրապետության ազ­գա­յին օրենսդրության պա­րա­գայում սահմանված է և վերաբերում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքի 6.1-ին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված՝ ներ­մուծ­վող ապրանք­ների համար ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգմանը:

Հարկ ենք համարում նշել, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեով ընդունված՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայ­մա­նա­գրերի նորմերը: Վերոգրյալը նշանակում է, որ վերոնշյալ նախագիծը Հայաստանի Հան­րա­պետության Ազգային Ժողովի կողմից ընդունվելու դեպքում այն ուղղա­կիորեն հակասելու է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» համա­ձայնա­գրի և «Եվրասիական տնտե­սական միության մաքսային օրենսգրքի մասին» համա­ձայնա­գրի դրույթ­ներին և Հա­յաս­տանի Հանրապետության Սահմանադրության վերոնշյալ դրույթի ուժով «Բացթողում` ներ­քին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանք­ների ներ­մուծ­ման համար ավե­լաց­ված արժեքի հարկի վճարման ժամկետների առու­մով միևնույն է կիրա­ռելի է լինելու նշյալ հա­մաձայնագրերի դրույթները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-121-30.08.2017, 21.11.2017-ՏՀ-011/1) ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար:

 

Հարգանքով՝   ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ