ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,            
                                                                                          
           Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 15-ին  առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-245-27.04.2022,01.06.2022-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է  հետևյալը.
           1.«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի Աշխատանքային օրենսգրքի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:      
         2.Հաշվի առնելով, որ նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 118-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունում «հաշմանդամության կարգի որոշումը» բառերը նախատեսվում է փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելը» բառերով՝ առաջարկում ենք համանման փոփոխություն կատարել նաև Օրենսգրքի նույն հոդվածի նույն մասի 2-րդ նախադասությունում ևս։ Մասնավորապես առաջարկում ենք Օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունում «հաշմանդամության կարգը որոշվելու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով։     
           3.Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությունն առաջարկում ենք նախատեսել Օրենսգրքի 244-րդ հոդվածում ոչ թե նոր՝ 7-րդ մաս լրացնելով, այլ 5.1-ին կետ լրացնելով, քանի որ Օրենսգրքի 244-րդ հոդվածի 6-րդ կետը բովանդակային առումով ամփոփիչ կարգավորում է նախատեսում։ Միաժամանակ նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող կարգավորման մեջ «անձանց համար» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը՝ հաշվի առնելով, որ խելամիտ հարմարեցումների տրամադրման հետ կապված մի շարք կարգավորումներ տրված են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում։ Մասնավորապես վկայակոչված օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի (այսուհետ՝ պարտականություն կրող) հետ երկխոսության միջոցով:     
           Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ինտերակտիվ երկխոսությունից հետո առաջացած անհամաձայնության դեպքում խելամիտ հարմարեցումների ապահովման պարտականություն կրողը պետք է ներկայացնի օբյեկտիվ հիմնավորում (գրավոր), իսկ 4-րդ մասի համաձայն՝ պարտականություն կրողը կարող է մերժել խելամիտ հարմարեցումների տրամադրումը, չառաջացնելով հաշմանդամության հիմքով խտրականություն, եթե հիմնավորում է, որ այն իրագործելի չէ (իրավական և (կամ) գործնական տեսանկյուններից), համապատասխան չէ (խելամիտ հարմարեցումը չի համապատասխանում նպատակին կամ անհրաժեշտ չէ), օգտագործված միջոցների (ժամանակի, արժեքի, տևողության և ազդեցության) առումով անհամաչափ է կամ առաջացնում է անհարկի բեռ:        
        Վերոգրյալի ամփոփմամբ՝ առաջարկում ենք նախագծի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.        
«Հոդված 5. Օրենսգրքի 244-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով. 

 5.1) հաշմանդամություն ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խելամիտ հարմարեցումներ տրամադրելը.»։        
          
          
Հարգանքով՝                       ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ