ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված  Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (Կ-637-11.07.2023-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                
Առաջարկում ենք հետևյալը.

1.Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 106.1-ին հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե աշխատողը չի պահանջում իրեն տրամադրել ամենամյա արձակուրդ կամ չունի ամենամյա արձակուրդի չօգտագործված օրեր, աշխատողը համարվում է սույն օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ոչ աշխատողի մեղքով պարապուրդի մեջ։»։        
Սույն առաջարկության իրացումը ունի հստակեցնող նշանակություն։ Նախագծի տվյալ կարգավորմամբ խոսքը վերաբերում էր այն դեպքերին, երբ աշխատողներն ունեն չօգտագործված արձակուրդի օրեր, ցանկանում են օգտագործել իրենց չօգտագործված արձակուրդի օրերը և պահանջում են գործատուից, որպեսզի իրենց տրամադրվի արձակուրդ։ «Աշխատողի պահանջի» դեպքում նորմը իմպերատիվ էր նախատեսված, որպեսզի գործատուն տվյալ դեպքում պարտադիր տրամադրի այն։ Միաժամանակ, այն դեպքերում, երբ աշխատողները չէին ունենա չօգտագործված ամենամյա արձակուրդի օրեր կամ չէին ցանկանա, որպեսզի իրենց տրամադրվի իրենց չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը, ապա տվյալ դեպքում գործ կունենայինք ոչ աշխատողի մեղքով պարապուրդի հետ, որը կարգավորված է Օրենսգրքի 107-րդ և 186-րդ հոդվածներով։ Այնուամենայնիվ, քանի որ հարցադրումներն այս մասով շատ են ներկայացվում, հետագա տարընկալումներից խուսափելու համար առաջարկվում է վերը նշված նոր նախադասությունը լրացնել նախագծի վերը նշված կարգավորման մեջ։         
2. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 106.1-ին հոդվածի 6-րդ մասի  «գործատուի ու աշխատողի գրավոր համաձայնությամբ» բառերը փոխարինել «կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի ներքին կարգապահական կանոններով կամ կողմերի գրավոր համաձայնությամբ» բառերով։  
Սույն առաջարկի իրացմամբ  կապահովվեն հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման առավել ճկուն ընթացակարգեր, քան մինչ լրամշակված տարբերակն է։   
3. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 106.1-ին հոդվածի 8-րդ մասից հանել «կոլեկտիվ կամ» բառերը։         
Սույն առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ հեռավար աշխատանքի դեպքում, ըստ ամենայնի, աշխատողին կոլեկտիվ պաշտպանության միջոցներով ապահովելու անհրաժեշտություն առկա չի լինի։      
4. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 106.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.     
«11. Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս հեռավար աշխատանք կատարելու դեպքում՝ աշխատանքի վայր ներկայանալու հետ կապված ծախսերի հատուցման կարգը սահմանվում է կողմերի գրավոր համաձայնությամբ, որն աշխատողի համար չի համարվում սույն օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված գործուղում։»։       
Սույն առաջարկի իրացման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ, եթե հեռավար աշխատանքը կատարվի այլ պետությունում կամ աշխատանքի վայրից հեռու՝ այլ վայրում աշխատանքի վայր ժամանելու հետ կապված ծախսերը հատուցելու կարգը սահմանվեն կողմերի գրավոր համաձայնությամբ, ինչպես նաև, որ նման դեպքերում հնարավոր ծախսերը հստակ տարանջատվեն գործուղման ծախսերից։ Հարկ է նկատել, որ վերջինս հստակ սահմանված է Կառավարության 29.12.2005 N 2335-Ն որոշմամբ։  
5. Նախագծի 3-րդ հոդվածի «(աշխատանքի ընդունելու» բառերը փոխարինել «(կամ աշխատանքի ընդունման» բառերով։  
Սույն առաջարկը խմբագրական բնույթի է և ներկայացվում է՝ հաշվի առնելով Աշխատանքային օրենսգրքում կիրառվող եզրույթները։

         

             Հարգանքով՝                         ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ