ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 10.12.2020թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին»,  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում  կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ  կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»,  եւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Խ-750-30.09.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.

Հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.

1. Նախագծով եւ դրա ընդունմամբ պայմանավորված այլ օրենքների նախագծերի փաթեթով նախատեսված կուսակցությունների կողմից վարկային ու բանկային ավանդի պայմանագրերի կնքման կարգավորումները նպատակահարմար է դիտարկել նաեւ Վենետիկի հանձնաժողովի «Կուսակցությունների կարգավորման վերաբերյալ ուղեցույց»-ի (այսուհետ նաեւ Ուղեցույց) առաջարկների լույսի ներքո:

Ուղեցույցն ընդունելի է համարում կուսակցությունների կողմից վարկերի ներգրավումը, միեւնույն ժամանակ նշելով, որ արտոնյալ պայմաններով տրամադրվող վարկերը պետք է դիտարկվեն որպես նվիրատվություն կամ աջակցություն տվյալ կուսակցությանը: Նույն տրամաբանությունն անխուսափելիորեն կիրառելի է նաեւ բանկային ավանդի պայմանագրերի նկատմամբ:

Հետեւաբար, այդ թվում հաշվի առնելով նաեւ Ուղեցույցի տրամաբանությունը, կուսակցությունների վարկավորման կամ նրանց կողմից բանկային ավանդի ներդրման հարաբերություններում կարգավորումներ, պահանջներ, սահմանափակումներ պետք է նախատեսվեն կուսակցությունների, այլ ոչ թե ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ:

Ընդ որում, Ուղեցույցը կարեւոր է համարում այդ ոլորտում թափանցիկության ապահովումը: Այդ առումով, նախագծում ներդրված կուսակցությունների կողմից հրապարակվող տարեկան հաշվետվությունների բովանդակության պահանջները, որոնք ներառում են նաեւ տեղեկատվություն վարկերի ու ավանդների մասին, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերահսկողության ընթացակարգերը, կարծում ենք թափանցիկության բավարար եւ պատշաճ մակարդակ են ապահովում:

Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկում ենք Նախագծով ֆինանսական կազմակերպությունների համար կամ դրանց կողմից ֆինանսական ծառայությունների մատուցման առումով չսահմանել պարտականություններ կամ կարգավորումներ, այդ թվում, որոնք վերաբերում են վարկավորման կամ ավանդի պայմանագրի պայմաններին, ներառյալ վարկային պարտականությունները կատարելու պայմաններին, գրավի պայմանագրերին եւ այլն:

Բոլոր անհրաժեշտ կարգավորումները կամ արգելքները, ինչպես եւ թափանցիկության պահանջների վերաբերյալ վերը նշված դեպքում, կարող են նախատեսվել կուսակցությունների համար, ինչը կբացառի նաեւ ֆինանսական կազմակերպությունների համար վարչական կամ քրեական պատասխանատվություն նախատեսող Նախագծի դրույթների անհրաժեշտությունը: Կարծում ենք, որ ֆինանսական կազմակերպությունները չեն կարող պատասխանատվության ենթարկվել իրենց լիցենզիայով նախատեսված ծառայությունները մատուցելու համար:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով, այն է՝ արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային կազմակերպությունների եւ հիմնարկների տեղակայումը կուսակցությանը պատկանող շենքերում եւ շինություններում:

Տվյալ պարագայում հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջները եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Օրենքի 5-րդ հոդվածը վերաբերվում է կուսակցությունների ստեղծմանը եւ գործունեության սահմանափակումներին՝ բովանդակային առումով առաջարկում ենք պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային կազմակերպությունների եւ հիմնարկների տեղակայմանը վերաբերվող իրավակարգավորումը չնախատեսել Օրենքի 5-րդ հոդվածում:

Միեւնույն ժամանակ, Նախագծի 2-րդ հոդվածում «լրացնել» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծով լրացվող մնացած հոդվածներին:

3. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության մեջ նշված «ծառայողական (պաշտոնեական) դիրքն» բառերը փոխարինել ծառայողական (պաշտոնեական) դիրքը եւ այլ վարչական ռեսուրսները» բառերով, արդյունքում նախատեսելով, որ՝ Կուսակցությունների անդամները, որոնք Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնեական) դիրքը եւ այլ վարչական ռեսուրսները օգտագործելու հօգուտ կուսակցական շահերի:

Այս առումով հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 3-րդ հոդվածի բովանդակությունից պարզ չէ, ուստի հստակեցման կարիք ունի այն հարցը, թե ինչ պետք է հասկանալ «այլ վարչական ռեսուրսներ» ասելով:

Միաժամանակ, Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումը առաջարկում ենք տարածել ոչ միայն կուսակցության անդամների, այլ նաեւ՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց վրա՝ անկախ կուսակցության անդամ լինելու հանգամանքից:

4. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել, որ կուսակցության ստեղծման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը կողմ է քվեարկել կուսակցության հիմնադիր համագումարին ներկա հիմնադիրներից առնվազն 100 հիմնադիր: Այս առումով հարկ ենք համարում նշել, որ առաջարկվող կարգավորումը չի բացառում հիմնադիր համագումարին ներկա հիմնադիր անդամների մեծամասնության՝ կուսակցության ստեղծման մասին որոշմանը դեմ քվեարկելու դեպքում կուսակցության ստեղծման մասին որոշումը ընդունված համարելը, որպիսի մոտեցումը ծանրակշիռ հիմնավորման կարիք ունի:

5. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերում սահմանված պահանջները՝ անհրաժեշտ է Նախագծի 4-րդ հոդվածի մասերի համարները տեքստից առանձնացնել միջակետերով: Նշված դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծում ամրագրված համանման այլ կարգավորումներին:

6. Նախագծի 4-րդ հոդվածում «8-րդ հոդվածում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «8-րդ հոդվածի» բառերով:

7. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ Կուսակցության ստեղծման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը կողմ է քվեարկել կուսակցության հիմնադիր համագումարին ներկա հիմնադիրներից առնվազն 100 հիմնադիր:

Այս առումով Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 8-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում «100 հիմնադիր» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «վերջակետ» կետադրական նշանը:

8. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում «անդամ» բառն անհրաժեշտ է փոխարինել «հիմնադիր» բառով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դեռեւս չգրանցված կուսակցությունը չի կարող ունենալ անդամներ:

Վերը նշված դիտողության համատեքստում անհրաժեշտ է Նախագծով առաջարկվող կարգավորումները վերանայել եւ խմբագրել:

9. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «երկու օրինակ:» բառերը եւ կետադրական նշանն անհրաժեշտ է փոխարինել «երկու օրինակ.»,» բառերով եւ կետադրական նշաններով:

10. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, արդյունքում նախատեսելով, որ պետական գրանցման նպատակով կուսակցությունը պետական լիազոր մարմին պետք է ներկայացնի հիմնադիր համագումարի արձանագրությունը, ինչպես նաեւ կուսակցության ստեղծման, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, կանոնադրության հաստատման ու ծրագրային փաստաթղթերի ընդունման, պետական գրանցման համար լիազորված անձի (անձանց) մասին որոշումները:

Այս առումով առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետում «ինչպես նաեւ» բառերը փոխարինել «որը պետք է բովանդակի» բառերով, իսկ «որոշումները,» բառից հետո լրացնել «` ստորագրված Կուսակցության հիմնադիր համագումարի նախագահի եւ քարտուղարի կողմից» բառերը:

11. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները՝ Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ կետի համարը տեքստից անհրաժեշտ է առանձնացնել փակագծով:

Միեւնույն ժամանակ, Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ կետում «անձը հաստատող փաստաթղթի համար» բառերն առաջարկում ենք փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» բառերով:

12. Նախագծի 5-րդ հոդվածի 7-րդ մասով առաջարկվում է Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ Կուսակցության պետական գրանցումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, կուսակցության կանոնադրությունը եւ ծրագիրը համընդհանուր իրազեկման նպատակով պետական լիազոր մարմնի՝ Արդարադատության նախարարության կողմից հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Այս առումով նկատի ունենալով Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթը՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 7-րդ մասով Օրենքի 9-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ մասում «պետական լիազոր մարմնի՝ Արդարադատության նախարարության» բառերը փոխարինել «պետական լիազոր մարմնի» բառերով:

13. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում եւ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասով Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարվում են փոփոխություններ, սակայն Օրենքում ամրագրված կարգավորումների տեքստում շարունակում են մնալ «ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման» ձեւակերպումները, մինչդեռ, հարկ է նկատել, որ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետում «ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման» ձեւակերպումը փոխարինվում է «ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության» ձեւակերպումով: Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «կազմավորման» բառը նույնպես փոխարինվում է «ընտրության» բառով:

Այս առումով հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ Օրենքի հոդվածներում ձեւակերպումների փոփոխություն կատարելիս Օրենքի այլ հոդվածներում միեւնույն միտքն արտահայտող ձեւակերպումներում անհրաժեշտ է նույնպես կատարել համապատասխան փոփոխություններ:

14. Նախագծի 7-րդ հոդվածում «ավելացնել» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացնել» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածում ամրագրված կարգավորումները:

15. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ եւ 10-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

Այս առումով նկատի ունենալով այն հանգամանքը, որ կուսակցությունները կարող են ունենալ տարածքային ստորաբաժանումներ՝ գտնում ենք, որ Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը բացակայում է եւ նշված տվյալները տարածքային ստորաբաժանումների առկայության դեպքում պետք է ներառվեն կուսակցության կանոնադրությունում:

Նույն դիտարկումը վերաբերվում է նաեւ Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետին, որը նախատեսում է դրույթներ կուսակցության կանոնադրության մեջ դրամական միջոցների եւ գույքի ձեռքբերման աղբյուրների վերաբերյալ տվյալները ներառելու մասին:

16.  Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ անհրաժեշտ է Նախագծի 8-րդ հոդվածի 5-րդ մասով Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող նախադասության տեքստից հանել «4.» թիվը եւ կետադրական նշանը:

17. Նախագծի 8-րդ հոդվածի 5-րդ մասով առաջարկվում է Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ նախատեսելով, որ տարածքային ստորաբաժանումների առկայության, ինչպես նաեւ ղեկավար այլ մարմինների առկայության դեպքում կուսակցության կանոնադրությունը պետք է տեղեկություններ պարունակի նաեւ դրանց ստեղծման, գործունեության կարգի եւ գործունեության դադարեցման մասին:
            Տվյալ պարագայում բովանդակային առումով առաջարկում ենք Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ նշված կարգավորմամբ նախատեսելով նախ Նախագծի 8-րդ հոդվածի 5-րդ մասով առաջարկվող կարգավորումը, իսկ այնուհետ նոր՝ գործող կարգավորմամբ առկա իրավադրույթը, այն է՝ կուսակցության կանոնադրությունը կարող է պարունակել նաեւ իր գործունեությանը վերաբերող այլ դրույթներ:

18. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածը լրացնել 4.1-ին մասով, որի համաձայն՝ մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի վաթսուն  տոկոսը: Առաջարկվող կարգավորմամբ փաստացի անուղղակի պարտականություն է դրվում կուսակցության հիմնադիրների (անդամների) վրա իրենց կուսակցության շարքերում համապատասխան թվով հակառակ սեռի ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ, ինչը համադրելի չէ  հատկապես Սահմանադրության 46-րդ հոդվածի 1-ին մասի հետ, որի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու եւ որեւէ կուսակցության անդամագրվելու իրավունք:

19. Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասով առաջարկվում է Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ կուսակցության անունից այլ մարմինների եւ անձանց հետ հարաբերություններում հանդես է գալիս կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կողմից լիազորված անձը:

Այս առումով հարկ է նկատել, որ Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսվում է, որ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ:

Տվյալ պարագայում Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 17-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասում եւ Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում նախատեսված կարգավորումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել միմյանց:

20. Նախագծի 9-րդ հոդվածի 5-րդ մասում «մասով» բառն անհրաժեշտ է փոխարինել «մաս» բառով: Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ մասերին, Նախագծի 12-րդ հոդվածի 5-րդ մասին, 15-րդ հոդվածի 3-րդ մասին, 16-րդ հոդվածի 6-11 մասերին, 18-րդ հոդվածի 4-րդ մասին, 21-րդ հոդվածի 4-րդ մասին, 22-րդ հոդվածի 8-9-րդ մասերին:

21. Նախագծի 9-րդ հոդվածի 8-րդ մասով առաջարկվում է Օրենքի 17-րդ հոդվածում լրացնել նոր 7-րդ մաս, արդյունքում նախատեսելով, որ կուսակցության կանոնադրությամբ կարող է նախատեսվել ղեկավար մարմին հանդիսացող խորհուրդ՝ որպես կուսակցության ընթացիկ գործունեության ռազմավարությունը որոշող կոլեգիալ մարմին, որին կարող են փոխանցվել նաեւ վերահսկողական լիազորություններ:

Տվյալ պարագայում հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի 17-րդ հոդվածում լրացվող նոր 7-րդ մասում ամրագրված կարգավորման բովանդակությունից պարզ չէ թե ինչ վերահսկողական լիազորությունների մասին է խոսքը: Ուստի, Նախագծով անհրաժեշտ է հստակեցնել Նախագծի 9-րդ հոդվածի 8-րդ մասով Օրենքի 17-րդ հոդվածում լրացվող նոր 7-րդ մասում նշված վերահսկողական լիազորությունների շրջանակը:

22. Նախագծի 9-րդ հոդվածում անհրաժեշտ է վերանայել առաջարկվող կարգավորումների համարակալումը: Նույն դիտարկումը վերաբերվում է նաեւ Նախագծի 15-րդ հոդվածին:

23. Նախագծի 9-րդ հոդվածի՝ ըստ հաջորդականության 9-րդ մասով առաջարկվում է Օրենքի 17-րդ հոդվածում լրացնել նոր 8-րդ մաս, այն է՝ Կուսակցության՝ օրենքով սահմանված ղեկավար մարմիններն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Տվյալ պարագայում հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված այն պահանջը, որ նորմատիվ իրավական ակտում հղումները պետք է կատարվեն հստակ եւ ուղղակի՝ անհրաժեշտ է Նախագծի 9-րդ հոդվածի՝ ըստ հաջորդականության 9-րդ մասում հստակեցնել թե ինչ օրենքի մասին է խոսքը:

24. Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ մասերով սահմանված պահանջներին:

25. Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ հոդվածի 4-րդ մասում «ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «,եթե այդ որոշումների ընդունման այլ կարգ նախատեսված չէ կուսակցության կանոնադրությամբ:» բառերը:

26. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասում «7.1. կետով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «7.1-ին կետով» բառերով:

27. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ, այն է՝ կուսակցության կողմից իր գույքի վաճառքի կամ վարձակալության գինը չպետք է էականորեն գերազանցի պայմանագրի կնքման պահին համանման գույքի վաճառքի կամ վարձակալության համար գործող շուկայական գինը: Կուսակցության կողմից իր գույքը համանման գույքի համար շուկայական գնից էականորեն բարձր գնով վաճառելը կամ վարձակալության հանձնելը դիտվում է որպես կուսակցության օգտին կատարվող նվիրատվություն:

Վերոգրյալ կարգավորման բովանդակությունից պարզ է դառնում, որ կուսակցության կողմից իր գույքը համանման գույքի համար շուկայական գնից էականորեն բարձր գնով վաճառելը կամ վարձակալության հանձնելը դիտվելու է որպես նվիրատվություն:

Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ հետեւյալ կարգավորումներին.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը եւ դրա համար վճարել որոշակի գումար (գինը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածում ամրագրված իրավակարգավորման համաձայն՝ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը եւ (կամ) օգտագործմանը հանձնել գույք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա'մ իրեն, կա'մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից: Գույքի կամ իրավունքի հանդիպական հանձնման կամ հանդիպական պարտավորության առկայության դեպքում պայմանագիրը նվիրատվություն չի համարվում: Այդպիսի պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 306 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոնները:

Վերոգրյալ իրավակարգավորման բովանդակությունից պարզ է դառնում, որ գույքի կամ իրավունքի հանդիպական հանձնման կամ հանդիպական պարտավորության առկայության դեպքում պայմանագիրը նվիրատվություն համարվել չի կարող: Այս առումով նկատի ունենալով այն հանգամանքը, որ գույքի վաճառքի դեպքում առկա է հանդիպական պարտավորություն՝ գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող իրավակարգավորումը խնդրահարույց է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի տեսանկյունից: Իսկ ինչ վերաբերվում է գույքի վարձակալությանը, ապա դրանից ստացվող եկամուտը չի կարող նվիրատվություն համարվել, քանի որ նվիրատվության պարագայում պետք է առկա լինի սեփականությանը հանձնելու փաստ, մինչդեռ վարձակալության դեպքում գույքը հանձնվում է ոչ թե սեփականության, այլ օգտագործման իրավունքով:

Միեւնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող կարգավորման բովանդակությունից պարզ չէ այն հարցը, թե նվիրատվություն  համարվելու է գույքի վաճառքից կամ վարձակալության հանձնելուց ստացված ամբողջ գումարը, թե միայն այն մասը, որն էականորեն ավել է լինելու գործող շուկայական գներից:

Բացի այդ, Նախագծի 12-րդ հոդածի 2-րդ մասով Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր նախադասության մեջ «գույքի վաճառքի կամ վարձակալության գինը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «գույքի վաճառքի կամ վարձակալության հանձնելու գինը» բառերով:

28. Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող «, ինչպես նաեւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելիս» կետադրական նշանը եւ բառերն առաջարկում ենք  փոխարինել «, ինչպես նաեւ համայնքների՝ համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններում ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելիս» կետադրական նշանով եւ բառերով:

29. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ եւ 24-րդ հոդվածի 5-րդ մասերի համաձայն կուսակցությունը կարող է բանկային հաշիվներ ունենալ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում, իսկ օրենքն ուժ մեջ մտնելուց հետո վեց ամսում պետք է փակի օտարերկրյա բանկերում իր հաշիվները: Առաջարկում ենք եւս մեկ անգամ քննարկել նշված դրույթները՝ հաշվի առնելով նաեւ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման գործընթացներն ու այդ շրջանակներում բանկային հաշիվ բացելու գործընթացի պարզեցումը: Միաժամանակ նշենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշիվ ունենալը գործնականում որեւէ կերպ չի արգելում այդ հաշվին արտասահմանից փոխանցումներ ստանալու հնարավորությունը:

30. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «1.1 մաս» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1.1-ին մաս» բառերով:

31. Նախագծի 15-րդ հոդվածի՝ ըստ հաջորդականության 4-րդ մասով Օրենքի 24-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում ամրագրված կարգավորումը չի համապատասխանում Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում առկա կարգավորմանը, ըստ որի՝ մեկ ֆիզիկական անձի կողմից անդամավճարի առավելագույն չափը տարեկան չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Բացի այդ, Նախագծի 15-րդ հոդվածի՝ ըստ հաջորդականության 4-րդ մասով Օրենքի 24-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում ամրագրված կարգավորումը անհրաժեշտ է համապատասխանեցնել նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին:

32. Նախագծի 15-րդ հոդվածի՝ ըստ հաջորդականության 4-րդ մասում պարզաբանման կարիք ունի այն հարցը՝ արդյոք կուսակցության հիմնադիրները կարող են նախատեսվածից ավել նվիրատվություն կատարել, թե ոչ:

33. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ Բանկը մինչեւ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը չգերազանցող միանգամյա գործարքները կարող է իրականացնել առանց հաճախորդի կողմից անձը հաստատող փաստաթղթի ներկայացման: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում եւս լրացում կատարել՝ սահմանելով, որ կուսակցությունների օգտին կատարվող միանգամյա գործարքների դեպքում անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է, անկախ գործարքի գումարից, կամ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում նշել, որ անձը հաստատող փաստաթղթի ներկայացման պահանջը չի գործում մինչեւ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը չգերազանցող գործարքների համար:

34. Նախագծի 15-րդ հոդվածի՝ ըստ հաջորդականության 8-րդ մասով Օրենքի 24-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 10-րդ մաս, որով սահմանվում է կուսակցության համար կատարված այն կամավոր աշխատանքը, որը չի համարվում նվիրատվություն: Միաժամանակ, նույն մասում քննարկվում են այն աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման դեպքերը, որոնք չեն կարող համարվել կամավոր աշխատանք:

Այս առումով հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` անհրաժեշտ է վերանայել եւ խմբագրել Նախագծի 15-րդ հոդվածի՝ ըստ հաջորդականության 8-րդ մասով Օրենքի 24-րդ հոդվածում լրացվող նոր՝ 10-րդ մասում ամրագրված կարգավորումը:

Միեւնույն ժամանակ, Նախագծի 15-րդ հոդվածի՝ ըստ հաջորդականության 8-րդ մասում ամրագրված կարգավորումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին:

35. Նախագծի 15-րդ հոդվածով Օրենքի 24-րդ հոդվածում կատարվող լրացումների եւ փոփոխությունների ծավալը հաշվի առնելով՝ առաջարկում ենք Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում կատարվող եւ Նախագծի 21-րդ հոդվածով Օրենքի 30-րդ հոդվածում կատարվող լրացումներին եւ փոփոխություններին:

Հիշյալ դիտողությունը չընդունելու պարագայում անհրաժեշտ է վերանայել Նախագծի 15-րդ հոդվածում ամրագրված կարգավորումների համարակալումը:

36.Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված կարգավորումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին:

37. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները՝ անհրաժեշտ է Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 27-րդ հոդվածում լրացվող նոր 8-րդ մասի «կետեր» հանդիսացող պարբերությունների համարները տեքստից բաժանել փակագծերով, դրանց ենթակետերը համարակալել հայերենի այբուբենի փոքրատառերով, իսկ համարները տեքստից առանձնացնել միջակետերով:

38. Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 27-րդ հոդվածում լրացվող նոր 8-րդ մասի 2-րդ կետի 1-ին ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել «կուսակցության անձնակազմ» ձեւակերպումը:

39. Նախագծի 20-րդ հոդվածով Օրենքում լրացվող 28.1-ին հոդվածով նախատեսվում է կուսակցության պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման պարտականություն: Տվյալ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ  մարմնի անդամները պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիր, որի ձեւանմուշը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը? Ընդ որում, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կուսակցության ղեկավար մարմնի անդամների հայտարարագրերի ներկայացման կարգի նկատմամբ կիրառելի են «Հանրային ծառայության մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքների համապատասխան նորմերը, ներառյալ՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների կողմից իրենց գույքի եւ եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու, իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու, հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անչափահաս անդամների, ինչպես նաեւ իր խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի գույքի եւ եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականության եւ պատասխանատվության վերաբերյալ դրույթները:

Հոդվածի վերլուծությունից բխում է, որ Նախագծով որեւէ կերպ չեն կանոնակարգվում այն հարաբերությունները, երբ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ  մարմնի անդամները զբաղեցնում են պաշտոն եւ ի պաշտոնե պարտավոր են ներկայացնել հայտարարագիր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմնի անդամների գույքի եւ եկամուտների հայտարարագրի ձեւանմուշը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իսկ պաշտոնատար անձանց դեպքում՝ Կառավարությունը՝ փաստացի հայտարարագրերի բովանդակությունը կարող է չհամընկնել:  Միաժամանակ, պաշտոնատար անձինք բացի գույքի եւ եկամուտների հայտարարագրից, ներկայացնում են նաեւ շահերի, իսկ օրենսդրական փոփոխությունների ընդունման արդյունքում՝ առաջիկայում ներկայացնելու են նաեւ ծախսերի հայտարարագիր: Ուստի, առավել նպատակահարմար է, որ պաշտոնատար անձը հայտարարագիր ներկայացնի ոչ թե որպես Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամ, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ  մարմնի անդամ, այլ որպես պաշտոնատար անձ:

Նախագծով անհրաժեշտ է հստակեցնել նաեւ անձի համար հայտարարագիր ներկայացնելու պարտականության ծագման պահը: Որպես օրինակ, եթե անձը դադարեցնում է իր պաշտոնեական պարտականությունները, բայց շարունակում է մնալ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամ, արդյոք վերջինս պետք է ներկայացնի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր, թե ոչ:

Բացի այդ Նախագծի 20-րդ հոդվածի առնչությամբ հարկ է նախեւառաջ ուսումնասիրել  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Մասնավորապես, վերոնշյալ կարգավորման համաձայն՝ թեկնածուների համար սահմանվում է պարտականություն՝ համապատասխան ընտրական հանձնաժողով ներկայացնելու իրենց գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր: Միաժամանակ նախատեսվում է նաեւ, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների) գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր: Հայտարարագրում նշվում են օրենսգրքով սահմանված գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաեւ գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները: Հայտարարագրերի ձեւերը (էլեկտրոնային ձեւերը) եւ ներկայացման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ թեկնածուներն իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիրը ներկայացնում են այլ մարմին՝ ընտրական հանձնաժողով, իսկ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները՝ մեկ այլ մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ընդ որում, հայտարարագրերը ներկայացվում են տարբեր մարմինների կողմից հաստատված հայտարարագրերի ձեւաչափով եւ ներկայացման կարգին համապատասխան: Այս առումով,  գտնում ենք, որ անհրաժեշտ է միասնականացնել հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ կարգավորումները:

Այդուհանդերձ, միասնականացնելու դեպքում գտնում ենք, որ նպատակահարմար չէ նույն ծավալի տեղեկատվություն հայտարարագրերը, այդ տեղեկատվությունը հրապարակելը եւ առավել եւս, դրա նույն պատասխանատվության սահմանումը: Թեկնածուների դեպքում հայտարարագրում սխալ, կամ կեղծ, կամ ոչ ամբողջական տեղեկատվության ներկայացումը չպետք է առաջացնի վարչական կամ քրեական պատասխանատվություն: Առավել նպատակահարմար է թեկնածուի գրանցումը տվյալ հիմքերով մերժել:

40. Նախագծի 21-րդ հոդվածով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի նոր խմբագրությամբ ամրագրվող կարգավորումներով սահմանվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մի շարք հավելյալ լիազորություններ, ինչը դուրս է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից եւ չի պահպանում Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

41. Նախագծի 22-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել, որ կուսակցության գործունեության «կասեցման ժամանակահատվածում կուսակցությունը չի կարող իրականացնել որեւէ գործունեություն ... բացառությամբ ... ինչպես նաեւ այն գործողությունների, որոնք անհրաժեշտ են կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացնելու եւ կուսակցության` որպես իրավաբանական անձի բնականոն գործունեությունն ապահովելու համար»: Մինչդեռ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածով առաջարկվում է վերացնել ընտրական հանձնաժողովի՝ մերժում է ընտրական ցուցակի գրանցումը մերժելու պահանջը այն դեպքում, երբ կուսակցության գործունեությունը կասեցվել է, ինչը փաստացի հակասության մեջ է մտնում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում առաջարկվող կարգավորումների հետ, քանի որ փաստացի հնարավորություն է ընձեռնվում  գործունեությունը կասեցված կուսակցությանը ընտրական ցուցակներում գրանցվելու, ինչը ինքնին կուսակցության՝ որպես իրավաբանական անձի բնականոն գործունեությունն ապահովելու հետ առնչություն չունեցող գործունեություն է:

42. Նախագծի 22-րդ հոդվածի 7-րդ մասով առաջարկվում է Օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ արդյունքում նախատեսելով, որ կասեցման ժամանակահատվածում կուսակցությունը չի կարող իրականացնել որեւէ գործունեություն, այդ թվում՝ ստանալ նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված որեւէ նվիրատվություն, բացառությամբ անդամավճարներ հավաքելու, պայմանագրային, այդ թվում՝ աշխատանքային պարտավորությունները կատարելու, հարկերը, տուրքերը եւ այլ պարտադիր վճարներ վճարելու հետ կապված գործողությունների, ինչպես նաեւ այն գործողությունների, որոնք անհրաժեշտ են կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացնելու եւ կուսակցության՝ որպես իրավաբանական անձի բնականոն գործունեությունն ապահովելու համար:

Այս առումով հարկ ենք համարում նշել, որ համանման կարգավորում առկա է նաեւ Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում: Ուստի, կրկնություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք վերանայել նշված երկու կարգավորումները:

43. Նախագծի 22-րդ հոդվածում առաջարկվում է սահմանել, որ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների գործունեությունը չի կարող կասեցվել՝ մինչեւ տվյալ գումարման Ազգային ժողովի լիազորությունների դադարման՝ օրենքով սահմանված օրը: Այս առումով հարկ ենք համարում նշել, որ առաջարկվող կարգավորումը համադրելի չէ Սահմանադրության 8-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, որի համաձայն՝ կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ եւ 46-րդ հոդվածի 4-րդ մասի հետ, որի համաձայն՝ օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ, քանի որ Սահմանադրությամբ օրենսդրին իրավասություն է  տրվել սահմանելու կուսակցության գործունեության կասեցման դեպքերը, մինչդեռ Նախագծով օրենսդիրը դուրս է գալիս սոսկ դեպքերը սահմանելու իր լիազորությունների ծավալից եւ ամրագրում է նաեւ կասեցման ենթակա կուսակցությունների շրջանակը՝ տարանջատելով Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունները մնացած կուսակցություններից: Հեղինակների կողմից առաջարկվող կարգավորումները՝ որպես Ազգային ժողովում ներկայացված կուսացկությունների գործունեության երաշխիք դիտարկելու դեպքում հարկ ենք համարում ընդգծել, որ դրա անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Սահմանադրությամբ արդեն իսկ ամրագրված են անհրաժեշտ երաշխիքները առ այն, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ միայն կարող է կասեցվել կուսակցության գործունեությունը:

44. Նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ կետով օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի արդյունքում կուսակցության կողմից օրենքի կոպիտ խախտում է համարվելու կուսակցության կողմից  օրենքով չթույլատրված կամ օրենքով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետում պետական բյուջե կամ նվիրատունին փոխանցելու  կամ կուսակցության տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով հրապարակելու կամ պետական լիազոր մարմնին ներկայացնելու կամ  օրենքով սահմանված՝ տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրելու օրենքով սահմանված կարգը դիտավորությամբ խախտելը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկվելուց եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ գրավոր նախազգուշացվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, խախտումը չվերացնելը կամ (…), որտեղ պարզ չէ, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ինչ լիազորություն կարող է ունենալ կուսակցության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ, որպեսզի վերջինիս նախազգուշացնի, առավել եւս, եթե կուսակցության գործուեությունը կասեցնելու լիազորությունը Սահմանադրությամբ վերապահված է Սահմանադրական դատարանին?

45. Նախագծի 22-րդ հոդվածի 9-րդ մասով առաջարկվում է Օրենքի 32-րդ հոդվածում լրացնել նոր 11-րդ մաս, արդյունքում նախատեսելով, որ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների գործունեությունը չի կարող կասեցվել՝ մինչեւ տվյալ գումարման Ազգային ժողովի լիազորությունների դադարման՝ օրենքով սահմանված օրը:

Այս առումով առաջարկում ենք աշխատանքային քննարկման տրամաբանությամբ վերանայել նշված կարգավորումը:

Միեւնույն ժամանակ, տվյալ պարագայում առաջարկում ենք քննարկել նաեւ այն դեպքերը, երբ կուսակցության կողմից կարող է թույլ տրվել օրենքի այնպիսի կոպիտ խախտումներ, որոնց պարագայում կասեցումը կարող է անհրաժեշտ լինել:

46. Նախագծի 24-րդ հոդվածի 3-րդ մասում Օրենքի կրճատ անվանման հիշատակումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, այն է՝ սահմանադրական օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են սահմանադրական օրենքի վերնագիրը, «սահմանադրական օրենք» բառերը: Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ Նախագծի 24-րդ հոդվածի 6-րդ եւ 10-րդ մասերում, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի  2-րդ եւ 3-րդ հոդվածներով ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ եւ 314.3-րդ հոդվածներում կատարվող փոփոխությունների տեքստերում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխության տեքստում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  7-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր՝ 189.22-րդ հոդվածում նախատեսված «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի կրճատ անվանման հիշատակումներին:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ.

Ներկայացված օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 7-րդ կետում նշված «ժամանակահատվածում» բառն առաջարկում ենք փոխարինել «ժամանակահատվածը» բառով:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ.

Ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.

1. Նախագծի վերնագրում օրենսգրքի կրճատ անվանման հիշատակումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված կարգավորմանը, այն է՝ սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը:

2. Նախագծի 1-ին հոդվածում  օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:

3. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները՝ Նախագծի 1-ին հոդվածի մասերի համարներն անհրաժեշտ է տեքստից առանձնացնել միջակետերով:

4. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 86-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետից հանել «կասեցվել կամ» բառերը՝ արդյունքում նախատեսելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը, եթե` կուսակցության գործունեությունը արգելվել է:

Այս առումով նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ կասեցման ժամանակահատվածում կուսակցությանն արգելվում է իրականացնել ցանկացած գործունեություն՝ կարծում ենք, որ նման իրավակարգավորման նախատեսումը խնդրահարույց է եւ չի բխում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում նախատեսված կարգավորումների տրամաբանությունից:

Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ Օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներով առաջարկվող համանման այլ  կարգավորումներին:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Ներկայացված նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել համապատասխանաբար՝ կուսակցություն  ապօրինի նվիրատվություն ներգրավելու եւ կուսակցություն  խոշոր չափով ապօրինի նվիրատվություն ներգրավելու համար: Այս առումով հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 15-րդ հոդվածով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածում կատարով փոփոխությունների համաձայն՝ կուսակցությունը ուղղակի պարտականություն է կրում օրենքով սահմանված չափը գերազանցող նվիրատվություն ստանալու դեպքում երկու շաբաթվա ընթացքում, նվիրատվությունը կամ նվիրատվության սահմանված չափը գերազանցող մասին համարժեք դրամական գումարը վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցել պետական բյուջե: Գտնում ենք, որ առավել նպատակահարմար է սահմանել պատասխանատվություն վերոնշյալ գործողությունները կատարելու պահանջը չիրականացնելուց հետո միայն:

2. Նախագծի 1-ին հոդվածում նշված «161.1-րդ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «161.1-ին» բառերով:

3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր 161.1-ին հոդվածով, նախատեսելով որ՝

1. Կուսակցությանը անդամագրվելուն կամ անդամությունը դադարեցնելուն հարկադրելը կամ խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) երկու եւ ավելի անձանց նկատմամբ,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Այս առումով հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագիծն արդեն իսկ դրվել է շրջանառության մեջ եւ վերջինս նույնպես պատասխանատվություն է սահմանում կուսակցությանն անդամագրվելուն կամ անդամությունը դադարեցնելուն հարկադրելու կամ խոչընդոտելու համար, ընդ որում՝ համապատասխան հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով` տասնապատիկից քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը ութսուն ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, իսկ երկրորդ մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով` քսանապատիկից երեսնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Այս համատեքստում առաջարկում ենք ներկայացված Նախագծով նախատեսված հանցակազմի սանկցիան հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագծի համապատասխան հոդվածով նախատեսված սանկցիային՝ հետագայում ընդգծված անհամապատասխանություններից խուսափելու նպատակով:

Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող նոր 161.1-ին հոդածի 2-րդ մասում արարքը մի խումբ անձանց կողմից կատարելը առաջարկում ենք նախատեսել որպես ծանրացնող հանգամանք:

Միեւնույն ժամանակ, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը (ըստ հաջորդականության) լրացնել նոր 161.4-րդ հոդվածով: Այս առումով հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով եւս պատասխանատվություն է սահմանված կուսակցությանը նվիրատվություն կատարելուն հարկադրելու համար, ընդ որում՝ համապատասխան հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը պատժվում է՝ տուգանքով՝ տասնապատիկից քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը ութսուն ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, իսկ երկրորդ մասով նախատեսված արարքը՝ պատժվում է տուգանքով քսանապատիկից երեսնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով,  կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Ըստ այդմ՝ առաջարկում ենք ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 161.4-րդ հոդվածում նախատեսված սանկցիան համապատասխանեցնել ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի համապատասխան հոդվածում նախատեսված արարքի սանկցիային:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է նաեւ ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր 161.2-րդ եւ 161.3-րդ հոդվածներով, այն է՝ կուսակցություն խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելը, կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը կամ օրենքով սահմանված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափով շրջանցելը: Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով պատասխանատվություն է սահմանվում համապատասխանաբար կուսակցության պաշտոնատար անձի կողմից ապօրինի ֆինանսավորում ներգրավելու, կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը շրջանցելու համար: Այս համատեքստում առաջարկվում է դիտարկել նշված Նախագծով լրացվող հոդվածների համապատասխանեցումը ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի համապատասխան հոդվածներին:

4. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ Նախագծով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող նոր հոդվածներն անհրաժեշտ է համարակալել ըստ հաջորդականության:
 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետու-թյան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

2. Նախագծի 1-ին հոդվածում «37-րդ հոդվածի 5-րդ մասում» բառերն անհրաժեշտ է վերանայել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածում 5-րդ «մաս» առկա չէ:

3. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 189.15-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվում է «նվիրատու ֆիզիկական անձ» ձեւակերպումը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասում՝ «ֆիզիկական անձ» ձեւակերպումը:

Այս առումով հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ անհրաժեշտ է Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 189.15-րդ հոդվածում նույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը, տերմինները, բառակապակցությունները:

4. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 189.19-րդ հոդվածով՝ այն է՝ նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը կամ օրենքով սահմանված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը այլ անձանց կողմից նվիրատվություն ձեւակերպելու եղանակով շրջանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում իրական նվիրատուի կամ նրա պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, իսկ նվիրատվությունը փոխանցող անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Նույն հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է սահմանում նույն խախտման համար, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Այս առումով հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր 189.19-րդ հոդվածում հստակեցման կարիք ունի «իրական նվիրատու կամ նրա պաշտոնատար անձ» ձեւակերպումը:

Վերոգրյալի համատեքստում հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Սահմանադրական դատարանը իր մի շարք որոշումներում անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, նշել է, որ՝

- «....օրենքը պետք է համապատասխանի նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res jսdicata) սկզբունքին, այսինքն՝ ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը:» (ՍԴՈ-630),

- «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաեւ իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում? Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք էհնարավորություն ունենան կանխատեսել այն հետեւանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:» (ՍԴՈ-753),

-  «....իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության.» (ՍԴՈ-1176):

5. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ սույն օրենքի 2-րդ, 6-րդ եւ 8-9-րդ հոդվածներն ուժի են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ սույն օրենքի 8-9-րդ հոդվածների ուժի մեջ մտնելը սույն օրենքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Տվյալ պարագայում հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել «սույն օրենքով նախատեսված վարչական իրավախախտումներ» ձեւակերպումը:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծի 1-ին հոդվածից անհրաժեշտ է հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հաշվի առնելով, որ ներկայացված Նախագծում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող 40.1-ին հոդվածի 2-րդ մասը սահմանում է դրույթ առ այն, որ եթե կուսակցության հաշվետվության ստուգման արդյունքում Հանձնաժողովը պարզում է, որ հաշվետվության մեջ առկա են անճշտություններ կամ ոչ լիարժեք տվյալներ, կուսակցությանը տրամադրում է ողջամիտ ժամկետ՝ դրանց վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու եւ դրանք շտկելու նպատակով:

Տվյալ պարագայում հարկ ենք համարում նշել, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում կիրառվում է «տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական» եզրույթը, ուստի, առաջարկում ենք «հաշվետվության մեջ առկա են անճշտություններ կամ ոչ լիարժեք տվյալներ» բառերը փոխարինել «հաշվետվության մեջ առկա են սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ» բառերով:

2. Միաժամանակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հայտնաբերված  թերությունները շտկելու համար կուսակցությանը ողջամիտ ժամկետ տրամադրելու դրույթի վերաբերյալ հարկ է նշել, որ հոդվածի տարբեր մասերի նորմերի համադրությունից բխում է, որ սահմանված ժամկետում դիրքորոշում չտրամադրելու եւ անճշտությունները չշտկելու դեպքում հաշվետվության համապատասխանությունը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջներին կարող է  չհիմնավորվել, ինչի արդյունքում եւ կարող է հարուցվել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ: Այս պարագայում «ողջամիտ ժամկետ» եզրույթը իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է եւ կարող է հանգեցնել չարաշահումների, քանի որ գործնականում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ Հանձնաժողովի կողմից նույն խախտման համար տարբեր կուսակցությունների տրամադրվեն տարբեր ժամկետներ, եւ դրա արդյունքում հարուցվեն վարույթներ: Բացի այդ, 6-րդ մասով սահմանված կարգավորումն առ այն, որ հաշվետվության համապատասխանությունը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջներին չհիմնավորվելու եւ հաշվետվության ստուգման արդյունքում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը կարող է հարուցել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ եւս չարաշահումների տեղիք է տալու: Վերոգրյալից ելնելով՝ առաջարկում ենք հոդվածի խնդրո առարկա դրույթները լրամշակել՝ բացառելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վարչական վարույթ հարուցելու լիազորության հայեցողական դրսեւորումը:

Միաժամանակ, տվյալ հոդվածի 5-րդ մասը եւս առաջարկում ենք խմբագրել՝ հաշվի առնելով նույն օրենքի 25-րդ հոդվածի 2.1-րդ մասի դրույթները, որոնց համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկությունները ստանում է Կենտրոնական բանկ ուղղված հարցման միջոցով, իսկ «հաշվի շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն» ձեւակերպման փոխարեն օգտագործել «հաշվի համախառն մուտքի եւ համախառն ելքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն» ձեւակերպումը:

Ընդ որում, կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման գործընթացում վարկային բյուրոներից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն ստանալն ապահովելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան լրացում կատարել նաեւ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

3. Նախագծի 7-րդ հոդվածով լրացվող 40.3-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է հետեւյալը.

«Սույն օրենքով եւ «Կուսակցությունների մասին» օրենքի սահմանած պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը կարող է հարուցել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:»:

Տվյալ նորմի վերլուծությունից բացարձակապես հայտնի չի դառնում, թե խոսքն ինչ խախտումների մասին է, որոնց պարագայում Հանձնաժողովը կարող է հարուցել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ, ուստի, առաջարկում ենք դրույթը խմբագրել՝ առնվազն սահմանելով համապատասխան կարգավորումների հղումներ:

4. Հայտարարագիր ներկայացնելու պարտականության սահմանման առնչությամբ հարկ է նշել, որ Նախագծի ամբողջ տեքստում կիրառվում է «կուսակցության ղեկավար մարմնի անդամների կողմից ներկայացվող՝ գույքի  եւ եկամուտների հայտարարագիր» եզրույթը, այնինչ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանվում է, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն են կրում Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ  մարմնի անդամները: Ընդ որում, Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է կուսակցության ղեկավար մարմնի անդամների կողմից ներկայացվող՝ գույքի եւ  եկամուտների տարեկան հայտարարագրի ձեւանմուշը, մինչդեռ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի 20-րդ հոդվածով լրացվող 28.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն ուսակցության հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնը ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաեւ տարեկան հայտարարագրեր: Վերոգրյալի համատեքստում, անհրաժեշտ է Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսել նաեւ պաշտոնը ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրի ձեւանմուշի սահմանման վերաբերյալ դրույթ:

Միեւնույն ժամանակ, նախագծերի անցումային դրույթներից պարզ չէ, թե կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ  մարմնի անդամները երբ են առաջին անգամ ներկայացնելու գույքի եւ եկամուտների հայտարարագիր:
 
 

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ