ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-653-21.08.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                          
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝     
1. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «թիվ» բառը:     
2. Ղեկավարվելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն է. 
«1.Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:», առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածը լրամշակել՝ նախագծի 2-րդ հոդվածում «, ներառյալ մաքսային հսկողության գոտում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման» բառերը հանել և լրացնել  նախագծի 1-ին հոդվածում՝ «պարտադիր» բառից հետո:     
3. Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ «2. Նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:», առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում մաքսային ծառայողների բառերը փոխարինել մաքսային մարմինների պաշտոնատար անձանց բառերով:         
4.Օրենքի 302-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսվում է պատասխանատվություն մաքսային հսկողության շրջանակում մաքսային մարմնի պաշտոնատար անձի կատարած գործողությունները խոչընդոտելու եւ մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ մաքսային ոլորտին վերաբերող օրինական պահանջը չկատարելու համար՝ նախատեսելով նրանց որպես առանձին իրավախախտումներ՝ համապատասխանաբար սահմանելով առանձին սանկցիաներ:       
Հետեւաբար, նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ մաքսային ոլորտին վերաբերող օրինական պահանջը չկատարելը մաքսային մարմնի պաշտոնատար անձի կատարած գործողությունները խոչընդոտելու հասկացության ծավալում ընդգրկելը կառաջացնի իրավական շփոթ եւ կհանգեցնի իրավական որոշակիության տեսանկյունից խնդիրների:
Ուստի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվող Օրենքի 326-րդ հոդվածում նոր լրացվող 5-րդ մասում  «համարվում» բառից հետո առաջարկում ենք լրացնել սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում բառերը:         
5. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել:      
6. Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին ենթակետով սահմանված դրույթը՝ առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում «օրը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից:» բառերը:      
«Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ 
1.Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «թիվ» բառը:    
2.Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ «2. Նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:», առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածում «27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում» բառերից հետո լրացնել «և 28-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում» բառերը:

         

 

         Հարգանքով՝                          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ