ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-662-11.09.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                       
Նախագծով նախատեսվում էր, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2023թ. հունվարի 1-ից հետո ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով կամ ՀՀ տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն արտահանման գործարքների նկատմամբ: Այսինքն, պետական տուրքի նոր դրույքաչափերը տարածվելու էին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ենթաակցիզային ապրանքներ արտահանողների վրա, սակայն  2023թ. հունվարի 1-ից հետո ներմուծած և արտահանվող ապրանքների մասով:  
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ արտահանողները արտահանում են հենց 2023թ. հունվարի 1-ից հետո ներմուծած` ենթաակցիզային ապրանքները (այդ մասով է միայն գործում ակցիզային հարկի հետվերադարձի մեխանիզմը, այլապես տնտեսապես ձեռնտու չէ), առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածից հանել «և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով կամ Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն արտահանման գործարքների նկատմամբ» բառերը:

         

          Հարգանքով՝                                                 ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ