«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-057-07.07.2017-ՊԻՄԻ-011/0 նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները.

  • Առաջարկում եմ հանել Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին կետը, քանի որ ոչ բոլոր փաստաբանները հնարավորություն ունեն միանգամից վճարելու ողջ տարվա համար նախատեսված անդամավճարի գումարը, ավելին՝ կարող են առաջանալ վերադարձման հիմքեր, օրինակ՝ արտոնագրի գործողությունը տարվա կեսից կասեցնելու դեպքում, և այդ ժամանակ ավելորդ անգամ փաստաբանը պետք է դիմի՝ հետ ստանալու համար իր կանխավճարը:
  • Առաջարկում եմ Նախագծի 29-րդ հոդվածով որպես լրացում առաջարկվող արտոնագրի գործողության դադարեցման՝ անդամավճարը չվճարելու հիմքերը հանել նախագծից, քանի որ փաստաբանը շատ երկար ժամանակ, գիտելիք ու միջոցներ է ծախսում փաստաբան դառնալու համար, և նման հիմքի նախատեսումն արդարացի չէ նրա նկատմամբ. չվճարման պատճառները կարող են տարբեր լինել՝ ֆինանսական ժամանակավոր դժվարություններից մինչև ուղղակի մոռացության մատնվելը: Առաջարկում եմ 3 ամսվա անդամավճարի պարտավորության կուտակման դեպքում փաստաբանին ուղարկել հիշեցում:
  • Առաջարկում եմ Նախագծի 23-րդ հոդվածի 4-րդ կետը հանել նախագծից, քանի որ արտոնագիրը կասեցրած փաստաբանը՝ անկախ այն հանգամանքից, թե կասեցումը եղել է որոշակի թե անորոշ ժամկետով, չի օգտվում փաստաբանների պալատի որևէ ծառայությունից, չունի պալատի ղեկավար մարմինների ձևավորմանը մասնակցելու իրավունք և առավել ևս փաստաբանական գործունեություն չի իրականացնում ու ըստ այդմ շահույթ չի ստանում նման գործունեությունից, հետևաբար չպետք է վճարի փաստաբանների պալատի անդամավճար: