ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի (Կ-715-20.11.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփո-խությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

 Առաջարկում ենք հետևյալը.

  1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով ամրագրված սկզբունքները կիրառելի չեն համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթում:

«Սկզբունք» հասկացությունը իրավունքի տեսությունը բնորոշում է որպես ելակետային դրույթ, հիմնարար գաղափար, որն արտահայտում  է իրավունքի էությունը, պայմանավորված է իրավունքով կարգավորվող հասարակական հարաբերությունների էությամբ և որոշիչ դեր է խաղում իրավական նորմերի ստեղծման, կիրառման և մեկնաբանման փուլերում: Այս ընդհանրական բնորոշումը հատուկ է նաև պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Օրենսդիրն ամրագրել է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի սահմաններում՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

Համաձայանությամբ տուգանք նշանակելու վարույթը իրենից ներկայացնում է քրեադատավարական պարզեցված ընթացակարգ, որն իրականացվում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում՝

1)  հանրային մեղադրանքի կարգով հետապնդվող քրեական գործը ոչ մեծ ծանրության է,

2) մեղադրյալը պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի իմաստով առաջին անգամ կատարած լինի հանցանք,

3) անձը պետք է նախաքննության փուլում, պաշտպանի ներկայությամբ ընդունի առաջադրված մեղադրանքը և տա իր համաձայնությունը սույն վարույթի կարգով գործը քննելու վերաբերյալ,

4) վարույթի կիրառումը բացառվում է այն գործերով, որոնցով մեղադրյալին մեղսագրվող արարքով վնաս է պատճառվել մասնավոր անձի շահերին,

5) դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին որոշման մեջ դիրքորոշում է հայտնել քրեական գործը սույն վարույթի կարգով քննելու վերաբերյալ,

6) դատարանը ստանալով համապատասխան քրեական գործը և հավաստվելով, որ առկա են սույն վարույթի կիրառման հիմքերը ու պայմանները եռօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի քրեական գործի վարույթը ստանձնելու և համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ հարուցելու մասին,

7) վարույթը հարուցելու որոշման մեջ պետք է նշում կատարվի այն գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին՝ սահմանելով դատավճռի կայացման օրը,

8) սույն վարույթի կիրառման արդյունքում գրավոր ընթացակարգով կայացվում է մեղադրական դատավճիռ, որով անձի նկատմամբ նշանակվում է հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը,

9) դատավճիռը կայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված մեղադրյալին, նրա պաշտպանին, հանրային մեղադրողին: Կայացված դատավճռի բողոքարկման հիմքերը սահմանափակ են: Դատավճիռը ուժի մեջ է մտնում ընդհանուր կարգով և ուղարկվում է կատաման:

Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ համաձայանությամբ տուգանք նշանակելու վարույթը որոշակի առանձնահատկություններ ունեցող քրեադատավարական ընթացակարգ է, որի արդյունքում կայացվող դատավճիռը  և նշանակվող պատիժը պետք է համապատասխանեն օրենքով սահմանված պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 77-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Ոչ մեծ ծանրության ավարտված կամ չավարտված հանցագործություններով համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը՝ առանց լրացուցիչ պատիժ և անվտանգության միջոց նշանակելու:»: Այս կարգավորման շրջանակում նախատեսվող տուգանքը ոչ թե հանդիսանում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքից շեղում, այլ դիտարկվում է որոշակի պայմանների միաժամանակյա առկայությամբ այն արդարացի պատիժը, որը նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և սահմանված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով:

Հետևաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող լրացումը հանել:

  1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետում և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված «լրացնել» բառն առաջարկում ենք գրել մեծատառով, որպես նոր սկսվող նախադասություն:
  2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 77-րդ հոդվածի 6-րդ մասից առաջարկում ենք հանել «Ոչ մեծ ծանրությամբ» բառերը, քանզի «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 29-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) նոր շարադրվող 464.6-րդ հոդվածի համաձայն համաձայնությամբ տուգանքը նշանակելու վարույթի առարկան են կազմում բացառապես հանրային մեղադրանքի կարգով հետապնդվող ոչ մեծ ծանրության քրեական գործերը: Այս համատեքստում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 77-րդ հոդվածի 6-րդ մասում «Ոչ մեծ ծանրությամբ» բառերի նախատեսումը համարում ենք ավելորդ:
  3. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է՝ «Վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը սահմանում է առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի
5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաև`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք նախատեսել համապատասխան կարգավորումները Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող ենթաօրենսդրական ակտի ընդունման ժամկետի և նրա ընդունման հետ կապված նորմերի գործողության առանձնահատկությունների վերաբերյալ:

  1. Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում «4-րդ» թվից առաջ առաջարկում ենք լրացնել «2-րդ մասի» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված փոփոխությունը ըստ էության կատարվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում:

Նույն դիտարկումը վերաբերում է նաև Նախագծի 24-րդ և 26-րդ հոդվածների 1-ին մասերին:

  1. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված 2-րդ» «օրենսգրքի» բառը և «հետևյալ խմբագրությամբ» բառերը հանել:

7.«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:

         Հարգանքով՝                             ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ