ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-610-05.06.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

Առաջարկում ենք հետևյալը.

 

  1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «(բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հողամասերի),» բառերը հանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները: Սույն դեպքում, Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են: Վերոգրյալից ելնելով՝ գտնում ենք, որ Նախագիծ 1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հողամասերի համար բացառություն նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է:
  2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ և 4-րդ կետերում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 23-րդ կետում և 7-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 28-րդ կետում սահմանված «առանձին մարմիններ» իրավադրույթը վերանայել իրավական որոշակիության տեսանկյունից և Նախագծում կիրառել նորմատիվ իրավական ակտերով սահմանված հասկացություններ, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «առանձին մարմիններ» բառերը փոխարինել «պետական մարմիններ» բառերով:
  3. Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետում Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելիս, «պետական» բառից հետո հանել «էկեկտրոնային» բառը: Փոփոխությունը կատարվել է պետական գույքի հաշվառման ենթակա օբյեկտները՝ պետական էլեկտրոնային հաշվառման ենթակա օբյեկտներից չառանձնացնելու նպատակով:
  4. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «ենթաօրենսդրական իրավական» բառերը փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում սահմանված հասկացությունը:

       

Հարգանքով՝             ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ