ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Պ-025-20.06.2017-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ

ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

N

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

11

ՀՀ կառավարություն

Նախագիծ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենս­գրքում լրա­ցում­ներ և փոփոխություն կատարելու մասին» Հա­յաս­­տանի Հանրա­պե­տու­թյան օրենքի նա­խա­­գծով (այսուհետ՝ օրենքի նախագիծ) նախատեսվում է սահմանել քաղաքացուն անգործունակ ճա­նաչելու գործով վարույթին անգործունակ ճանաչվող քաղաքացու պարտադիր մասնակ­ցու­թյան պահանջ այն դեպքում, եթե քաղաքացու մասնակցությունը դատական նիստին վտանգ չի ներկայացնում քաղաքացու կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար կամ քա­ղա­քա­ցու առողջական վիճակը չի խոչընդոտում դատական նիստին նրա մասնակցությանը: Իսկ այն դեպքում, եթե դատարանում դատական նիստին քաղաքացու մասնակցությունը վտանգ է ներ­կայացնում քաղաքացու կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար կամ քաղա­քա­ցու առողջական վիճակը խոչընդոտում է դատական նիստին նրա մասնակցությունը, գործը պետք է քննվի քաղաքացու գտնվելու վայրում, այդ թվում` հոգեբուժական հաստատությունում: Օրենքի նախագծի վերաբերյալ.

1) անգործունակ ճանաչվող անձի` արդար դատաքննության կոնվենցիոն իրա­վունքի ապա­հովման, ինչպես նաև վերջինիս հոգեկան վիճակի մասին դատարանի կողմից սեփական պատկերացումը կազմելու տեսանկյունից դատական նիստին անգործունակ ճանաչվող անձի պար­տադիր մասնակցության անհրաժեշտությունը կասկած չի հարուցում: Դրա մասին է վկա­յում նաև խնդրո առարկա գործերով Մարդու իրավունքների եվրո­պական դատարանի (այսու­հետ` ՄԻԵԴ) դատական պրակտիկան: Միևնույն ժամանակ, ելնելով անգործունակ ճանաչվող ան­ձի իրավունքների և օրինական շահերի լիարժեք պաշտպանության անհրաժեշտությունից, հարկ է նկատի ունենալ այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքա­ցիա­կան դատավարության նոր օրենսգրքի նախագծով առաջարկվող կարգավորումները, համա­ձայն որոնց` անձին անգործունակ ճանաչելու գործերով վարույթներին պարտադիր պետք է մաս­նակ­ցի ոչ միայն խնամա­կալության և հոգաբարձության մարմինը և անգործունակ ճանաչվող անձը, այլև վերջի­նիս փաստաբանը: Նախագծով նախատեսվում են նաև նշված վարույթներով փաստաբանի պարտադիր մասնակցությունն ապահովող համապատասխան երաշխիքներ` Փաս­տա­բանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով: Այս կապակցու­թյամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր 2015 թվականի ապրիլի 7-ի N ՍԴՈ-1197 որոշմամբ արձանագրել է, որ անհրաժեշտ է ապահովել հոգեկան հիվան­դու­թյամբ տառապող անձանց լսվելու իրավունքը և երաշխավորել ամբողջ դատավարության ընթաց­քում փաստաբանի մասնակցությունը: Հատկանշական է, որ ՄԻԵԴ-ը ևս մի շարք գործերի շրջա­նակներում արձանագրել է անձին անգործունակ ճանաչելու գործերով հոգե­կան խանգա­րում ունեցող անձ` անձամբ, իսկ անհրաժեշ­տության դեպքում` ներկայա­ցուցչի միջոցով լսվելու իրա­վունքը: Ավելին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1991 թվականի N 46/119 բանաձևով ըն­դուն­ված` հոգեկան հիվանդություններով տառապող անձանց պաշտպանության և հոգեբու­ժա­կան օգնության բարելավման սկզբունքով ևս երաշխավորվում է այն անձին փաստաբանի մի­ջո­ցով ներկայացնելու իրավունքը, ում գործունակությունը հանդիսանում է դատական քննության առար­կա: Ուստի, հաշվի առնելով քննարկվող հարցի կապակցությամբ Հայաստանի Հանրա­պե­տության Սահմանադրական դատարանի, ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դիր­քո­րո­­շումները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավա­րու­թյան նոր օրենս­գրքի նախագծով նախատեսվող կարգավորումները, առաջար­կում ենք, որպես անգործունակ ճանաչվող անձի իրավունքների և օրինական շահերի պաշ­տպանության լրացուցիչ երաշխիք, օրենքի նախագծում նախատեսել անձին անգործունակ ճա­նա­չելու գործերով այդ անձի փաստաբանի պարտադիր մասնակցության վերաբերյալ համա­պա­տասխան կարգավորումներ.

2)  օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման մեջ օգտագործվող «խոչընդո­տում է դատական նիստին նրա մասնակցությունը» ձևակերպումը թույլ է տալիս ենթադրել, որ «գոր­ծը քաղաքացու գտնվելու վայրում, այդ թվում` հոգեբուժական հաս­տատությունում, քննելը» չի հա­մարվում դատական նիստում գործի քննություն, մինչդեռ տվյալ դեպքում խոսքը վերա­բե­րում է Հա­յաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդ­վածի 2-րդ մասով նախատեսված այն դեպքին, երբ դատական նիստն իրականացվում է ար­տագնա` դատական նիստերի դահլիճից դուրս: Հաշվի առնելով շարադրվածը` առաջարկում ենք օրենքի նախագծով սահ­մա­նել այնպիսի ձևակերպում, որից հստակ կբխի, որ գործի քննու­թյունը բոլոր դեպքերում կա­տար­վում է դատական նիստում.

3) առաջարկում ենք օրենքի նախագծում օգտագործվող «քաղաքացու գտնվելու վայր» բառերը փոխարինել «բնակության վայր» բառերով, քանի որ Հայաստանի Հանրա­պետության քաղաքացիական դատավարու­թյան օրենսգրքի համաձայն` օրենքի նախագծով ներկայացված ձևակերպումը կիրառելի է ոչ թե ֆիզիկական, այլ իրավաբանական անձանց նկատ­մամբ.

4) առաջարկվող կարգավորումների հա­մա­տեքս­տում հարց է ծագում, թե ինչ ընթա­­ցա­կար­գով և ինչ չափանիշների հիման վրա է դա­տա­րա­նը որոշելու` արդյոք անձի մասնակ­ցությունը դատական նիստին վտանգ է ներկայացնում վեր­ջինիս կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար, թե` ոչ: Այս առումով ներկայացված նորմը հստակեցման կարիք ունի.

5) անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու մասին դիմում ներկայաց­նելու իրա­­վունքը նաև այդ քաղաքացուն վերապահելու դրույթը ՀՀ սահմանա­դրա­կան դատարանի 2015 թվականի ապրիլի 7-ի N ՍԴՈ-1197 որոշման լույսի ներքո առկա օրենսդրական բացը լրաց­նելու նպատակով օբյեկտիվ անհրաժեշտություն է: Այդուհանդերձ, թեև օրենքի նախա­գծով սահմանվում է անգործունակ ճանաչված անձի` գործունակ ճանաչելու վերաբերյալ դի­մում ներկայացնելու իրավունքը, սակայն բացակայում են անգործունակ ճանաչված անձանց գոր­ծունակ ճանաչելու առնչությամբ պարբերաբար վերանայման մեխանիզմներ նախատեսող կար­­գավորումներ: Այս կապակցությամբ ուշադրության է արժանի ՄԻԵԴ-ի Միխայլենկոն ընդ­դեմ Ուկրաինայի գործով 2013 թվականի օգոստոսի 30-ի որոշումը, որի շրջանակներում ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ ներպետական օրենսդրությամբ անգործունակ ճանաչված ան­ձանց գործերի` դատարանի կողմից պարբերական վերանայման կարգ նախատեսված չլինելը հան­գեցնում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մա­սին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրա­վունքի խախտման: Անգործունակ ճանաչված անձանց գործերով պարբերաբար վերանայ­ման ինստիտուտի առկայության անհրաժեշտությունն ընդգծվել է նաև Եվրոպայի խորհրդի նա­­խարարների կոմիտեի «Անգործունակ չափահասների իրավական պաշտպանությանն առնչվող սկզբունքների մասին» 1999 թվականի փետրվարի 23-ի R(99)4 հանձնարարականով:

Առաջարկում ենք օրենքի նախագծում նախատեսել անգործունակ ճանաչված անձանց գործու­նակ ճանաչելու գործերի պարբերաբար վերանայ­ման մեխանիզմներ:

Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ այն, որ անգործունակ ճանաչված անձանց իրենց գործունակ ճանաչելու դիմումներն անձամբ ներկայացնելու իրավունքի վերապահումը կա­րող է խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության դատարան­ների ներկայիս ծան­րա­բեռնվածության պայմաններում անգործունակ ճանաչված անձանց կողմից բազմաթիվ ան­հիմն դիմումներ ներկայացնելու վտանգի տեսանկյունից: