ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Ավետիսյան

                               
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում առա­ջին ընթերցմամբ ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կա­տա­րելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-866-15.02.2021,30.04.2021-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները։    

1. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի          

1) 2-րդ կետն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.  

«2) եթե օրենքով նախատեսված է պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրը վերսկսելու հնարավորություն, ապա պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը ուժը կորցրած է ճանաչվում պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում կողմերից որևէ մեկի ներկայացրած դիմումի հիման վրա:   

3) պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում, այդ թվում՝ սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմում չներկայացնելու դեպքում, կարող է ուժը կորցրած ճանաչվել՝»:         

Ուժը կորցրած ճանաչվելու հիմք հանդիսացող «ա»-ից «դ» ենթակետերում նշված դեպքերն առաջարկում ենք լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «ե. եթե օրենքով կամ պայմանագրով նախա­տեսված է որոշակի իրադարձությունների վրա հասնելու պայմաններում պայմանագրի գործողության դադարեցում, ապա այդ փաստը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումով.»:      

Այդ կապակցությամբ նախագծի 1-ին հոդվածի «3)», «4)» կետերի համարակալումը համապատասխանաբար կփոխվի` «4)», «5)»:

2) 3-րդ (նախորդ առաջարկության ընդունման դեպքում 4-րդ) կետում առաջարկում ենք «նման» բառը փոխարինել «այդ» բառով:       

2. Նախագծի 2-րդ հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածում լրացվող    7-րդ մասի կարգավորումն առաջարկում ենք նախատեսել նույն օրենքի 30-րդ հոդվածում՝ որպես իրավունքի պետական գրանցման մերժման հիմք:     

Միաժամանակ, նույն հոդվածի համարակալումն անհրաժեշտ է համապատաս­խանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին:
         

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ