ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-629-04.07.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                          
Նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝    
1. Առաջարկում ենք նախագծի վերնագրում և 1-ին հոդվածում «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության  տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին»  օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ պահպանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը։  
2. Նախագծի 1-ին հոդվածում նախատեսված Օրենքի 6-րդ հոդվածի վերնագրում ««և փորձաքննության անցկացումը»» բառերը փոխարինել ««և մասնագիտական փորձաքննության անցկացումը»» բառերով, քանի որ Նախագծի 4-րդ հոդվածով Կառավարությանը լիազորվում է սահմանել հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգը:        
3.Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է՝ «Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը, սակայն ոչ ուշ քան սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամիս հետո»: Հարկ է նկատել, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածում լրացվող նոր 3-րդ մասը նախատեսում է ենթաօրենսդրական ակտի ընդունում, առանց որի Օրենքի 6-րդ հոդվածում լրացվող նոր 3-րդ մասը չի կարող կատարվել, հետեւաբար անհրաժեշտ է Նախագծի անցումային դրույթներում հստակ նշել ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամկետը: Բացի այդ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը, տվյալ պարագայում Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածում լրացվող նոր 3-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական ակտը կարող է ընդունվել նաեւ այն օրենսդրական ակտի հիման վրա, որն ընդունվել, սակայն դեռեւս ուժի մեջ չի մտել, եթե օրենսդրական ակտով սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ. հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածում հստակ նշել Նախագծով սահմանված ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամկետը՝ առանց նախատեսելու Նախագծի 4-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու առավելագույն ժամկետը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի եւ 5-րդ մասի պահանջներից:       
Ըստ այդմ առաջարկում ենք նախագծի 5-րդ հոդվածի՝     
1) 1-ին մասից հանել «, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի» բառերը,    
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝     
«2. Սույն օրենքից բխող ենթաօրենդրական ակտը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում։»

         

          Հարգանքով՝                                     ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ