ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

  

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2023 թվականի հունիսի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) (Պ-527-07.03.2023-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկները:      

Նախագծով առաջարկվում է նախատեսել Հանրային հեռարձակողի խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) և Կարգավորող պետական մարմնի կազմերում յուրաքանչյուր սեռի առնվազն երկու ներկայացուցիչ ունենալու պահանջ, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի:  

Այդուհանդերձ հարկ ենք համարում նշել, որ նախագծով նախատեսված չէ կարգավորում, որով խորհրդի անդամի թեկնածուն հնարավորություն կունենա կողմնորոշվելու առաջադրվելու իրավունքի հարցում: Նշված խնդիրը կառաջանա նաև միաժամանակ մեկից ավելի հայտարարված թափուր տեղերի մրցույթի դեպքում, քանի որ առաջին մրցույթի արդյունքը հնարավոր է սահմանափակի հաջորդ մրցույթին արդեն իսկ դիմած թեկնածուների մասնակցելու իրավունքը:         

Նույն դիտարկումը վերաբերում է նաև նախագծով առաջարկվող Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին առնչվող hամանման կարգավորմանը:  

Ըստ այդմ, առաջարկում ենք նախագծով նախատեսել հստակ կարգավորումներ՝ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար:       

Նախագծում պահպանված չեն օրենսդրական տեխնիկայի պահանջները, և առկա են խմբագրական բնույթի թերություններ: Այսպես՝ 

1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն նախատեսվում է 5-րդ մասում լրացնել նոր 8-րդ կետ, որի արդյունքում անհրաժեշտ է նաև 23-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:

2. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն նախատեսվում է Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում «հեղինակավոր մասնագետ է» բառերից հետո լրացնել «ում ընտրության դեպքում չի խախտվի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված յուրաքանչյուր սեռի ներկայացվածության պահանջը:» նախադասությունը:

Այս առումով հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում խոսք չի գնում յուրաքանչյուր սեռի ներկայացվածության պահանջի վերաբերյալ, ուստի անհրաժեշտ է վերանայել սույն դրույթը:      

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետում «սեռի ներկայացվածությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սեռային ներկայացվածությամբ» բառերով՝ նկատի ունենալով Օրենքի դրույթի ձևակերպումը:
         
                   

          Հարգանքով՝                   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ