«Ձերբակալված  ԵՎ  կալանավորված  անձանց  պահելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի (Պ-117-18.08.2017-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Նախագծով առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ ենք համարում դիտարկել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) և այլ օրենքների համապատասխան կարգավորումների հետ համակարգային կապի մեջ, քանի որ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգավորման իրական նպատակն ու սահմաններն ուրվագծվում են այլ օրենքների կարգավորիչ ազդեցությամբ: Բացի դրանից, խնդրո առարկա հարցի համակողմանի մեկնաբանման տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև «տեսակցություն» և «անարգել մուտք և ելք» հասկացությունների իրավական բովանդակությանը:        

Այսպես, օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունն օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` դրա մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին: Նույն օրենքի 48-րդ հոդվածը սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց  հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն:

Ելնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված  իրավական ակտի մեկնաբանման կանոններից` կարող ենք փաստել, որ  «տեսակցություն» և «անարգել մուտք և ելք» հասկացությունները տարբեր իրավական բովանդակություն ունեն և որևէ կերպ չեն նույնանում: Ասվածն ամրապնդվում է նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի այն դրույթի առկայությամբ, ըստ որի` նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները:

Վերոնշյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում կարող ենք փաստել, որ օրենսդիրը քննարկման առարկա երկու հասկացությունները նույնացնելու նպատակ չի հետապնդել, և թերևս դա է պատճառը, որ օրենքում սահմանվել են միմյանցից տարբեր երկու ռեժիմներ, այն է` տեսակցությունն ու անարգել մուտքը և ելքը:

Հիշյալ օրենսդրական դրույթների տրամաբանությունից ելնելով էլ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին N 195-Ն հրամանի 68-րդ կետում հստակ տարանջատում է դրվում մուտքի և ելքի իրավունքի և տեսակցություն ունենալու իրավունքի միջև` սահմանելով, որ`

Յուրաքանչյուր անձի մուտքը hիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս իրականացվում է սահմանված կարգով տրված թույլտվության հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և տվյալ hիմնարկի ծառայողների ու վարձու աշխատողների: Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտքի և ելքի իրավունքը չի ենթադրում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ տեսակցություն ունենալու իրավունք: Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ տեսակցությունները տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

Միաժամանակ,  հարկ  ենք  համարում  oրենքի  15-րդ  հոդվածի  9-րդ  մասի դրույթները դիտարկել ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցելու վերաբերյալ կարգավորումներ նախատեսող այլ իրավական ակտերի համապատասխան դրույթների հետ համակարգային կապի մեջ:

Այսպես, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի  28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` պաշտպանն իրավասու է իր ընտրությամբ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) և անարգել տեսակցելու ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ, ինչպես նաև առանձնազրույցներ ունենալու նրանց հետ, համապատասխան հաստատությունների աշխատողների կամ նշված վայրում գտնվող կամ համապատասխան տեղեկություն ունեցող ցանկացած այլ անձի հետ, անհրաժեշտության դեպքում ներգրավել թարգմանիչ, օգտագործելու տեխնիկական միջոցներ: Առանձնազրույցները ենթակա չեն միջամտության կամ գաղտնալսման որևէ մարմնի կամ երրորդ անձի կողմից:

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ դատավորի ձերբակալումը կատարած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել վճռաբեկ դատարանի նախագահի անարգել մուտքն այն վայր, որտեղ պահվում է ձերբակալված դատավորը, և ապահովել նրա տեսակցությունը դատավորի հետ:

Ինչպես տեսնում ենք, հիշյալ օրենքներում ևս օրենսդիրը «տեսակցություն» և «անարգել մուտք և ելք» հասկացությունները դիտարկել է որպես տարբեր իրավական բովանդակություն ունեցող ռեժիմներ` սահմանելով դրանք որպես միմյանցից ինքնուրույն իրավունքներ: Ուստի, ակնհայտ է, որ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը  վերաբերում է հենց այն բացառություններին, որոնք  ուղղակիորեն ամրագրված են ոչ միայն անարգել մուտքի և ելքի, այլ նաև անարգել տեսակցելու վերաբերյալ համապատասխան դրույթներ պարունակող օրենքներում:

Անհրաժեշտ է օրենքի 48-րդ հոդվածով սահմանված անձանց կողմից ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ անարգել տեսակցելու հարցին անդրադառնալ նաև քննության շահի տեսանկյունից: Այսպես, եթե վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ արգելվում է ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունը, ապա այդ արգելքը պետք է վերաբերի նաև Ազգային ժողովի պատգամավորին` նկատի ունենալով վերջինիս հնարավոր շահագրգռվածությունը տվյալ քրեական գործի ելքով, ինչպես նաև նախաքննական գաղտնիք համարվող տեղեկությունների արտահոսքը, կասկածյալի կամ մեղադրյալի դեմ վկայություն տված անձի ինքնության ժամանակավրեպ բացահայտումը, վերջիններիս նկատմամբ ապօրինի ներգործությունը կանխելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հակառակ դեպքում, կստեղծվի արդարադատության շահի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման իրական վտանգ: Ելնելով վերոշարադրյալից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ: