«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-902-22.03.2021-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրեն­քում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահ­մանել, որ ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյու­ղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտա­դրան­քը ենթակա է երաշխավորված գնման պետության կողմից՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագիծը նպատակ է հետապնդում Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին ընձեռել սոցիալական աջակցության նոր՝ երաշխավորված հնարավորություններ և թեթևաց­նել գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, բարելավել սահմանամերձ համայնքների տնտեսական և ֆինանսական պայման­ները, խթանել տեղի բնակիչների զբաղվածությունը, նպաստել գյուղատնտե­սա­կան շրջանառությունից դուրս մնացած և չմշակվող վարելահողերի և մյուս հողա­տեսքերի՝ արտադրության մեջ ներգրավմանը:

Այս առումով նախևառաջ անդրադառնալով ներկայացված նախագծի հիմ­նա­վորմանը՝ հարկ ենք համարում նշել, որ նորմատիվ իրավական ակտի ընդուն­ման հիմնավորման ճիշտ կառուցվածքն ու բովանդակությունն ունեն առանցքային և կարևոր նշանակություն, հետևաբար նորմատիվ իրավական ակտի հիմնա­վոր­ման մեջ պետք է ներառել իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները, տվյալ բնագավառում իրականացվող քաղա­քականությունը, կարգավորման նպատակը, բնույթը և ակնկալվող արդյունքը: Այնինչ, տվյալ դեպքում նախագծին կից ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք ձևով գնահատել ներկայացված կարգավորումների արդյունա­վետու­թյունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, տվյալ բնագա­վառում իրականացվող քաղաքականության, առաջարկվող իրավակար­գա­վորման նպատակի և ակնկալվող արդյունքի համապատասխան վերլու­ծու­թյունները, ինչը, սակայն, էական նշանակություն ունի ներկայացված առաջար­կությունների հիմնավորվածությունը գնահատելու համար: Մասնավորապես, հստակեցման կարիք ունի պետության կողմից ստանձնված երաշխավորության բնույթը, պետության կողմից երաշխավորված գնման ենթակա բուսաբուծական արտադրանքի տեսականու և գների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում արտադրվող նույն արտադրատեսակների ծավալների և իրացման միջին գների վերաբերյալ տեղեկատվություն՝ համադրելու նպատակով։ Համադրության արդյուն­քում, եթե պարզվի, որ սահմանամերձ համայնքներում արտադրվող բուսաբու­ծա­կան արտադրանքի ծավալը գերազանցում է պետական գնումների ծավալին, ապա անհրաժեշտություն է առաջանալու սահմանել պետական գնումների քվո­տա­­վոր­ման համակարգ և դրա բաշխման մեխանիզմ։

Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Հայաստանի Հանրա­պետության սահմանամերձ համայնքների բնակիչներին սոցիալական աջակ­ցության նոր՝ երաշխավորված հնարավորություններ ընձեռելն է, որի արդյունքում կթեթևանան գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, և կմշակվեն մեր հանրապետության չմշակված հողերը: Մինչդեռ, ներկայացված հիմնավորումից պարզ չէ, թե պետության կողմից նախագծով նախատեսված ապրանքների գնման ինչ իրավական մեխանիզմներ են գործելու, ինչպես է նշված ապրանքն իրացվելու: Վերլուծություններ ներկայացված չեն նաև արտադրանքի տեսակների ընտրության, դրանց որակական չափանիշների, ինչպես նաև սոցիալական աջակցությունից օգտվելու իրավունք ունեցող սուբյեկտ­ների վերաբերյալ: Նախագծով սահմանված է միայն, որ երաշխավորված գնման ենթակա բուսաբուծական արտադրանքի տեսակները, դրանց որակական չափանիշները, երաշխավորված գնման պայմանագրի օրինակելի ձևը, ինչպես նաև երաշխա­վորված գնման ենթակա արտադրանքի միավոր գինը սահմանելու է ՀՀ կառա­վա­րությունը:

Տվյալ պարագայում հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրա­պետության սահմանադրական դատարանը իր 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձա­նագրել է. «(…) օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսա­կան զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոն­ներին համահունչ։ Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը կարևորել է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշ­նա­կությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու դրանց կատարման օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։»:

Այս համատեքստում խնդրահարույց է պետական գնումների նպատակով գնվող բուսաբուծական արտադրանքների գնման գների սահմանումը, քանի որ դրանց իրացման գները ձևավորվում են շուկայական մեխանիզմներով՝ առա­ջարկի և պահանջարկի հիման վրա։ Այն դեպքում, երբ իրացման պահին շուկայում ձևավորվում են նախորդ տարվա սեպտեմբեր ամսին սահմանված գներից բարձր գներ, ապա գյուղացիական տնտեսությունները կարող են հրաժարվել ապրանք­ների մատակարարումից (դրանց նախադեպերն առկա են պայմանագրային հիմունքներով գյուղատնտեսական հումքի գնումների (մթերումների) ընթացքում), իսկ այն դեպքում, երբ իրացման պահին ձևավորված շուկայական գներն ավելի ցածր են լինում, քան նախորդ տարվա սեպտեմբեր ամսին սահմանված գները, ապա ապրանքների մեծ ծավալներով գնման դեպքում խնդիր է առաջանում տվյալ տարվա պետական բյուջեով ֆինանսական համապատասխան միջոցների հատ­կացման:

Անհրաժեշտ է հստակեցնել նաև պետության կողմից այդ արտադրանքի օգտագործման ուղղությունները և ակնկալվող արդյունքները: Ընդ որում նախագծի ընդունումը ենթադրում է նաև ձևավորել ենթակառուցվածքային (լոգիստիկ) համա­պատասխան համակարգ, որը ներկայումս առկա չէ:

Միաժամանակ անդրադառնալով նախագծի այլ կարգավորումներին՝ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկա­լումն ու կիրառումը:

Ուստի, ղեկավարվելով վերոգրյալ իրավանորմի դրույթներով, անհրաժեշտ է նախագծում անդրադառնալ և ամրագրել նաև «բուսաբուծական արտադրանք» հասկացության սահմանումը:

  1. Գնումների մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախա­գծով նախատեսվում է Գնումների մասին ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել 4-րդ կետով՝ նախատեսելով, որ Գնումների մասին ՀՀ օրենքի գործողությունը չի տարածվում ՀՀ սահմանամերձ համայնքների վար­չա­­կան տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեց­ված բուսաբուծական արտադրանքի երաշխավորված գնումների վրա, ինչի կապակ­ցությամբ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ անդրադարձ չի կատար­վել նախագծով նախատեսվող բուսաբուծական արտադրանքի երաշ­խավորված գնումները Օրենքի շրջանակներում չիրականացնելու անհրա­ժեշտու­թյանը:

Գտնում ենք, որ տվյալ դեպքում՝

ա) երաշխավորված գնումները կարող են իրականացվել համեմատաբար թանկ գնով.

բ) պայմանագիրը կշնորհվի, ըստ էության, ոչ շուկայական մեխանիզմով՝ առանց մրցակցության.

գ) առկա է ռիսկ, որ պայմանագրի շնորհման փուլում ներկայացվող տեղե­կատվու­թյունը կարող է արժանահավատ չլինել՝ սուբյեկտի հետ կկնքվի երաշխա­վորված գնման պայմանագիր, սակայն վերջինս պայմանագիրը կկատարի այլ կերպ՝ ոչ սահանամերձ համայնքների վարչական տարածքներում գտնվող գյու­ղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտա­դրանք առաջարկելով: Նշվածի հետևանքով կաճեն նաև կոռուպցիոն ռիսկերը, ուստի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու իրա­կանացնել խիստ վերահսկողություն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով: Ներկայումս ներդրված չէ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվող բերքի քանակների հայտարարագրման համակարգը, և գյուղա­ցիա­կան տնտեսությունները կարող են ոչ սահմանամերձ համայնքներից ձեռք բերել տվյալ ապրանքների լրացուցիչ քանակներ և դրանք ներկայացնել որպես սեփա­կան արտադրանք։ Պետք է սահմանել նաև սահմանամերձ համայնքներից պետա­կան գնումների իրականացումը համակարգող լիազոր մարմին, հաշվի առնելով, որ պետական գնումներ են իրականացնում մի շարք մարմիններ և կազմա­կեր­պություններ (Պաշտպանության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն և այլն).

դ) առկա է նաև անբավարար որակի գնումների կատարման ռիսկ, ինչը պետու­թյան, որպես գնորդի դեպքում, կհանգեցնի փողի դիմաց արժեքի նվազեցմանը:

Միաժամանակ գտնում ենք, որ քննարկվող՝ բուսաբուծական արտադրանքի արտադրությունը կարող է խթանվել ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Տնտեսա­կան արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը հաս­տա­տելու մասին» N 142-Լ որոշման 3-րդ հավելվածի 13-րդ կետով նախատեսված՝ պետական գնում­ների գործող կարգավորումների շրջանակներում ձևավորվող միջանկյալ կիրա­ռության հակաճգնաժամային մեխանիզմի ներդրմամբ: Նշված մեխանիզմով նախա­տեսվում է ներդնել ժամանակավոր խթաններ հայաստանյան ծագում ունեցող աշխա­տանքային և/կամ արտադրական ռեսուրսների օգտագործումը խթանելու նպա­տակով՝ սահմանելով, որ եթե հաղթող մասնակիցը՝ անկախ ռեզի­դենտ կամ ոչ ռեզիդենտ լինելու հանգամանքից, պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ ավելի քան 50 %-ի չափով օգտագործել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսներ, ապա վեր­ջինիս սուբսի­դա­վորման եղանակով կարող է փոխհատուցվել պայմանագրի արժեքի 1 %-ը:

Միաժամանակ, քննարկվող նախագծերի ընդունման արդյունքում, ըստ էության, ստաց­վելու է այնպես, որ պետության կողմից կատարվող գնումների որոշ մասը, որը գոր­ծող օրենսդրությամբ սահմանված կարգավորումների շրջանակում կատարվում է այլ վայ­րե­րում գործունեություն իրականացնող սուբյետներից, պետք է կատարվի սահմանամերձ համայնք­ներում գործունեություն իրականացնող սուբ­յեկտ­ներից:

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ «Սահմանամերձ բնակա­վայրերում իրա­­կանացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառա­վա­րու­թյան 2015 թվականի հունվարի 15-ի N 30-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցան­կում ներառ­ված համայնքներում իրականացվող գործու­նեությունն ազատված է հիմնական հար­կերից, ինչը նշանակում է, որ նախա­­­գծերի ընդու­­նումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագիծն ունի վերանայման և լրացուցիչ հիմնավորման կարիք՝ բարձրացված խնդիրների համատեքստում: