ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

   Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-692-30.10.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

1. Նախագծով նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի ծառայողներին կատարողականի գնահատման հիման վրա տալ հավելավճար:

Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ Օրենքի գործողությունը տարածվում է, ի թիվս այլոց,  պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վրա: Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ տարանջատում է պետական ծառայության տեսակները, որոնց շարքում «պետական եկամուտների կոմիտեի ծառայող» կամ նման ծառայության առանձին տեսակ սահմանված չէ: Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «Պետական եկամուտների կոմիտեի ծառայողների» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:

2. Սույն գրության 1-ին կետում ներկայացված առաջարկության հիմքով առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «և փրկարար ծառայության ծառայողների» բառերից հետո լրացնել «, Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը:»:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր 6.3-րդ մասով նախատեսված դրույթի շարադրանքն առավել հստակեցնելու նպատակով առաջարկում ենք նշված մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.3. Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելավճար կատարողականի գնահատման հիման վրա: Կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հավելավճարի տրամադրման, հաշվարկման կարգն ու մեթոդաբանությունը` Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:»:

4. Առաջարկում ենք Նախագծի ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթը խմբագրել` Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում «2024 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով:

5. Սույն գրության 1-ին կետում ներկայացված առաջարկության հիմքով առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «Պետական եկամուտների կոմիտեի ծառայողների» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:

6. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 6.3-րդ մասով նախատեսվում է, որ  կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանվում են ՀՀ կառավարության, իսկ հավելավճարի տրամադրման, հաշվարկման կարգն ու մեթոդաբանությունը` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից:

Հաշվի առնելով, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից ընդունվող իրավական ակտով կարգավորման ենթակա իրավահարաբերությունները բխում են ՀՀ կառավարության կողմից ընդունվող ենթաօրենսդրական իրավական ակտով կարգավորման ենթակա իրավահարաբերություններից, ուստի առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 6.3-րդ մասում նշված` կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:»:

Միաժամանակ, առաջարկում ենք նույն հոդվածում լրացնել 4-րդ մաս հետևյալ բովանդակությամբ. 

«4. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 6.3-րդ մասում նշված` հավելավճարի տրամադրման, հաշվարկման կարգն ու մեթոդաբանությունը սահմանող իրավական ակտն ընդունվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ենթաօրենսդրական իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:»:

         

          Հարգանքով՝                   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ