ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

 

Հարգելի տիկին Գրիգորյան

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-763-14.10.2020,05.02.2021-ՖՎ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.              

1. «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը: Այս առումով հարկ է նշել, որ վերոնշյալ հոդվածն ամբողջությամբ նոր խմբագրությամբ շարադրելու պարագայում անհրաժեշտ է լրացնել նաև հոդվածի վերնագիրը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները, որոնց համաձայն՝ oրենսդրական ակտի հոդվածներն ունենում են վերնագրեր(...):  

Այս դիտողությունը վերաբերում է նաև «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 1-ին հոդվածներին:      

2. Նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է նշել «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի լրիվ անվանումը: Սույն դիտողությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «օրենք» բառը»:        

Այս դիտողությունը վերաբերում է նաև «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 1-ին հոդվածներին:      

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է պարզաբանել «սույն օրենքի հոդվածների հիման վրա» արտահայտությունը, մասնավորապես՝ պարզ չէ, թե օրենքի որ հոդվածներին է խոսքը վերաբերում, քանի որ նույն մասում արդեն իսկ առկա է «սույն օրենքի հիման վրա» ձևակերպումը:

Այս դիտողությունը վերաբերում է նաև «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 1-ին հոդվածներին:      

4. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունն անհրաժեշտ է համարակալել՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջների:         
                   
         

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ