ԱՌԱՋԱՐԿ

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Կ-647-10.08.2023-ՏՀ-011/0), «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Կ-6471-10.08.2023-ՏՀ-011/0), ԵՎ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Կ-6477-10.08.2023-ՏՀ-011/0) ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 6-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 6.  Զբոսաշրջության կոմիտեի լիազորությունները

12) հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով մշակում է զբոսաշրջության մատչելիության մասին իրազեկվածության տեղեկատվական նյութեր և արշավներ, իրականացնում է մարդկային ռեսուրսների պատրաստման կամ վերապատրաստման աջակցությանն ուղղված գործընթաց՝ համագործակցեով համապատասխան լիազոր մարմնի հետ.»:

  1. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

 «Հոդված 13. Հյուրանոցային ծառայություններին ներկայացվող պահանջները

  1. Հյուրանոցներում, առողջարաններում և հանգստյան տներում պետք է ապահովված լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու հնարավորություն, որի մասին տեղեկատվությունը տեղադրվում և մշտապես պահվում է հյուրերի համար տեսանելի հատվածներում։»:

3. Նախագծի 23-րդ հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 23. Զբոսաշրջիկի իրավունքները

Զբոսաշրջիկն իրավունք ունի՝ իր մայրենի լեզվով կամ այլ իրեն հասկանալի լեզվով, իսկ անհնարինության դեպքում միջազգայնորեն ընդունված առավել տարածված լեզվով զբոսաշրջային օպերատորից կամ զբոսաշրջային գործակալից ստանալ լրիվ և օբյեկտիվ տեղեկատվություն ժամանման երկրի (վայրի)՝ զբոսաշրջության հետ առնչվող օրենքների և կենցավարության, տեղաբնակների սովորույթների, հասարակական և կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական և բնական արժեքների, ապահովագրության և զբոսաշրջային ծառայությունների տրամադրման  պայմանների, ըստ անհրաժեշտության՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի (ներառյալ տրանսպորտի), տեղեկատվության և հաղորդակցության մատչելիության մասին։»։

  1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 171.12-րդ հոդվածի 6-րդ մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 171. 12 «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելը

  1. Հյուրանոցներում, առողջարաններում և հանգստյան տներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն ստանալու հնարավորություն չապահովելը կամ այդ մասին հյուրերի համար տեսանելի հատվածներում տեղեկատվություն չտեղադրելը կամ չպահպանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրհիսնապատիկի չափով:»։

 

5. 2021 թվականի մայիսի 5-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-194-Ն օրենքի 3-րդ հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 3. Սույն օրենքն ընդունվելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը և պետական լիազոր մարմինն հաստատում են սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական ակտերը մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։  Այս դրույթն ուժի մեջ է մտնում սույն օրենքի  պաշտոնական հրապարակմանը հաջորդող քսաներորդ օրվանից։ Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական լիազոր մարմնի հաստատած ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունիսի 30-ից։»:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Կ-647-10.08.2023-ՏՀ-011/0), «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Կ-6471-10.08.2023-ՏՀ-011/0) ԵՎ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Կ-6477-10.08.2023-ՏՀ-011/0)  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Օրենքի նախագծում լրացումներ և փոփոխություններ անելու առաջարկը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտի ծառայությունները հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու անհրաժեշտությամբ։

Հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջության ոլորտի ծառայությունները մատչելի դարձնելու առումով կարևոր է Զբոսաշրջության կոմիտեի լիազորություններում զբոսաշրջության մատչելիության մասին իրազեկվածության տեղեկատվական նյութեր և արշավներ մշակելու պարտավորության ամրագրումը, ինչը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկանալ և իրազեկված լինել տրամադրվող ծառայությունների և այդ ծառայությունների մատչելիության վերաբերյալ։

Հարկ է նշել, որ «Քաղաքաշինության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներից անարգել օգտվելու պահանջը։

2006 թվականին սահմանվել է ֆիզիկական մատչելիության ապահովման պայման նոր կառուցվող կամ վերակառուցվող հասարակական շենքերի պարագայում, իսկ 2021 թվականին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքնների մասին» օրենքի համաձայն՝ կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները  օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, երեք տարվա ընթացքում պետք է  վերակառուցվեն՝ ապահովելու մատչելիության նորմերը։

Այնուամենայնիվ գործող իրավակարգավորումների պայմաններում հյուրանոցների, առողջարանների, ինչպես նաև հանգստյան տների մեծ մասը մինչ օրս համապատասխանեցված չեն մատչելիության նորմերին և ապահովված չեն  հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու անհրաժեշտ պայմաններով։ Անհրաժեշտություն է առաջանում հյուրանոցային ծառայություններին ներկայացվող պահանջներում ամրագրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու հնարավորությունը ապահովելու դրույթը, հյուրանոցային ծառայությունները հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու նպատակով։ Ուստի օրենքի այս նախագծով անհրաժեշտ է սահմանել նոր կարգավորումներ, որոնք մատչելիության նորմերի պայման կսահմանեն ոչ թե նոր կառուցվող հյուրանոցների, առողջարանների և հյուրատների համար (ինչպես որ գործող մի շարք կարգավորումներով սահմանված է), այլ արդեն գործող և ծառայություններ մատուցող հյուրանոցային ծառայությունների համար, անկախ այն հանգամանքի, թե այդ ծառայությունները նո՞ր, թե՞ արդեն կառուցված շենքերում են մատուցվում։

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 157.16 հոդվածի՝ բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության և վերակառուցման (հանրային նշանակության շենքերի և շինությունների դեպքում` նաև հիմնանորոգման) դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրհիսնապատիկի չափով: Հաշվի առնելով վերոնշյալ հոդվածը, անհրաժեշտություն է առաջանում օրենքի նախագծում առաջարկվող զբոսաշրջության բնագավառի «Վարչական իրավախախտումներ» գլխում հյուրանոցներում, առողջարաններում և հանգստյան տներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն ստանալու հնարավորություն չապահովելու կամ այդ մասին հյուրերի համար տեսանելի հատվածներում տեղեկատվություն չտեղադրելու կամ չպահպանելու դեպքում սահմանել վերը նշված կարգավորումանը համարժեք տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրհիսնապատիկի չափով ոչ թե նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով ինչպես նախատեսվել է նախագծում։ 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները երեք տարվա ընթացքում, վերակառուցվում են՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը։ Սահմանված երեք տարվա ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսին, ինչը ենթադրում է, որ մինչ այդ հյուրանոցները պետք է ադեն ձեռնարկած լինեին համապատասխան միջոցներ։ Բացի այդ, մեթոդական ուղեցույցներն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում մշակելու դրույթը զրկում է հաշմանդամություն ունեցող անձանց հանգստի և ժամանցի կազմակերպման հնարավորությունից առնվազն մեկ տարի ժամկետով, և օրենսդրությամբ սահմանում է անհավասար  պայմաններ առանց այն էլ ավելի անբարենպաստ պայմանների պարագայում։ Նկատի ունենալով, որ օրենքն ընդունելուց հետո մինչև դրա ուժի մեջ մտնելը առկա է խելամիտ ժամկետ, զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով մեթոդական ուղեցույցները անհրաժեշտ է հաստատել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, ոչ թե օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում ինչպես նախատեսվել է նախագծում։