«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-866-15.02.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 


 


«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունները.
 
1. Նախագծի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտն ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:
 
2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասն ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ՝ նկատի ունենալով դրանում առաջարկվող փոփոխությունների մեծ ծավալը:
 
3. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում «խմբագրությամբ» բառը փոխարինել «բովանդակությամբ» բառով: Բացի այդ՝ անհրաժեշտ է 6-րդ մասը «կետերով» բառից հետո լրացնել «հետեւյալ» բառով:
 
4. Նախագծի 1-ին հոդվածի համարակալումն անհրաժեշտ է համապա-տասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին:
 
5. Նախագծով նախատեսել նաեւ օրենքի ուժով վարձակալության իրավունքի դադարեցում՝ պայմանագրի գործողության ժամկետը օրենքով սահմանված պայմանագրի առավելագույն ժամկետն ավարտվելու հիմքով՝ առանց կողմերից որեւէ մեկի դիմումի, քանի որ որոշ գույքերի եւ գույքային իրավունքների մասով օրենքով սահմանված են տրամադրման առավելագույն ժամկետներ: Միեւնույն ժամանակ առաջարկում ենք օրենքի 73-րդ հոդվածի     2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
 
«3) օրենքի ուժով դադարող իրավունքի պետական գրանցման համար վճար չի գանձվում:»:
 
6. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերում «պայմանագիրը համապատասխան պայմանների պահպանված լինելու դեպքում ճանաչվում է վերսկսված» բառերը փոխարինել «պայմանագիրը ճանաչվում է վերսկսված՝ նույն պայմաններով» բառերով՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթը:
 
7. Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետի «գ» ենթակետում առաջարկվող այն դրույթը, ըստ որի՝ օրենքով կամ պայմանագրով նախատեսված՝ պայմանագրից հրաժարվելու ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթղթի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումով կատարվում է պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի դադարման պետական գրանցում, պետք է դիտարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի կարգավորման համատեքստում: Այսինքն՝ ծանուցման փաստը հաստատող փաստաթղթի հիման վրա համապատասխան պետական գրանցումը կատարվում է, եթե լրացել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածում սահմանված ժամկետները:
 
Ուստի հստակության համար առաջարկում ենք.
 
1) նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետի «գ» ենթակետը «հրաժարվելու» բառից հետո լրացնել «պատշաճ» բառով.
 
2) նախագծի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ, 6-րդ եւ   7-րդ մասերով՝
 
«5. Սույն հոդվածի իմաստով օրենքով նախատեսված պատշաճ ծանուցում է համարվում այն ծանուցումը, որը կատարվել է առձեռն փոխանցմամբ կամ պատվիրված նամակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցումը տեղադրելու միջոցով, որի դեպքում  15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
 
6. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «գ» ենթակետով սահմանված պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ է համարվում՝
 
1) առձեռն փոխանցմամբ ծանուցման դեպքում՝ ծանուցվողի ստորագրությամբ կատարված նշումով ծանուցման պատճենը.
 
2) պատվիրված նամակով ծանուցման դեպքում՝ ծանուցման պատճենը եւ  ծանուցումը հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը.
 
3) օրենքով սահմանված հրապարակային եղանակով ծանուցման դեպքում՝ պատվիրված նամակի հետադարձ ծանուցումը եւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցումը տեղադրելու քաղվածքը:
 
Սույն հոդվածի ծանուցման նկատմամբ չեն տարածվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1-ին հոդվածի 5-րդ մասի դրույթները:
 
7. Սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված մերժման հիմքերից բացի՝ իրավունքի դադարման պետական գրանցումը մերժվում է նաեւ, եթե իրավունքի դադարման պետական գրանցման դիմումը ներկայացնելու պահին չի լրացել օրենքով կամ պայմանագրով նախատեսված ծանուցման ժամկետը:»: