ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նարիբեկյան 
                                      
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-004-17.08.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

Առաջարկվում է՝

1.  Նախագծի վերնագրում լրացում բառը փոխարինել փոփոխություններ և լրացումներ բառերով:

2. ՀՀ հարկային օրենագրքի 160-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում» բառերը հանել և «անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերը:

3. ՀՀ հարկային օրենագրքի 160-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5․ Սույն հոդվածով սահմանված գումարները վերադարձնելուց հետո համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ճշտված (պարզեցված) հաշվարկով կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման կամ բողոքարկման հանձնաժողովի որոշման հիման վրա վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի հաշվարկով հայտարարագրած եկամտային հարկի պարտավորության փոփոխության դեպքում կատարվում է տվյալ ֆիզիկական անձին, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող (վերադարձված) գումարի վերահաշվարկ՝ Կառավարության սահմանած կարգով:»:

4. ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 8-րդ մասով.

«8. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները կիրառվում են նաև բազմաբնակարան բնակելի շենքի կառուցապատողի հետ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կնքված և պետական գրանցում ստացած՝ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռք բերման պայմանագրի հիման վրա բնակարան ձեռք բերելու, ինչպես նաև կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողի հետ նույն ժամանակահատվածում կնքված և պետական գրանցում ստացած՝ անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռք բերման պայմանագրի հիման վրա անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների նկատմամբ:»

5. ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան կառուցապատողի հետ բնակարանի կամ անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռք բերման պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարները սույն հոդվածով սահմանված կարգով վերադարձման ենթակա չեն:»։

6. Նախագծի 2-րդ՝

1) հոդվածում օրենքով բառը փոխարինել օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով բառերով:

2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 160-րդ հոդվածում լրացված 8-րդ մասով նախատեսված դեպքերում եկամտային հարկը վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձին վերադարձվում է Կառավարության սահմանած կարգով՝ 2023 թվականի հունվարի 1-ից:»:

7. ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հետ քննարկել նաև «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

 

Հարգանքով՝         

ԱՐԱՅԻԿ ԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ