«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  (Պ-132-23.09.2017-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒԸ

Համաձայնելով օրենքի նախագծի ընդհանուր գաղափարին (գյուղացիական տնտեսություններին աջակցությանը), այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված նպատակին անհրաժեշտ է հասնել այլ՝ առավել արդյունավետ ուղիներով և առաջարկում է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված դիտողությունները՝  

  1. Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի` անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող՝ հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար նույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածով գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկային արտոնությունների շրջանակի սահմանումն ունի հստակ ընդգծված տրամաբանություն և նպատակադրում:

Այնինչ, օրենքի նախագծով ներկայացված առաջարկությունը հակադրվում է նշված տրամաբանությանը, քանի որ առաջարկվում է սահմանել հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից կախված արտոնության նոր տեսակ: Անվիճելի է այն հանգամանքը, որ բնակլիմայական աղետները հարկ վճարողի կամքից ու գործողություններից անկախ են, սակայն հարկ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ ներկայումս հողի հարկը (2018 թվականից սկսած` անշարժ գույքի հարկը) կախված չէ հարկ վճարողի տնտեսական գործունեության արդյունքներից: Ընդ որում, հողօգտագործողի կրած վնասները կարող են պայմանավորված լինել նաև հարկ վճարողի կամքից ու գործողություններից անկախ այլ պատճառներով: Միաժամանակ, չի բացառվում նաև նշված պատճառներով անշարժ գույքի հարկով հարկվող այլ օբյեկտների օգտագործման (եկամուտների ստացման) սահմանափակումը կամ անհնարինությունը, ինչը չի կարող արտոնությունների տրամադրման համար հիմք հանդիսանալ: Կարծում ենք, որ անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ սահմանելու վերաբերյալ առաջարկությունը խնդրի լուծման միակ, համենայն դեպս՝ լավագույն միջոցը չէ և գտնում ենք, որ խնդիրն անհրաժեշտ է լուծել այլ՝ ավելի հասցեական և արդյունավետ գործիքների միջոցով, օրինակ ապահովագրության գործիքի ներդրմամբ (տե´ս ստորև):

  1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 186-րդ հոդվածի 1-ին կետի՝ համայնքի պարտադիր խնդիրների լուծման նպատակով օրենքով սահմանվում են հարկային և ոչ հարկային այնպիսի աղբյուրներ, որոնք անհրաժեշտ են այդ խնդիրների լուծումն ապահովելու համար: Մասնավորապես, հարկային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով հարկային այդպիսի աղբյուրներ են համարվում անշարժ գույքի հարկն ու փոխադրամիջոցների գույքահարկը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի նախագծում նախատեսված չէ արտոնության տրամադրման դեպքում համայնքի եկամուտների կորստի փոխհատուցման ֆինանսավորման աղբյուրի մասին դրույթ, ուստի, կարելի է ենթադրել, որ այդ կորուստները ենթակա են ֆինանսավորման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ համաձայն «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի:

Մինչդեռ, մի կողմից համայնքների սեփական եկամուտների նվազեցումը հակասում է «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» նախաբանին, որում խարտիան վավերացրած երկրները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, համակարծիք են, որ խարտիային միացած երկրներում տեղական ինքնակառավարման պաշտպանությունն ու ամրապնդումը նշանակալից ներդրում են ժողովրդավարական սկզբունքների և ապակենտրոնացված իշխանության վրա հիմնված պետության կառուցման գործում, մյուս կողմից էլ ավելի է մեծացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի վրա ճնշումը: Վերջինս, մասնավորապես, պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, բացի համայնքների սեփական եկամուտների կորուստների փոխհատուցման հետ պայմանավորված ծախսերի աճից, պետք է ավելացնի ֆինանսական համահարթեցման նպատակով տրամադրվող դոտացիաները, քանի որ, համաձայն «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ֆինանսական համահարթեցումը, ի թիվս այլ գործոնների, հակադարձ կախվածության մեջ է համայնքների սեփական եկամուտներից (համայնքի եկամտային կարողություն): Արդյունքում, օրենքի նախագծով առաջարկվող արտոնությունը կունենա կրկնակի բացասական ազդեցություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի վրա:

  1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ՝ ԱՎԾ) «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման հիմնական արդյունքները» ժողովածուի 1-ին բաժնի 1-ին աղյուսակում նշված է, որ ֆիզիկական անձ գյուղացիական տնտեսությունները կազմում են 360611, որոնց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 513000 հեկտար: Ստացվում է, որ մեկ գյուղացիական տնտեսությանը միջինում բաժին է ընկնում 1.48 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող: Հաշվի առնելով այն, որ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկի հաշվարկային մեծությունը 2016 թվականին կազմել է 3.2 մլրդ դրամ՝ կարելի է ենթադրել, որ գյուղացիական տնտեսությունների հողի հարկի տարեկան պարտավորությունը միջինում կազմել է 8800 դրամ (1.48 հեկտար հողի համար) կամ մեկ հեկտարի դիմաց՝ 6188 դրամ: Մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն, ամենաբարձր հաշվարկային զուտ եկամտաբերություն ունեցող գյուղատնտեսական նշանակության հողը՝ Մերձ-արաքսյան գոտում գտնվող խաղողի պտղատու այգին է, որի մեկ հեկտարի հաշվարկային զուտ եկամուտը կազմում է 423300 դրամ, իսկ անշարժ գույքի հարկը, համաձայն հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, կազմում է տարեկան 63495 դրամ: Փաստորեն, ելնելով ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից, 2016 թվականի մեկ կգ խաղողի գինը՝ 190 դրամ և 1 հեկտար խաղողի այգու միջին պտղատվությունը՝ 150 ցենտներ է (15000 կգ), կարելի է հաշվարկել, որ ամենաթանկ գյուղատնտեսական նշանակության հողի մեկ հեկտարի դիմաց անշարժ գույքի հարկը կազմում է այդ հողի միջին եկամտաբերության 2.2 տոկոսը (63495/190x15000): Նշված հաշվարկների հիման վրա ակնհայտորեն կարելի է եզրակացնել, որ անշարժ գույքի հարկի գումարը կարող է բնակլիմայական աղետների հետևանքով գյուղացիական տնտեսությունների կրած վնասի աննշան տոկոսը կազմել:
  2. Հարկ է նկատել, որ ներկայացված առաջարկությունը կարող է չարաշահումների տեղիք տալ, և ստեղծել խթաններ՝ գյուղատնտեսական նշանակության հողերի պարապուրդի հանձնման համար: Մասնավորապես, այն դեպքում, երբ 10 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողից միայն մոկ հեկտար տարածքն է օգտագործվել բերք ստանալու համար, և աղետի հետևանքով այդ հողօգտագործողն ունեցել է բերքի 100 տոկոս կորուստ, օրենքի նախագծով ներկայացված առաջարկության ընդունման դեպքում կստացվի, որ փաստացի ազատվում է 10 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի անշարժ գույքի հարկից: Հետևաբար ստացվում է, որ ստեղծվում են գյուղատնտեսական նշանակության հողերը անմշակ թողելու խթաններ: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկության ընդունման դեպքում համայնքների բյուջեների կորուստները փոխհատուցվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ֆինանսավորում է գյուղատնտեսական նշանակության հողերի պարապուրդի հանձնումը: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ նման մոտեցումը հակասում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը, որն ուղղված է պարապուրդում գտնվող գույքի առավել խիստ հարկմանը՝ նպատակ ունենալով դրանով իսկ խթանել տնտեսության մեջ ավելացված արժեքի ստեղծմանը:
  3. Պարզ չէ նաև, թե ինչ հաշվարկների հիման վրա է օրենքի նախագիծը` որպես հարկային արտոնության տրամադրման սահմանային չափ, նախատեսել վնասի հենց 40 տոկոսը, քանի որ օրենքի նախագծի հիմնավորման մեջ ներկայացված տվյալները` գյուղացու կատարած ծախսերն ակնկալվող եկամտի 50-60 տոկոսը կազմելու վերաբերյալ, փաստարկված չեն համապատասխան վերլուծություններով, հաշվարկներով, ինչը թույլ չի տալիս գնահատելու առաջարկվող կարգավորման հիմնավորվածությունը:
  4. Օրենքի նախագիծը վնասների չափը գնահատելու իրավասություն է տալիս լիազոր մարմնին: Այս առումով, հարկ է նշել, որ վնասների գնահատման պրոցեսուալ կողմն իրավական կարգավորման ենթարկված չէ: Այսպես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին» N 1582-Ն որոշմամբ հաստատված կարգը, համակարգային դիտարկելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում տրված «արտակարգ իրավիճակ» հասկացության հետ, կարելի է եզրահանգել, որ օրենքի նախագծով նախատեսված դեպքը ոչ բոլոր պարագաներում կարող է դիտարկվել որպես արտակարգ իրավիճակ և իրավական կարգավորման ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշման շրջանակներում: Հետևաբար, առաջանում է նաև վնասի գնահատման կարգի վերաբերյալ իրավակարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն: Մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի իմաստով լիազոր մարմինները, համաձայն նույն բաժնի 226-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, երկուսն են՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմինը և հաշվառող մարմինները՝ տեղական ինքնակառավարման մարմինները: Հետևաբար պարզ չէ, թե նշված լիազոր մարմիններից, որը պետք է իրականացնի վնասի գնահատման գործառույթը:
  5. Օրենքի նախագծով առաջարկվում է տնամերձ հողերի դեպքում ևս նախատեսել անշարժ գույքի հարկից ազատում: Այդ հանգամանքն էականորեն կբարդացնի արտոնության տրամադրման վարչարարությունը, քանի որ միայն Երևանում առկա են ավելի քան 80 հազար բնակելի տուն, որոնցից գրեթե բոլորն ունեն տնամերձ հողատարածք, և, եթե գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում օրենքի նախագծի հեղինակների մտահոգությունն ինչ-որ առումներով հասկանալի է, ապա տնամերձ հողերի համար պարզ չէ, թե արտոնության նախատեսումն ինչ նպատակ ունի:
  6. Անհրաժեշտ է նշել, որ համայնքների ավագանիներին արդեն իսկ տրված է արտոնությունների տրամադրման իրավասություն, և առաջարկվող աջակցությունը կարող է տրամադրվել հենց այդ գործիքի կիրառմամբ՝ համայնքի ավագանու որոշմամբ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, համայնքի ավագանին՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ և համայնքի ավագանու սահմանած կարգով կարող է սահմանել անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ և դրանց մասով կայացնել անշարժ գույքի հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու որոշումներ:
  7. Հարկ է նշել, որ ներկայումս գյուղատնտեսական ոլորտը գտնվում է բավականին արտոնյալ դիրքում. ազատված է շահութահարկից, մինչև ԱԱՀ-ով չհարկվող շեմի չափով շրջանառություն ունենալու դեպքում՝ ԱԱՀ-ից, ինչպես նաև ոլորտի համար սահմանված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սուբսիդավորման մի շարք մեխանիզմներ: Ինչ վերաբերում է բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությունը պաշտպանելուն միտված Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությանը, ապա հայտնում ենք հետևյալը՝

1) բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության դիմակայության մակարդակի բարձրացման, ոլորտի ռիսկերի մեղմման ու հասցվող վնասների կանխարգելման բնագավառում պետական քաղաքականության հստակեցման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 15 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգը: Հայեցակարգի շրջանակներում, գյուղատնտեսության ոլորտի ռիսկերի մեղմման գործընթացում կարևորվում է  ռազմավարական մեծ նշանակություն ունեցող կարկտահարության դեմ պայքարը, հաշվի առնելով նաև այն փաստը, որ  մթնոլորտային վտանգավոր երևույթներից տնտեսությանն ամենամեծ վնասը հասցնում է կարկտահարությունը: Հետևապես, տվյալ ուղղությունը շեշտակի զարգացնելու, մասնավորապես, պաշտպանվող տարածքներն ընդլայնելու, հակակարկտային ներգործության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, հակակարկտային պաշտպանության նոր միջոցներ փորձարկելու և ներդնելու նպատակով իրականացվում են համապատասխան միջոցառումներ:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 11-ի N 533–Ն որոշմամբ հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 75.95 մլն դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Ծրագրի շրջանակներում 2017 թվականին նախատեսված է Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանի արդիականացում, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Արմավիրի մարզերում 3 հրթիռային  արձակիչ կայանի տեղադրում:

Միաժամանակ, մատչելի պայմաններով, մասնավորապես, նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսությունում տնտեսվարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի ներդրումը, արդյունքում՝ պտղատու և խաղողի այգիների՝ կարկուտից արդյունավետ պաշտպանությունը, տնտեսվարողների եկամուտների պահպանումն ու այգեգործության արդյունավետության բարձրացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 15 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: Ծրագրի շրջանակներում  խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման համար 2018 թվականին  կիրականացվի վարկերի տրամադրում՝  հայկական դրամով,  7 տարի մարման ժամկետով, վարկի տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկը տնտեսվարողին տրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով: Ծրագիրը հնարավորություն կտա տարեկան սուբսիդավորել 1,350 հեկտար խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրված վարկերի տոկոսադրույքը.

2) բնակլիմայական աղետների հետևանքով  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությանը հասցվող  վնասների կանխարգելման և տնտեսվարողների վնասների մեղմման գործընթացում կարևորվում է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծումը և համակարգի աստիճանական ներդրումը, որը  գյուղատնտեսության ոլորտում իրականացվող  պետական քաղաքականության կարևորագույն ուղղություններից է: 2018 թվականից կիրականացվի Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի  իրականացման համար պետական աջակցություն ծրագիրը, որն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017  թվականի   հուլիսի 6-ի  N 818-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում: Ծրագրի իրականացման համար 2018-2020 թվականներին յուրաքանչյուր տարի նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացնել 885.0 մլն դրամ: