ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Նարիբեկյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-009-18.08.2021-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

Առաջարկվում է՝ 

1. Օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) 1-ին մասի 2-րդ կետում «կեղծ փաստաթղթերի» և «կեղծ փաստաթղթեր» բառերը  փոխարինել  համապատասխանաբար «կեղծ կամ սխալ փաստաթղթերի» և «կեղծ կամ սխալ փաստաթղթեր» բառերով. »:

Առաջարկը նպատակ ունի «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել որպես քաղաքացիությունը դադարեցնելու նոր հիմք նախատեսվող սխալ տվյալներ ներկայացնելը: Այդպիսի տվյալներ ներկայացնելը կարող է պայմանավորված լինել օրինակ լեզվական խոչընդոտներով, հարցաթերթը լրացնելիս առաջադրվող հարցը ոչ հստակ հասկանալու հանգամանքով (քանի որ դիմումատուի համար տվյալներ ներկայացնելու պահանջ սահմանված է դիմում-հարցաթերթում) կամ այն կարող է առաջանալ տեխնիկական վրիպակի հետևանքով:  Նշվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ վարչական մարմնի համար դժվար կամ անհնարին կլինի հիմնավորել՝ արդյոք տվյալը սխալ ներկայացնելը կրում է դիտավորյալ բնույթ, թե դա եղել է վրիպակի արդյունք։  

2.  Նախագծի 7-րդ հոդվածով «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող  24-րդ հոդվածի 3-րդ մասը հանել, քանի որ այն լրացուցիչ բեռ է առաջացնելու քաղաքացիների համար պահանջվող տեղեկությունները տեղեկանքների տեսքով ստանալու և լիազոր մարմին ներկայացնելու առումով: Պահանջվող տեղեկությունները կհավաքագրվեն լիազոր մարմնի՝ Ոստիկանության կողմից համապատասխան մարմիններին հարցումներ կատարելու միջոցով, ինչպես դա  կատարվում է ներկայումս: 

3. Նախագծի 8-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «բացառիկ» բառը, քանի որ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը վերաբերում է ոչ թե որևէ բացառիկ դեպքի, այլ Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու դեպքին: 

4. Նախագծի 8-րդ հոդվածով խմբագրվող օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասի «հավաստում» բառից հետո լրացնել «(տեղեկանք)» բառը: 

5. Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի 29-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում «23-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել  «23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով» բառերով՝ հղումի մեջ առկա վրիպակը շտկելու նպատակով:       
                            
                                                         
 Հարգանքով՝   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ