ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նարիբեկյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-076-27.10.2021,07.02.2022-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                                 

1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 443.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվել է, որ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հանգամանքը պարզելու նպատակով հարկային մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է հարցումներ ուղարկել լիազոր մարմիններին, որոնք պարտավոր են նշված հարցմանը պատասխանել անհապաղ: 

Հաշվի առնելով իրավական որոշակիությունն ապահովելու անհրաժեշտությունը` առաջարկում ենք «անհապաղ» բառը փոխարինել «հարկային մարմնի սահմանած կարգով» բառերով:   

2. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և  «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումները կարող են վերաբերել անձին կամ անձանց խմբին:  

Հաշվի առնելով, որ նշված նախագծերով սահմանված չէ խմբի հասկացությունը, ուստի առաջարկում ենք «խմբին» բառը փոխարինել «անձանց» բառով:         

Ելնելով վերոգրյալից` միաժամանակ, առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով լրացվող օրենսգրքի 222.21-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9) հարցման մեջ նշված անձին կամ անձանց նույնականացնող տվյալները և այն փաստերն ու հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել անձանց վերաբերյալ հարցում անելու համար,»:  

3. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 443.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 222.23-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսվել է, որ դատական ակտը կայացնելու օրվանից երեք տարին լրանալուց հետո տասնօրյա ժամկետում այն ուղարկվում է այն անձին կամ անձանց, ում վերաբերյալ կայացվել է տվյալ դատական ակտը:       

Հաշվի առնելով նախատեսված ժամկետի երկարատև լինելու հանգամանքը` առաջարկում ենք «երեք» բառը փոխարինել «երկու» բառով:  

4. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 222.20-րդ, 222-21-րդ, 222-22-րդ և 222-23-րդ հոդվածների համարակալումները տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, որի համաձայն՝ հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով:  

5. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 222.21-րդ հոդվածի 1-ին մասում «Դիմումը ստորագրում է դիմողի պաշտոնատար անձը:» նախադասությունը շարադրել մասի տեսքով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Անհրաժեշտ է վերանայել նաև դրան հաջոդող մասի համարակալումը: 

6. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով լրացվող 443.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «2-րդ» բառը առաջարկում ենք փոխարինել «1-ին» բառով: 
                  
 Հարգանքով՝  ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ