ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 28.12.2020 թվականին առաջին ընթերցմամբ ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-822-23.12.2020-ՏՏԳԲ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

1․ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճար չվճարելու հետ կապված գործերով իրականացվող վարչական վարույթի մի շարք առանձնահատկություններ՝ այն հիմնավորմամբ, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր ՎԴ/0150/05/16 որոշման շրջանակներում արձանագրել է, որ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրությունը պետք է կազմվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով» սահմանված կանոնների, մասնավորապես՝ ենթադրյալ իրավախախտի մասնակցության պահանջի պահպանմամբ, ուստի Նախագիծն ուղղված է նշված խնդրի կարգավորմանը՝ օրենքի մակարդակով ամրագրելով սույն գործերով իրավախախտման արձանագրությունը իրավախախտի բացակայությամբ կազմելու և հետո վերջինիս ուղարկելու հնարավորությունը:

        Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում են քննարկվող գործերով վարչական վարույթի էական առանձնահատկություններ, այդ թվում՝ նաև նախատեսվում է ավտոկայանատեղի տարեկան վճարի դրույքաչափի ավելացում՝ գտնում ենք, որ Նախագծի հիմնավորումն ունի լրամշակման կարիք՝ հստակ ներկայացնելով առաջարկվող կարգավորումների անհրաժեշտության և հիմնավորվածության մասին վկայող տեղեկություններ:

 

        1) Նախագծի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 4-րդ հոդվածում «Ավտոտրանսպորտային միջոցը» բառերից հետո առաջարկում ենք լրացել «կամ դրա կցորդը» բառերը՝ նկատի ունենալով Նախագծի, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դրույթները: Բացի այդ, առաջարկում ենք նոր խմբագրությամբ շարադրել նաև Օրենքի 4-րդ հոդվածի վերնագիրը: Նույն հոդվածում պետական կազմակերպությունը բնորոշվում է որպես պետական մարմին, պետական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն: Այս կապակցությամբ գտնում ենք, որ պետական կազմակերպության նշված բնորոշումն ունի խմբագրման կարիք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունն ի դեմս պետական մարմնի և պետական կազմակերպությունը իրավունքի ինքնուրույն սուբյեկտներ են և չեն նույնանում: Նույն դիտարկումը վերաբերում է նաև համայնքային կազմակերպության բնորոշմանը:

        2) Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածում կատարվող լրացմամբ սահմանվում է բացառություն ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու և այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղում կայանման դեպքի համար, որի համար համայնքի ավագանու որոշմամբ կարող է սահմավել վճարի այլ դրույքաչափ: Հարկ է նշել, որ  «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` համայնքի վարչական տարածքում բոլոր վճարողների համար սահմանվում են տեղական տուրքերի միասնական դրույքաչափեր, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն`  համայնքներում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելիս ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում` տարբեր տեղական տուրքերի և վճարների համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ (դրույքաչափերի տարբեր գործակիցներ): Հետևաբար, Նախագծով նախատեսվող բացառությունը չի բխում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված բացառությունների շրջանակից, ուստի նշված կարգավորումների միջև առկա է անհամապատասխանություն:

        3) Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով Օրենքի 9-րդ հոդվածում կատարվող լրացման համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու և այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման փաստը կարող է հիմնավորվել «…համայնքի կողմից…հավաքագրված փաստական տվյալների հիման վրա»:  Գտնում ենք, որ նշված կարգավորումը դուրս է Օրենքի 9-րդ հոդվածի կարգավորման առարկայի շրջանակից, քանի որ վերջինս վերաբերում է ավտոկայանատեղի վճարի դրույքաչափի սահմանմանը և վճարման ձևերին:

        4) Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի բովանդակությունից առաջ անհրաժեշտ է լրացնել «4.» թիվը: Ինչպես նաև «Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ» բառերը փոխարինել «Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով:

 

        5) Նախագծի 6-րդ հոդվածով կատարվող փոփոխությամբ ընդլայնվում է իրենց պարտականություններն իրականացնելու ժամանակ ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնությունից օգտվող մարմինների շրջանակը՝ դրանում ներառելով նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը և ազգային անվտանգության ծառայությունը: Ավելին, նշված արտոնությունից օգտվելու համար հանվում է  առկայծող փարոսիկները կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները միացրած լինելու պահանջը, ինչը, կարծում ենք՝ ունի լրացուցիչ հիմնավորման կարիք:

        6) Նախագծի 7-րդ և 8-րդ հոդվածներով լրացվող 16.1-16.6-րդ հոդվածներն առաջարկում ենք լրացնել մեկ հոդվածով:

        7) Նախագծի 8-րդ հոդվածով լրացվող 16.2-րդ հոդվածի 1-ին մասում «վարչական վարույթի պարզման փուլ» ձևակերպումն անհրաժեշտ է փոխարինել «ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման փուլ» ձևակերպմամբ՝ նկատի ունենալով նույն հոդվածի 2-րդ մասի դրույթները: Բացի այդ նախագծով նախատեսել ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման փուլի տևողությունը, քանի որ այս նախագիծը հանդիսանում է առանձնահատկությունների մասին նախագիծ և այլ նորմատիվ իրավական ակտով կարգավորում նախատեսված չէ ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման փուլի վերաբերյալ, այդ թվում՝ ժամկետի։

        8) Նախագծի 8-րդ հոդվածով լրացվող 16.3 հոդվածի 2-րդ մասում «կասկած չի հարուցում այն հանգամանքը» ձևակերպումն ունի հստակեցման կարիք: Բացի այդ,  նշված հոդվածի 4-րդ մասի բովանդակությունը չի համապատասխանում հոդվածի վերնագրին:

        9) Նախագծի 8-րդ հոդվածով լրացվող 16.5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «լուսանկարը» բառից հետո առաջարկում ենք լրացնել «, եթե իրավախախտման փաստն ամրագրվել է լուսանկարահանմամբ» բառերը, ինչպես նաև համապատասխան կարգավորում նախատեսել նաև տեսանյութի վերաբերյալ: 

        10) Ողջ տեքստում կիրառել միայն «էլեկտրոնային համակարգեր և տեխնիկական միջոցներ բառերը» դրանց համապատասխան հոլովաձևերով, քանի որ տեսնկարահանող և լուսանկարահանող միջոցները չեն հանդիսանում էլեկտրոնային համակարգեր։

        2․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով, քանի որ նախագծում կատարվում է ընդհամենը մեկ լրացում, ինչպես նաև 1-ին հոդվածում «1247» թիվն անհրաժեշտ է փոխարինել «124.7» թվով: Նույն հոդվածի 2-րդ մասով լրացվող իրավախախտումն անհրաժեշտ է լրացնել որպես հոդվածի նոր՝ 2-րդ մաս:

        Ելնելով վերոգրյալից՝ ներկայացված օրենսդրական առաջարկների ընդունումը գտնում ենք նպատակահարմար՝ առաջարկվող փոփոխությունների ներառմամբ:

  ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ