ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-690-30.10.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                                      
1. Հաշվի առնելով նախագծում առաջարկվող նոր հոդվածները, նախագծի վերնագրում առաջարկվում է «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից հետո լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերը։
2. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է մինչև այդ ապրանքների ներմուծումը բառերը փոխարինել մինչև այդ ապրանքների՝ մաքսային ընթացակարգով հայտարարագրումը (բացառությամբ Մաքսային տարանցում մաքսային ընթացակարգի) բառերով՝ հետևյալ հիմնավորմամբ․      
Հաճախակի առկա են լինում իրավիճակներ, երբ խոշոր գործարանների կամ արտադրամասերի համար համապատասխան սարքավորումների կառուցման համար ապրանքներ ներմուծողները պայմանադիր կողմից չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ապրանքների բաղադրիչներից որևէ մեկը ներմուծում են ավելի վաղ, քան կայացվում է չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում կամ այդպիսի որոշման կայացման համար դիմում է ներկայացվում մաքսային մարմիններին:      
Առկա են դեպքեր նաև, երբ ապրանքների բաղադրիչներից որևէ մեկի ներմուծումից հետո է միայն տնտեսվարողներին պարզ դառնում, որ ապրանքների դասակարգման կանոններին համապատասխան վերջնական ապրանքը մեկ միասնական ծածկագրով դասակարգվել չի կարող:         
Վերոգրյալ դեպքերի արդյունքում տնտեսվարող սուբյեկտները կրում են ժամանակային և ֆինանսական  ծախսեր, ինչից խուսափելու համար առաջարկվում է չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումների կայացումը պայմանավորել ոչ թե ապրանքների ներմուծման (սահմանահատման) հանգամանքով, այլ մաքսային ընթացակարգով հայտարարագրմամբ (սահմանահատումից հետո)՝ հաշվի առնելով նաև այն, որ տվյալ ապրանքները այդ ողջ ժամանակահատվածում գտնվելու են մաքսային հսկողության ներքո:   
Ըստ այդմ Նախագծով նախատեսվել է նոր 1-ին հոդված՝ հետևյալ բովանդակությամբ՝      
«Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասում «ապրանքների ներմուծումը» բառերը փոխարինել «ապրանքների՝ մաքսային ընթացակարգով հայտարարագրումը (բացառությամբ Մաքսային տարանցում մաքսային ընթացակարգի)» բառերով։»       
Վերոգրյալով պայմանավորված՝ փոփոխվել են առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի հոդվածների համարակալումները։      
3. Առաջարկում ենք «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։ Նշված կետով սահմանված է, որ մաքսային վճարների պարտավորությունների կատարման ապահովման նպատակով ներկայացվող երաշխիքում նշվում է՝ պայման՝ պետական գանձապետարանի հաշվին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով սահմանված հաշվին երաշխիքով երաշխիք տված անձի պարտավորությունների կատարման համար դրամական միջոցների առկայության փաստը։ Հաշվի առնելով այն, որ տվյալ պարագայում խոսքը վերաբերում է պարտավորությունների կատարման՝ բանկերի, վարկային կազմակերպությունների կամ ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվող երաշխիքով ապահովմանը, մինչդեռ համապատասխան հաշվին դրամական միջոցների առկայությունն առնչվում է պարտավորությունների կատարման ապահովման այլ եղանակին, ուստի տվյալ նորմը խոչընդոտ է հանդիսանում երաշխիքների տրամադրման գործընթացում, ինչով պայմանավորված՝ առաջարկվում է տվյալ կետը ճանաչել ուժը կորցրած։    
Ըստ այդմ Նախագիծը լրացվել է նոր 2-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ․ 
«Հոդված 2․ Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։»
Վերոգրյալով պայմանավորված՝ փոփոխվել են առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի հոդվածների համարակալումները։      
4. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկվում է ճանաչել ուժը կորցրած։ Նշված իրավասությունը «Մաքսային կարգավորման մասին» օրենքում նախատեսված է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մաքսային մարմինների և պետական այլ մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգի սահմանման համար և չի ենթադրում մեկ միասնական կարգի սահմանում բոլոր պետական մարմինների հետ։ Մասնավորապես, ներկայումս տեղեկատվության փոխանակման կարգավորումներ նախատեսված են տարբեր իրավական ակտերով՝ տարբեր պետական մարմինների հետ։ Առանձին իրավական ակտերով սահմանված տեղեկությունների փոխանակման հարաբերությունները սահմանված են տարբեր գործընթացների շրջանակներում և տարբեր նպատակներով և դրանց մեկ ակտի շրջանակներում սահմանումը նպատակահարմար չէ։ Հաշվի առնելով նշվածը, առաջարկվում է օրենքի տվյալ դրույթը ճանաչել ուժը կորցրած։  
Ըստ այդմ Նախագիծը լրացվել է նոր 3-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ՝ 
«Հոդված 3․ Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։»։     
5. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 187-րդ հոդվածի 10-րդ մասն առաջարկվում է ճանաչել ուժը կորցրած։ Հաշվի առնելով այն, որ պետական սահմանի անցման կետերում «Մեկ կանգառ» համակարգի ներդրման արդյունքում պետական սահմանին հսկողական գործառույթներ իրականացնում են միայն ազգային անվտանգության ծառայությունը և մաքսային մարմինները, ինչպես նաև այն, որ «Մեկ կանգառ» համակարգի շրջանակներում ընդունվել են ինչպես տարբեր օրենքներում, այնպես էլ ՀՀ կառավարության որոշումներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնցով որևէ պետական մարմնի կողմից այլ պետական մարմինների գործառույթների համակարգման նորմեր չեն նախատեսվել, առաջարկվում է օրենքի նշված դրույթը ճանաչել ուժը կորցրած։    
Ըստ այդմ Նախագիծը լրացվել է նոր 4-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ՝ 
«Հոդված 4. Օրենքի 187-րդ հոդվածի 10-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։»։   
6. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 189-րդ հոդվածի 6-րդ մասից առաջարկվում է հանել «հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները և մաքսային» բառերը և նշված հոդվածը լրացնել նոր՝ 7-րդ մասով, որով մաքսային հսկողության գոտիներին ներկայացվող պահանջների սահմանումը կվերապահվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մաքսային հսկողության գոտիները սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 319-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարությունը մաքսային հսկողության իրականացման նպատակով ՀՀ պետական սահմանի անցման կետերում, մաքսային ձևակերպումների վայրերում, մաքսային մարմինների գտնվելու վայրերում կարող է ստեղծել մաքսային հսկողության գոտիներ: Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մաքսային հսկողության գոտիներն են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերը, ժամանակավոր պահպանման պահեստների, մաքսային պահեստների, ազատ պահեստների տարածքները, անմաքս առևտրի խանութների տարածքները և նույն օրենսգրքով սահմանված և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ վայրերը:    
Ներկայումս Ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները սահմանված են «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 270-րդ և 276-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 07․09․2023թ․ N1519-Ն որոշմամբ, ազատ պահեստներին ներկայացվող պահանջները սահմանված են «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 281-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 16․09․2021թ․ N1530-Ն որոշմամբ, անմաքս առևտրի խանութներին ներկայացվող պահանջները սահմանված են «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 286-րդ հոդվածով, ազատ տնտեսական գոտիներին ներկայացվող պահանջները սահմանված են «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 6-րդ հոդվածով և ազատ տնտեսական գոտիների ստեղծման մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով։ Նշյալ իրավական ակտերի շրջանակներում, ըստ էության, սահմանված են նաև տեխնիկական պահանջներ։ Հաշվի առնելով վերոգրյալը, ներկայումս այլ պահանջների սահմանման անհրաժեշտությունը բացակայում է, ինչով պայմանավորված առաջարկվում է համապատասխան իրավասությունը նախատեսել թույլատվական բնույթի։ Միաժամանակ, առաջարկվում է համապատասխան իրավասությունը վերապահել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, քանի որ տվյալ դրույթն առնչվում է բացառապես մաքսային մարմինների իրավասությանը, ուստի անհրաժեշտության առկայության դեպքում համապատասխան նորմերը ենթակա են սահմանման մաքսային մարմնի կողմից։ Միաժամանակ, նախատեսվում է նորմերը սահմանել ներքին իրավական ակտով։
Ըստ այդմ Նախագծի 5-րդ հոդվածը լրացվել է 2-րդ և 3-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ՝        
«2․ 6-րդ մասից հանել «հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները և մաքսային» բառերը․    
3․ 6-րդ մասից հետո լրացնել նոր 7-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․      
«7․ Մաքսային հսկողության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները կարող է սահմանել Կոմիտեն։»։ 
7. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 212-րդ հոդվածի 7-րդ մասում առաջարկվում է մաքսային մարմինների տեղակայման վայրերում, մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության իրականացման այլ վայրերում մաքսային ենթակառուցվածքներին և տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող պահանջների սահմանման իրավասությունը վերապահել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին և նորմը նախատեսել թույլատվական բնույթի, քանի որ համապատասխան պահանջները ներկայումս արդեն իսկ նախատեսված են մի շարք իրավական ակտերով։   
Առաջարկը փոխկապակցված է կառավարության առաջարկությունների 2-րդ կետի հետ։ Միաժամանակ, նախատեսվում է նորմերը սահմանել ներքին իրավական ակտով։
Ըստ այդմ Նախագիծը լրացվել է նոր 6-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ՝ 
«Հոդված 6․ Օրենքի 212-րդ հոդվածի 7-րդ մասում «Կառավարությունը սահմանում է» բառերը փոխարինել «Մաքսային հսկողության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեն կարող է սահմանել» բառերով։»։    
8. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 229-րդ հոդվածի 4-րդ մասը և 260-րդ հոդվածը առաջարկվում է ճանաչել ուժը կորցրած։      
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 229-րդ հոդվածի 4-րդ մասի շրջանակներում, ինչպես նաև օրենքի 260-րդ հոդվածի շրջանակներում նախատեսված իրավահարաբերություններն արդեն իսկ սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 30.03.2017թ․ «Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանելու մասին» N546-Ն որոշմամբ, որով նախատեսված են ինչպես անհրաժեշտ տեղեկությունների ձևավորման, այնպես էլ հայտարարատուների և այլ անձանց՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերին հասանելիությանն առնչվող անհրաժեշտ կարգավորումները։ Միաժամանակ, տվյալ որոշման համար հիմք է հանդիսանում օրենքի 78-րդ հոդվածի 8-րդ մասը։    
Միաժամանակ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին իրավական ակտերով նախատեսված են նաև ոչ միայն մաքսային մարմիններին առնչվող, այլ նաև պետական եկամուտների գործունեության բոլոր ոլորտներում համապատասխան կարգավորումներ։ Մասնավորապես, այդպիսի կարգավորումներ սահմանված են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության դասակարգման, տնօրինման և մակնշման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 366-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 218-Ա հրամանով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական ռեսուրսների գույքագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 850-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 253-Ա հրամանով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի իրավասությունների կառավարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 223-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 219-Ա հրամանով։ Հաշվի առնելով նշվածը, առաջարկվում է կրկնություններից խուսափելու նպատակով օրենքի տվյալ դրույթները ճանաչել ուժը կորցրած։  
Ըստ այդմ Նախագիծը լրացվել է նոր 7-րդ և 9-րդ հոդվածներով՝ հետևյալ բովանդակությամբ՝         
«Հոդված 7․ Օրենքի 229-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։      
Հոդված 9․ Օրենքի 260-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած։»։  
9. Առաջարկվում է Նախագծի 10-րդ հոդվածում (Լրամշակված նախագծի 17-րդ հոդված) «իրավական» բառից առաջ լրացնել «ենթաօրենսդրական նորմատիվ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատվի իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, ինչպես նաև հիմք ընդունելով «Նորմատվի իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:

         

          Հարգանքով՝                                                 ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ