«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-019-12.06.2017-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ օրենքի նախագիծ)՝

1) 1-ին հոդվածից հանել «2-րդ» թիվը, քանի որ օրենքի նախագծի ընդունման դեպքում քննիչը պարտավորված կլինի քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենն ուղարկել մեղադրյալին՝ նույնիսկ այն դեպքերում, երբ վերջինս թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ): Այդ առումով գտնում ենք, որ առաջարկվող օրենսդրական կարգավորումը չի բխում քննության շահերից՝ չհետապնդելով որեւէ իրավաչափ նպատակ: Հարկ է նշել նաեւ, որ օրենքի նախագծի նշված դրույթը վիճահարույց է՝ գործնականում իրագործելու տեսանկյունից. պարզ չէ, թե քննիչն ինչ հասցեով պետք է ուղարկի քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը, եւ որ դեպքերում քննիչի այս դատավարական պարտականությունը կհամարվի կատարված.

2) օրենքի նախագծի վերնագրում «լրացում» բառը փոխարինել «փոփոխություն» բառով՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի պահանջները: