ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նարիբեկյան            
                                                         
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 28.10.2021թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  և «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-020-10.09.2021,22.10.2021-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:       

1. «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  վերաբերյալ.       

1) Նախագծի 1-ին հոդվածի՝      

ա. 1-ին մասով նախատեսվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով: Նշվածի կետի «հաշվառման վայրը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հաշվառման հասցեն» բառերով՝ նկատի ունենալով Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 11-րդ հոդվածի նոր լրացվող 4-րդ մասը,       

բ. 1-ին մասում «խմբագրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «բովանդակությամբ» բառով:       

Նշված դիտողությունը վերաբերում է նաև նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասին,     

2) Նախագծի 2-րդ հոդվածն ունի վերանայման կարիք՝ նկատի ունենալով, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում 2-րդ պարբերություն արդեն իսկ առկա է: Բացի այդ, նշված հոդվածի «այն չի կատարել» ձևակերպումն ունի վերանայման կարիք՝ նկատի ունենալով, որ պարզ չէ, թե ում կողմից պետք է կատարվեն Օրենքի 11-րդ հոդվածի և 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները,       

3) Նախագծի 3-րդ հոդվածի «, հրապարակման» բառն ու կետադրական նշանն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման,» բառով և կետադրական նշանով: Համանման փոփոխություն անհրաժեշտ է կատարել նաև «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում:    

2․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1) Նախագծի 1-ին`

ա. հոդվածում «դեկտեմբերի 6-ի օրենսգրքի» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը,    

բ. հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 189-րդ հոդվածի վերնագիրն է՝ «Զանգվածային լրատվության միջոցի թողարկմանն տվյալները չներառելը կամ պարտադիր օրինակները չուղարկելը կամ զանգվածային լրատվության միջոցի ֆինանսական հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետներում չհրապարակելը», մինչդեռ նույն հոդվածի 3-րդ մասը վերաբերում է նյութական կրիչի վրա թողարկված զանգվածային լրատվության միջոցի տարածմանն առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելության ուղարկելուն, իսկ 5-րդ մասը՝ զանգվածային լրատվության միջոցի տարածմանը, որի թողարկումը չի պարունակում օրենքով սահմանված թողարկման տվյալներ: Այսինքն՝ իրավախախտումները վերաբերում են զանգվածային լրատվության միջոցի տարածմանը՝ մի դեպքում՝ առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելության ուղարկելու, մյուս դեպքում՝ առանց օրենքով սահմանված թողարկման տվյալները պարունակելու: Նշվածը հաշվի առնելով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, համաձայն որի՝ հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը՝ անհրաժեշտ է հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը:      

Բացի այդ, առաջարկում ենք հոդվածի մասերը շարադրել ըստ վերնագրում նշված իրավախախտումների հաջորդականության,

գ. հոդվածով նոր խմբագրությամբ վերաշարադրվող 189-րդ հոդվածի՝

- 5-րդ մասով նախատեսվում է՝ զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որի թողարկումը չի պարունակում օրենքով սահմանված թողարկման տվյալները՝ առաջացնում է պատասխանատվություն տուգանքի տեսքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով,

- 6-րդ մասով՝ քննարկվող իրավախախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով։       

Հաշվի առնելով քննարկվող իրավախախտման բնույթը՝ կարծում ենք, որ տուգանքի նման չափերը լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն են առաջացնում,       

2) Նախագծի 2-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենսգրքի 2231 հոդվածում «, 189-րդ» բառը փոխարինել «հոդվածով, 189-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով» բառերով, իսկ «հոդվածներով» բառը փոխարինել «հոդվածով» բառով»,      

3) Նախագծի 3-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Օրենսգրքի 2442 հոդվածի «և 182.6-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «, 182․6-րդ հոդվածներով և 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով» բառերով:   

Վերոնշյալ առաջարկների արդյունքում անհրաժեշտություն կառաջանա Նախագծի վերնագրից հանել «և լրացումներ» բառերը: 

3. «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «, հրապարակման» բառն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման,» բառով:        
                  

Հարգանքով՝   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ