ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Ավետիսյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-868-16.02.2021,09.04.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

1. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ նախագծի վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից հետո լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ հոդվածով «Մաքսային ծառայության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի 5-րդ մասում կատարվում է փոփոխություն։

2. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը՝  նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի հոդվածների մասերի համարների փոփոխություն չի կատարվում, նորմատիվ իրավական ակտի հոդվածների մասերի միջեւ նոր մաս կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 28-րդ հոդվածը կազմված է 3 մասից՝ առաջարկում ենք 28-րդ հոդվածում լրացվող նոր մասերը համարակալել համապատասխանաբար՝ «2.1» եւ «2.2»:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.2-րդ մասով նախատեսված դեպքերում արգելվում է հատուկ միջոց հանդիսացող ծառայողական շների կիրառումը, սակայն հարկ է նկատել, որ նոր լրացվող մասի 1-3-րդ կետերում նկարագրված պայմանները բավարար չափով որոշակի սահմանված չեն, ինչը կարող է հանգեցնել նորմի կիրառման խնդիրների: Մասնավորապես՝ հստակեցված չեն մարդու կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնալու դեպքերի շրջանակը կամ քննարկվող պայմանի առկայության գնահատման չափանիշները, ինչպես նաեւ խնդրահարույց է «ծառայողական շան նպատակային նշանակություն» ձեւակերպման կիրառումը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ անհրաժեշտ է հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածում լրացվող 2.2-րդ մասի 1-3-րդ կետերում նախատեսված կարգավորումները: Առաջարկում ենք 2.2 մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2.2. Ծառայողական շների կիրառման, վարժեցման եւ պահման կարգը հաստատվում է մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:»:

4. Նախագծում ավելացվել է 4-րդ հոդվածով սահմանված անցումային դրույթ, որով նախատեսվում է, որ մաքսային մարմնի ղեկավարը ծառայողական շների կիրառման, վարժեցման եւ պահման կարգը հաստատում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում։

 

Հարգանքով`                ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ