«Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  նախագծի (Պ-123-31.08.2017-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է պետական ծառայության մրցութային հանձնաժողովների ձևավորման ընթացակարգի թափանցիկությունն ու անաչառությունն ապահովելու նպատակով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածում, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրինակով, նախատեսել պետական ծառայության մրցութային հանձնաժողովների ձևավորման ընթացակարգի վերաբերյալ դրույթներ: Այսպես, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` քաղաքացիական ծառայության մրցութային հանձնաժողովների կազմերն ընտրվում են այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահականության սկզբունքով ընտրված թեկնածուներից՝ յուրաքանչյուր մրցույթի անցկացումից ոչ շուտ, քան քսանչորս ժամ առաջ: Օրենքը միևնույն ժամանակ սահմանում է մրցութային հանձնաժողովի կազմի հստակ հարաբերակցություն:

Միաժամանակ առաջարկում ենք օրենքի նախագծի հետագա քննարկման ժամանակ նկատի ունենալ այն, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի ՆԿ-263-Ա կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ հանրային ծառայությունների համակարգի բարեփոխումների ապահովման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: