Առաջարկում ենք՝ Նախագիծը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածում`

  • 1-ին մասի «5-րդ մասում» բառերը փոխարինել «5-րդ և 5.1.-րդ մասերում» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1. մասով.

 «5.1. Շարքային կազմի այն պարտադիր զինծառայողը, ով ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով զինվորական ծառայության է անցնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումներում:»

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»

 

Հիմնավորում

 

       Վերոնշյալ առաջարկությունների հիմքում դրված է մի քանի կարևոր սկզբունք:

       Առաջին, նվազ ռեսուրսներ ունեցող երկրների դեպքում, պետք է առաջին հերթին դիտարկել եղած ռեսուրսների արդյունավետ կիրառման հարցը և գնալ օպտիմալ լուծումների ճանապարհով:

        Այս տեսանկյունից, արձանագրելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված ծանր բարոյահոգեբանական վիճակը, զոհեր, վիրավորներ ունեցող ընտանիքներում առկա բարդ իրավիճակը, այնուամենայնիվ, պետք է գնալ ոչ թե բացառումների, այլ արտոնությունների, լայն արտոնությունների սահմանման ճանապարհով:

       Այս տեսանկյունից, ներկայացված առաջարկությունների հիմքում ոչ թե նախագծով ներկայացված շահառուների՝ զինվորական ծառայությունից ազատելու հարցն է, այլ նրանց լայն արտոնությունների տրամադրումը:

       Երկրորդ, առաջարկվող փոփոխությունները բխում են և երկրի, և շահառուների շահերից: Պետության համար զորակոչային ռեսուրսի առումով նոր խնդիր չի առաջանում, իսկ շահառուները ծառայելով ՊՆ, ԳՇ, ԱԱԾ սահմանապահ զորքերի կենտրոնական ապարատում, հետագայում հնարավորություն են ստանալու, ըստ ցանկության, արդեն որպես պայմանագրային, շարունակել ծառայությունը զինված ուժերի կառուցվածքային ստորաբաժանումներում:

       Այսինքն՝ հիմք է ստեղծվում շահառուների ընտանիքները կայուն եկամտով ապահովելու, իսկ որդիներին՝ նոր մասնագիտացման ընդձեռնելու հարցում:

      Երրորդ, գաղափարական առումով, կարևոր է այն հանգամանքը, որպեսզի հայրենիքի պաշտպանության գործում ներդրում ունեցած ընտանիքները շարունակեն իրենց ներկայությունը զինված ուժերում:

      Մի կողմից, ստեղծված իրողությունների պայմաններում, շահառուները զերծ են մնում առաջնագծում, առաջնագծում տեղակայված զորամասերի մարտական հերթապահություն չիրականացնող ստորաբաժանումներում ծառայելուց, սակայն նրանք իրենց սահմանադրական պարտքը կատարում են լրիվ այլ պայմաններում, որի դեպքում նրանց ընտանիքներում բարոյահոգեբանական նոր խնդիրներ չի առաջացնում: