«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-174-03.11.2017-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Առաջարկում ենք օրենքի նախագծի 1-ին հոդվածում՝

1) առաջին պարբերությունից հանել «հետևյալ բովանդակությամբ» բառերը.

2) «քվեարկող բաժնեմաս» բառերը փոխարինել «բաժնեմաս» բառով, քանի որ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրական կապիտալը բաժանված է բաժնեմասերի, որոնք չեն կարող լինել քվեարկող՝ ի տարբերություն բաժնետիրական ընկերությունների, որոնց կանոնադրական կապիտալը, համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջների, բաժանվում է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստող որոշակի թվով բաժնետոմսերի:

  1. Օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունն առաջացնում է նաև այլ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտություն: Խոսքը, մասնավորապես, արտահերթ ընդհանուր ժողովի գումարման հետ կապված ծախսերի փոխհատուցման, արտահերթ ընդհանուր ժողովի գումարում պահանջող մասնակիցների կողմից ներկայացվող պահանջին վերաբերող դրույթների մասին է: Ի դեպ՝ բաժնետիրական ընկերությունների մասով նման հարաբերությունները կարգավորված են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով:

Առաջարկում ենք օրենքի նախագիծը լրացնել նշված հարաբերությունների կարգավորմանն ուղղված իրավադրույթներով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մշակում է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթ, որում անդրադարձ է արվում նաև օրենքի նախագծով ներկայացված խնդրի կարգավորմանը։