ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-723-27.11.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.        

Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում ենք՝            

1. 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերը լրացնել «հոկտեմբերի 4-ի» բառերից հետո հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները:

2. 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 341-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող նոր՝ 4-րդ կետում «կասեցվում է մինչև» բառերից հետո հանել «Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 77-րդ կետով սահմանված տեղեկություններին համապատասխանող » բառերը:

3. Նախագծի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Հարկային օրենսգրքի 350.1-ին հոդվածի 1-ին մասից հետո շարադրված պարբերությունը միավորել 1-ին մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ մասից հետո շարադրված պարբերությունը` 2-րդ մասին:         

4. Նախագծի 4-րդ հոդվածի՝     

1) վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը,   

2) 1-ին մասին հաջորդող կետերի բաժանված չհամարակալված պարբերությունն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը:

Հիմք ընդունելով վերոգրյալը 1-ին մասին հաջորդող կետը համարակալվել  է որպես 2-րդ կետ, որի արդյունքում հաջորդող կետերի համարակալումը փոփոխվել է:    

3) 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետում «Հանրային ծառայության մասին» օրենքի անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, որի համաձայն.

«Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:        

Նույն առաջարկը վերաբերելի է նաև Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետում, 2-րդ կետի «գ» և «ե» ենթակետերում օրենքների անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին,

4) 2-րդ (խմբագրված 3-րդ) մասից հետո լրացնել նոր 4-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.       

«4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:»

հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

Հարգանքով՝    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ