«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ   ՆԱԽԱԳԾԵՐԻ   (Պ-187-20.11.2017-ՏՀ-011/0  ԵՎ  Պ-1871-20.11.2017-ՏՀ-011/0) ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիսում է հեղինակների մտահոգությունը և կարևորում է նախագծերի փաթեթով առաջարկվող հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը: Համամիտ ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի և իրավունքների պատշաճ պաշտպանության նպատակով վիճակախաղի կազմակերպիչների կողմից՝ 18, իսկ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից՝ 21 տարեկանը չլրացած անձանց վիճակախաղերին կամ շահումով խաղերին (այդ թվում` ինտերնետ շահումով խաղերին) մասնակցելու իրավունք ընձեռելու հնարավորությունները նվազագույնին հասցնելու կամ բացառելու նպատակադրումով անհրաժեշտ է վերանայել գործող օրենքներով սահմանված տուգանքների չափերը:

Այնուհանդերձ հարկ է նշել, որ`

1) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» և 2.1-ին մասի «ա» կետերի համաձայն` շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գործունեության կազմակերպիչն արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ, իսկ 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում նշված պարտականության չկատարման համար նախատեսված է տուգանք` խախտման  յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամի չափով.

2) «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք, իսկ 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով այդ պարտականության չկատարման համար նախատեսված է տուգանք` խախտման  յուրաքանչյուր դեպքի համար` հարյուր հազար դրամ:

Ներկայացված նախագծերով նախատեսվում է սահմանել կազմակերպիչների պարտականությունների չկատարման համար, որպես պատասխանատվության միջոց, խախտման առաջին դեպքի համար՝ երկու միլիոն դրամ, խախտման երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն դրամ, իսկ խախտման երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ տուգանք (ի տարբերություն գործող օրենքներով նախատեսված խախտման յուրաքանչյուր դեպքի համար կիրառվող տուգանքի): Այսինքն, նախագծերով ներկայացված տուգանքի չափը սահմանվում է յուրաքանչյուր անգամ հայտնաբերված խախտման հաջորդական դեպքի համար:

Նախագծերով նախատեսված չէ խախտման դեպքերի միջև ժամկետ:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ՝

Վարչական պատասխանատվությունը, որպես իրավախախտի նկատմամբ ներգործության միջոց, ունի իրավախախտին դաստիարակելու, ինչպես նաև վարչական իրավախախտումները կանխելու նպատակ: Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է, որ վարչական պատասխանատվության միջոցը բխի համաչափության սահմանադրական սկզբունքի էությունից, այսինքն լինի բավարար և համաչափ՝ իր նպատակին ծառայելու համար: Նշվածից ելնելով՝ գտնում ենք, որ, ցանկացած հակաիրավական արարքի համար պատասխանատվության միջոց ու չափ նախատեսելիս, նախ և առաջ անհրաժեշտ է համոզվել, որ դրանք հնարավորություն են տալու հասնելու վարչական պատասխանատվության նպատակների իրականացմանը:

Նախագծերի 1-ին հոդվածներով նախատեսված սանկցիանները չեն համապատասխանում համապատասխանաբար «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14–րդ հոդվածներով նույն խմբի համար սահմանված սանկցիաներին: Այդ առումով վերանայման կարիք ունի նախագծով սահմանվող տուգանքի չափը՝ հաշվի առնելով սանկցիաների համաչափության սկզբունքը:

Նախագծերի համաձայն՝ լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է, եթե կազմակերպիչը չորրորդ անգամ խախտել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, կամ 2.1-ին մասի «ա» կետով, կամ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով  սահմանված պահանջները: Այդ առումով հիմնավորման կարիք ունի, թե նախագծերով ինչու է կազմակերպչին խախտման երեք դեպքի հնարավորություն տրվում:

Ամփոփելով վերը նշվածը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակված 2017 թվականի հոկտեմբերին պետաիրավական նախարարական կոմիտեի նիստում քննարկված Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի հետ ներկայացված հարակից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածներով սահմանված տուգանքին վերաբերող դրույթները, առաջարկում ենք նախագծերի կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունները քննարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նոր օրենսգրքով առաջարկվող իրավակարգավորումների համատեքստում: Առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:

Միաժամանակ մեր պատրաստակամությունն ենք հայտնում նախագծերի հեղինակների հետ քննարկել նախագծերի կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունների կարգավորումը վարչական պատասխանատվության միջոցի համաչափության տեսանկյունից, որը լինի բավարար և համաչափ՝ իր նպատակին ծառայելու համար: