ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված  «Հայաստանի Հանրապետության հարկային  օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-634-10.07.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
Առաջարկում ենք հետևյալը.

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 45-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետում «Սնանկության մասին» օրենքին հղում կատարելիս առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 9-րդ կետում նշված է «ժառանգը (ժառանգները)»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը (...)»: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք քննարկվող նորմում նշված «(ժառանգները)» բառը հանել:

Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «ենթաօրենսդրական» բառից հետո առաջարկում ենք լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:

 

         

         Հարգանքով՝                                   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ