ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-735-16.09.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 134-րդ հոդվածի 1-ին մասից հանել «տվյալ դատարանում» բառերը՝ արդյունքում նախատեսելով, որ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը կազմում և Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում տվյալ պալատի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել տվյալ պալատի նախագահի պաշտոնում և Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն: 

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ 2020 թվականի մարտի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքով (ՀՕ-197-Ն) հավանաբար տեխնիկական վրիպակի պատճառով վճռաբեկ դատարանի պալատի նախագահներին վերաբերվող այս հարցը դուրս է մնացել միասնականացման գործընթացից, ինչը խնդիրներ է առաջացնում:

Նախագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ Նախագծի նպատակը առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի նախագահի, ինչպես նաև վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման կարգի գործընթացի միասնականության ապահովումն է: 

Գտնում ենք, որ նախագծի հիմնավորումներով բարձրացված խնդիրները հնարավոր է լուծել առանց Օրենքի 134-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչելու՝ միաժամանակ ապահովելով նախագծի հիմնավորմամբ շեշտադրված՝ առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի նախագահի, ինչպես նաև վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման կարգի գործընթացի միասնականությունը:

Այս համատեքստում հարկ է նշել, որ Օրենքի 121-րդ հոդվածի 2-րդ մասը առաջին ատյանի դատարանի դատարանի նախագահի նշանակման կարգի առումով ամրագրում է. «2. Դատավորի՝ ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն ունեցող դատավորների թիվը երեքից պակաս լինելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը կազմելիս դատավորի՝ առնվազն երեք տարվա փորձառություն ունենալու պահանջը չի կիրառվում:»: Համաձայն նույն օրենքի 130-րդ հոդվածի՝ Վերաքննիչ դատարանի նախագահի նշանակման նկատմամբ կիրառվում է նույն՝ առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման կարգը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, որ Օրենքի 134-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող փոփոխությանը համահունչ անհրաժեշտ է պարզապես նույն հոդվածի 2-րդ մասում «Վճռաբեկ դատարանում դատավորի» բառերը փոխարինել «Դատավորի՝» բառերով, իսկ «Վճռաբեկ դատարանում» բառերը հանել: Սույն առաջարկությունը հիմնավորվում է նաև նրանով, որ հակառակ պարագայում վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման առումով կարող է ստեղծվել իրավական խնդիր հնարավոր այն դեպքում, երբ ենթադրենք վճռաբեկ դատարանի պալատում բոլոր դատավորները նշանակված լինեն Օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով և չունենան դատավորի՝ երեք տարվա փորձառություն:

2. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ՝ անհրաժեշտ է Նախագծի վերնագիրը համապատասխանեցնել Նախագծով առաջարկվող կարգավորումների բովանդակությանը:

3. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ և 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածում նշել սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը` նշելով օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը և «սահմանադրական օրենք» բառերը:      

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ