ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-598-26.05.2023,07.09.2023-ՏՀ-011/1)  վերաբերյալ   Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

  Առաջարկում ենք հետևյալը.

1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում լիցենզավորումն ու քվոտավորումը պետական լիազորություններ են և իրականացվում են պետական մարմինների կողմից, հետեւաբար չեն կարող հանդիսանալ տեսչական մարմնի վերահսկողության առարկա, ուստի առաջարկվում է Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել   «լիցենզավորման, քվոտավորման եւ օրինական շրջանառության» բառերը,

2.Հաշվի առնելով «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ կարգադրագիրը տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ է, առաջարկվում է Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում «հիման վրա,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում նաև ստուգման ընթացքում,» բառերով,

3.Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «վերացմանը» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «.» կետադրական նշանը, իսկ նույն մասի 15-րդ կետի «:» կետադրական նշանն անհրաժեշտ է փոխարինել «.» կետադրական նշանով:

4.Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «.» կետադրական նշանն անհրաժեշտ է փոխարինել «:» կետադրական նշանով:

5.Հաշվի առնելով «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի 4-րդ հոդվածի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1891 իրավակարգավորումներն, Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում և Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում «առևտրի» բառն անհրաժեշտ է փոխարինել «առուվաճառքի» բառով:

6.Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմինը վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է տվյալ պետական մարմին: Տեղեկացման եղանակը, ժամկետները և ընթացակարգը սահմանում է Կառավարությունը: Գտնում ենք՝ կարգավորումն անհրաժեշտ է վերանայել, քանի որ Նախագծով տեղեկացման ժամկետը հստակ սահմանելու հետ միաժամանակ նախատեսվում է լիազորող նորմ տեղեկացման ժամկետները Կառավարության կողմից սահմանելու վերաբերյալ: Ուստի առաջարկում ենք «եղանակը» բառից հետո հանել  «,ժամկետները» կետադրական նշանը և բառը:

7.Հաշվի առնելով «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ կարգադրագիրը տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ է, առաջարկվում է Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում «հիման վրա» բառերից հետո լրացնել «կամ օրենքով նախատեսված դեպքերում նաև ստուգման ընթացքում» բառերով:

8.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության (մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով նախատեսված իրավակարգավորումներն նախատեսված են արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի վերաբերյալ, առաջարկվում է Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «արտադրանքի» բառից հետո լրացնել «կամ արտադրանքի խմբաքանակի» բառերով:

9.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով կարգադրագրի տրման ժամկետ սահմանված չէ, առաջարկվում է Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված ընթացակարգով և ժամկետում» բառերը փոխարինել «օրենքով սահմանված ընթացակարգով,»  բառերով:

10.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության (մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով նախատեսված իրավակարգավորումներն նախատեսված են արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի վերաբերյալ, ինչպես նաև այն, որ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով հիշատակված իրավական ակտով նախատեսվում է կարգավորել նաև ընթացակարգը, առաջարկվում է Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «արտադրանքի» բառից հետո լրացնել «կամ արտադրանքի խմբաքանակի» բառերով, իսկ «դեպքերը» բառից հետո լրացնել «,կարգը» բառով:

11.Առաջարկվում է ուղղել Նախագծի 7-րդ հոդվածի համարակալումը և «5)» «6)» «7)» ենթակետերը համարակալել  «3)» «4)» «5)» ենթակետերով:

12.Առաջարկվում է շտկել Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասում առկա տեխնիկական վրիպակը և 8-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց համար սույն օրենքով, այլ իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ իրավունքներ և պարտականություններ:

13.Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «: :» կետադրական նշաններն անհրաժեշտ է փոխարինել «.» կետադրական նշանով:

14.Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «.» կետադրական նշանն առաջարկում ենք փոխարինել «,» կետադրական նշանով:

15.Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «ակտն» բառը փոխարինել «ակտերն» բառով:

16.«Շուկայի վերահսկողության մասին» օրենքի լրամշակված նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին մասում կիրառվում է «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան» ձևակերպումը, իսկ Նախագծի մյուս հոդվածներում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան» ձևակերպումը: Նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ՝ անհրաժեշտ է Նախագծի ողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան» բառերով:

 

         

      Հարգանքով՝                                                           ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ