ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված   «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-602-29.05.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

 «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում՝

1.Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Լիցենզավորման մասին» օրենքին նախագծում այլևս հղում չի կատարվում,

2.Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում որոշակիությունն ապահովելու նպատակով  առաջարկում ենք հանել «ամբողջական» բառը,

3.Առաջարկում ենք օրենքի նախագծի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «2) 1-ին մասից հետո լրացնել նոր 1․1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 11.1-ին կետով նախատեսված դեպքերը հավաստվում    են մաքսային մարմնի կողմից՝ փոստային կապի բնագավառում լիազոր պետական կառավարման մարմնին պաշտոնական փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով գրավոր հավաստում ուղարկելու միջոցով:»:

3) 2-րդ մասում «և 11-րդ» բառերը փոխարինել «, 11-րդ և 11.1-ին» բառերով.» ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում անհրաժեշտ է ապահովել  օրենքի 36-րդ հոդվածի մասերում կատարվող փոփոխության և լրացումների հաջորդականությունը, մասնավորապես, նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետի դրույթն անհրաժեշտ է նախատեսել 2-րդ կետով, իսկ 2-րդ կետի դրույթը՝ 3-րդ կետով։

4.Նախագծի 2-րդ հոդվածում նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը առաջարկվում է նախատեսել 2023 թվականի նոյեմբերի 1-ից։

 «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում՝

1.Նախագծի 1-ին հոդվածում 2-րդ և 3-րդ կետում որոշակիությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք հանել «ամբողջական» բառը,

2.Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետում առաջարկում ենք հստակ նշել, թե որ մասից հետո է նախատեսվում սահմանել լրացվող նոր մասը։ Ըստ այդմ, «3)» նշանից հետո առաջարկում ենք լրացնել «2-րդ մասից հետո» բառերով,

3.Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում և 5-րդ հոդվածում առաջարկում ենք «սահմանված» բառը փոխարինել «հաստատված» բառով,

4.Նախագծի 2-րդ հոդվածում Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է «ը» կետով: Այդ առումով հարկ է նշել, որ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում արդեն իսկ առկա է «ը» կետ, ուստի կետերի համարակալումն անհրաժեշտ է վերանայել, մասնավորապես, «ը» տառը փոխարինել «թ» տառով,

5.Նախագծի 3-րդ հոդվածում Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը առաջարկում ենք նախատեսել 2023 թվականի նոյեմբերի 1-ից,

6.Նախագծի 4-րդ հոդվածով, որպես տվյալ նախագծից բխող ենթաօրենսդրական ակտի ընդունման ժամկետ, սահմանված է միայն տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով փոստային և սուրհանդակային կապի օպերատորից, ինչպես նաև վերջիններիս միջոցով փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը ընդունելու ժամկետը, մինչդեռ Նախագծով բացակայում են փաստաթղթերը և տեղեկությունները հավաքագրելու համար սահմանված մաքսային մարմնի և փոստային կապի բնագավառում լիազոր պետական կառավարման մարմնի համատեղ հրամանի ընդունման ժամկետը: Հիմք ընդունելով վերոգրյալը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը՝ առաջարկում ենք նախագծում սահմանել նաև նշված ենթաօրենսդրական ակտի ընդունման ժամկետը:

 

 

      Հարգանքով՝                                    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ