«Զինվորական  ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի Պ-135-14.01.2022,25.02.2022-ՊԱ-011/1 նախագծի վերաբերյալ

 

Առաջարկություն

Հոդված 1. «Զինվորական  ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) հոդված 29-ը լրացնել 6-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում զոհվածի եղբայրը (եղբայրները) և որդին (որդիները) պարտադիր զինվորական ծառայությունն անցնում են ուսումնական գումարտակում` կես տարի (6 ամիս) ժամկետով կամ թիկունքային ոչ մարտական ստորաբաժանումներում: Ուսումնական գումարտակում ծառայությունն ավարտելուց հետո, ցանկության դեպքում, սեփական դիմումի առկայության դեպքում կարող են զինվորական ծառայությունը շարունակել ՀՀ Զինված ուժերում` թիկունքային ոչ մարտական ստորաբաժանումներում:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհվածի միակ եղբայրը կամ զավակը, ևս ցանկության դեպքում, իրավունք ունի ծառայությունն անցնել առաջին կետով սահմանված կարգով:

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Սույն առաջարկները ներկայացնելու հիմնական շարժառիթը եւ նպատակը մարտական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքի անդամներին պետական աջակցություն եւ հատուկ վերաբերմունք ցուցաբերելն է։

Հայաստանի Հանրապետությունում պետք է կարեւորվի զինծառայությունը, զենքի տարբեր տեսակների տիրապետումը, այդ իսկ պատճառով հիմնավոր չենք համարում զոհվածների եղբայրներին եւ որդիներին ընդհանրապես ծառայելուց ազատելը։

Միեւնույն ժամանակ, ազատելով ՀՀ քաղաքացուն զինված ուժերում ծառայելուց, նրան զրկում ենք ուժային կառույցներում աշխատելու հնարավորությունից։